Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐՋԱՊԵՍ ԲԵՄԱԴՐՎՈՒՄ Է ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԲԱԼԵՏ

Փետրվար 21,2008 00:00

Այդ առիթով ԱՄՆ-ից Հայաստան է հրավիրվել ճանաչված խորեոգրաֆ Ռուդոլֆ Խառատյանը

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում մարտի 28-29-ին կկայանան Էդ. Հովհաննիսյանի Երրորդ սիմֆոնիայի երաժշտությամբ «Վարդանանք» եւ աշխարհահռչակ Պիացոլայի տանգոների հիման վրա բեմադրած մեկական գործողությամբ բալետների պրեմիերաները:

Բեմադրություններն իրականացնելու համար մշակույթի նախարարության հրավերով փետրվարի սկզբից հայրենիքում է ամերիկաբնակ ՀՀ վաստակավոր արտիստ, խորեոգրաֆ Ռուդոլֆ Խառատյանը: Զարմանալի մի փաստ չենք կարող չարձանագրել. հրավիրել են ճանաչված խորեոգրաֆին ու մատնել երկշաբաթյա պարապուրդի, որովհետեւ փետրվարի 21-ից երկու շաբաթով թատրոնի բալետային խումբը մեկնում է շրջագայության:

Հիշեցնենք, որ Ռ. Խառատյանը որպես մենապարող 1966-86թթ. հանդես է եկել ազգային օպերային թատրոնում, մարմնավորելով ինչպես հայկական, այնպես էլ արեւմուտքի կոմպոզիտորների հայտնի բալետային կերպարներ:

Ռ. Խառատյանը 1994-ից վերջնականապես հաստատվելով ԱՄՆ-ում, միայն երեք տարի առաջ իր «Արքա բալետ» խմբով ներկայացավ հայաստանցի հանդիսականին:

Անվանի արտիստը երեկ «Առավոտին» տեղեկացրեց, որ 1986-ից ժամանակ առ ժամանակ հրավիրվել է Կանադայի «Le ballet classic de Montreal» բալետի թատրոն, իսկ 1994-ից մինչեւ 2007-ը հիմնավորվել «Վաշինգթոնյան բալետում»: «1990թ. Գորբաչով-Բուշ հանդիպումից հետո վերջինս խնդրել էր հենց Վաշինգթոնում հիմնել դասական բալետի դպրոց, որի ղեկավարի միակ թեկնածուն էր Սանկտ Պետերբուրգի Կիրովի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի բալետմայստեր Օլեգ Վինոգրադովը: Նա սկսեց իր թիմը հավաքել. երեքը Կիրովի անվան թատրոնից էին, հրավիրեց նաեւ ինձ, քանի որ նա ինձ ճանաչում էր դեռ Սանկտ Պետերբուրգի Վագանովայի բալետի ակադեմիայում ուսանելու տարիներից: Այսպես սկսվեց իմ վաշինգթոնյան շրջանը: Դասեր էի տալիս, բեմադրություններ իրականացնում, ողջ Ամերիկայում շրջում էի՝ անցկացնելով բարձրագույն դասընթացներ եւ այլն: Այս ամենը տեւեց մինչեւ 2007թ., շուրջ 13 տարի: Հիմա դարձյալ համագործակցում եմ հիշյալ բալետային խմբի հետ, սակայն Վաշինգթոնում վերջերս հիմնեցի «CD- dance» խումբը»,- ամերիկյան իր գործունեությունը սեղմ ներկայացրեց Ռ. Խառատյանը: Վերջինս հայտնեց նաեւ, որ սպասվելիք պրեմիերաներին հայ հանդիսատեսը առաջին անգամ ակնդիրը կլինի ժամանակակից բալետային ներկայացման, հանձին Պիացոլայի տանգոների վրա իրականացվող բեմադրության: Արվեստագետից հետաքրքրվեցինք՝ ո՞րն է ժամանակակից եւ մոդեռն բալետների տարբերությունը: Ըստ մեր զրուցակցի, տարբերությունը մեծ է. եթե դասական բալետը կառուցվում է հոգու, զգացողական աշխարհի վրա ու կապվում երկնայինի հետ, ապա մոդեռնը ավելի երկրային է: Նրա խոսքով, ժամանակակից բալետի հիմքում դասականն է, բայց օգտագործվում են ժամանակակից պարերի (հիփ-հոփից մինչեւ ռեպ) էլեմենտներ: Դիտարկմանը, թե այսօր հանրապետությունում ունենք անվանի խորեոգրաֆներ՝ Մաքսիմ Մարտիրոսյան, Վիլեն Գալստյան, սակայն մեր թատրոնի բալետային խաղացանկը աղքատիկ է, իսկ ժամանակակից բեմադրություններ ընդհանրապես չկան, Ռ. Խառատյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, թե ինչու ձեր կողմից հիշատակված անվանի խորեոգրաֆները բեմադրություններ չեն իրականացնում, սակայն պետք է նշեմ, որ արեւմուտքում պետությունը ընդհանրապես ոչ մի դրամ չի հատկացնում այս կամ այն ներկայացման բեմադրությանը: Ցանկացած թատրոն ունի, եթե հայերեն թարգմանենք՝ իր դրամահավաքները, որոնք ոչ թե մուրում են, այլ բացատրական աշխատանքներ տանելով ինչպես մեծահարուստների, այնպես էլ հայտնի կորպորացիաների շրջանում, ապահովում նոր բեմադրության ֆինանսական ծախսերը»:

Ռուդոլֆ Խառատյանը հայտնեց, որ խորհրդային տարիներին հայկական բալետին զիջող Թբիլիսիի օպերայի եւ բալետի թատրոնի բալետային խումբը, արդեն երկրորդ տարին է՝ մեծ պահանջարկ ունի Ամերիկայում. «Հայաստանում ծնվում են բալետի արտիստներ, բայց եթե ուղղություն չտաս, կունենանք այն, ինչը ունենք հիմա: Արեւմուտքում մերոնց որպես «մատերիալ» են դիտում ու մտածում, որ նրանց հետ միայն աշխատանք կատարելուց հետո կարելի է հասնել ցանկալի արդյունքի: Այնպես որ, միայն գումարի խնդիրը չէ, հարցերը շատ ավելի խորն են: Ինչ վերաբերում է իմ աշխատանքներին Երեւանի օպերային թատրոնում, եկել եմ ավելի շատ տեղեկացնելու այն, ինչը այսօր արժեք ունի արեւմուտքում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել