Երեկ «Առավոտի» հետ զրույցում Հայաստանի առաջադիմական կուսակցության (ՀԱԿ) նախագահ Տիգրան Ուրիխանյանը հերքեց լուրերը, թե ինքը փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի սանիկն է, ինչի պատճառով էլ վայելում է իշխանության բարեհաճությունը:
Ու իբրեւ ասվածի ապացույց՝ մատնանշեց, որ «պատասխանատու» լրատվամիջոցներն արդեն տեւական ժամանակ չեն լուսաբանում ՀԱԿ-ի գործունեությունը: Նույնիսկ մի քանի ոչ իշխանահաճո տեսակետ արտահայտեց:
2003-ին նախագահական նստավայրում նախաձեռնվեց գործընթաց, որը նպատակ ուներ ստեղծել կառույց, որը համարյա այն էր, ինչն այսօր անվանում են հասարակական պալատ կամ հանրային խորհուրդ: Դրա նախաձեռնողն այն ժամանակ ՀՀ նախագահի խորհրդական Ռազմիկ Դավոյանն էր: Որոշակի աշխատանք ծավալվեց հասարակական կազմակերպությունների հետ, սակայն, երբ Ռազմիկ Դավոյանն ազատվեց աշխատանքից՝ գործընթացը կանգ առավ: ՀԱԿ նախագահը, ով այն ժամանակ, իբրեւ հասարակական կառույցի ղեկավար, ընդգրկված է եղել այդ աշխատանքներում, այսօր էլ չի գտնում սկսված աշխատանքը կիսատ թողնելու պատճառները. «Մարդկանց տրվել էին խոստումներ, գրեթե ձեւավորված էր հանրային կարեւորություն ունեցող խնդիրները վերամշակող, այսպես ասած, ընդունարանը՝ մինչ դրանք պետական կառույցներին հասցեագրումը եւ այլն: Բայց երբ բարձրաձայնեցի այս հարցերը՝ որեւէ պատասխան չստացա իմ գործընկերներից, ովքեր բավականին աչքի ընկնող գործիչներ եւ հ/կ-ների ղեկավարներ են»: Տ. Ուրիխանյանն ասում է, որ այն ժամանակվա նախաձեռնության եւ այժմ շրջանառվող հասարակական պալատի գաղափարի միակ տարբերությունն այն է, որ այժմ նաեւ քաղաքական ուժերին է առաջարկվում մասնակցություն: Սակայն «դեռ հարց է՝ դա դրակա՞ն, թե՝ բացասակա՞ն գաղափար է, որովհետեւ հասարակական կառույցի գերակշռող մասը պետք է հասարակական կազմակերպություններ լինեն»: ՀԱԿ-ը երկու ձեռքով կողմ է արտահայտվում այս նախաձեռնությանը: Ավելին, ԶԼՄ-ներից տեղեկանալով նախաձեռնության մասին՝ անմիջապես զանգել են համապատասխան հեռախոսահամարով, բայց առայժմ որեւէ արձագանք չեն ստացել: «Ես մի բան գիտեմ, որ հանրային խորհրդի կամ հասարակական պալատի գոյության եւ գործունեության մասին ոչինչ չգիտեմ: Բայց ցավը հենց դրանում է, որովհետեւ կա մի կուսակցություն, որն ուզում է իր մասնակցությունն ու դերակատարումն ունենալ, բայց… Մինչդեռ նախաձեռնողները ներկայացնում են այնպես, որ՝ գործ ենք սկսում, ովքեր ցանկանում են՝ կարող են դրան մասնակցել: Ես ցանկանում եմ, բայց ո՞նց»,- հարցնում է իշխանամետ ընկալվող երիտասարդ գործիչը: «Առավոտի» հարցին՝ դրանից ի՞նչ հետեւություններ եք անում, Տ. Ուրիխանյանն ասում է. «Եթե ասեմ ոչինչ չկա՝ սուտ կլինի, փաստն այն է, որ այս խնդիրն իրականում գուցե կարեւորություն չունի կամ միայն դեմագոգիկ բնույթի կարեւորություն ունի»: Իր ցանկությունը հետեւյալն է. «Ես շատ կցանկանայի, որ այդ կառույցում գերակշռող մասով ներկայացված լիներ արմատական ընդդիմությունը, Լեւոն Տեր-Պետրոսյանը ղեկավարեր այդ կառույցը: Կառույցում լինելու դեպքում ես պատրաստ եմ հանրային խորհրդի կամ պալատի դռնապահի կամ սեւագործ աշխատանքները կատարել: Միայն թե՝ կառույցը ստեղծվի, որովհետեւ դա այն ուժն է, որը ճնշելու է պետական մարմիններին»: Դիտարկմանը, որ դա հասարակական կառույց է եւ առանձնապես լծակներ չի կարող ունենալ՝ հակադարձում է. «Քաղաքակիրթ երկրները բացարձակապես ոչ մի լիազորություն չունեցող արհմիությունների ճնշման ներքո են: Մեզ մոտ պիտի ստեղծվի այդպիսի պալատ: Եթե ստեղծվի, այնտեղ լինեն հատկապես արմատական ընդդիմադիրները, մեզ նման ցենտրիստները, ովքեր կարեւորում են հասարակության կարծիքը, հասարակական հնչեղությունը, հանրային կամքի արտահայտությունը, եւ եթե այդ կամքը դրվի որպես պահանջ եւ պարտադրանք՝ օրենքի եւ իշխանությունների առջեւ, դա կարող է դառնալ ռեալ ուժ եւ հասարակության ձեռքին մեծ գործիք»:


















































