Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՆԿԻՆ ՆԵՐՔԱՇԵԼ ԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄԵ՞Ջ

Հունիս 10,2008 00:00

Անկախ այն բանից, որ «Հայէկոնոմբանկը» զուտ ֆինանսական կառույց է, վերջին շրջանում բանկի գործունեությունը քաղաքականացվում է:

\"\"«Սիլ Կոնցեռնի» հիմնադիր-նախագահ Խաչատուր Սուքիասյանի՝ բանկի բաժնետեր լինելու հանգամանքը որոշ մարդկանց կողմից շահարկվեց այն աստիճան, որ սկսեցին լուրեր շրջանառվել, թե միջազգային տարբեր կառույցներ բանկի միջոցով խոշոր գործարքներ են իրականացրել, մասնավորապես՝ միլիարդավոր դոլարներ են փոխանցվել, որոնք հետընտրական շրջանում օգտագործվել են քաղաքական նպատակներով։ Թե իրականում ինչ կապ ունի բանկի գործունեությունը ընտրական գործընթացների քաղաքականության հետ ընդհանրապես, «Հայէկոնոմբանկի» վարչության նախագահ Դավիթ Սուքիասյանն «Առավոտին» պարզաբանեց. «Նման բան պարզապես չի կարող լինել, քանի որ Հայաստանի առեւտրային բանկերը, այդ թվում նաեւ մեր բանկը, վերահսկվում են Կենտրոնական բանկի կողմից: Իսկ հատկապես վերջին մի քանի ամիսներին ԿԲ-ն մեր բանկի նկատմամբ վերահսկողությունն ավելի է ուժեղացրել: Ավելի հաճախակի են պահանջում հաշվետվություններ ներկայացնել ու այնքան մանրամասն, որ մեր բոլոր հաճախորդներին նրանք երեւի արդեն ճանաչում են անունով: Եվ եթե դրամի անօրինական հոսքեր լինեին, միանշանակ հասկանալի է, որ ամեն ինչ ընդամենը 1-2 օրվա մեջ անմիջապես կբացահայտվեր ու հարցն էլ այլ ընթացք կստանար: Կենտրոնական բանկ ներկայացված հաշվետվությունների մեջ էլ որեւէ անգամ խախտում չի հայտնաբերվել»:

Դ. Սուքիասյանի հավաստմամբ, իրենք իսկապես աշխատում են միջազգային կառույցների հետ, սակայն դրանք ոչ թե քաղաքական կազմակերպություններ են, այլ խոշոր կոմերցիոն բանկեր: Նրա խոսքերով. «Վերջին խոշոր գումարը, որ ներգրավել ենք դրսից, դա 15 միլիոն դոլարի սինդիկացված վարկն է եղել, որը Հայաստանում փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման նպատակով տրամադրվել է համաշխարհային ճանաչում ունեցող 6 խոշոր բանկերի կողմից: Սակայն հասկանալի է, որ նման գործարքները քաղաքականության հետ ընդհանրապես կապ չունեն»: Իսկ բոլոր տիպի խոսակցություններն, ըստ Դ. Սուքիասյանի, անհիմն են: Դ. Սուքիասյանի տեղեկացմամբ, բացի սինդիկացված վարկից, Սեւծովյան բանկը «Հայէկոնոմբանկին» տրամադրել է 5 միլիոն դոլար, ինչը, ըստ նրա, իրենց թափանցիկ աշխատանքի եւ բանկի հանդեպ վստահության արդյունք է:

«Առավոտի» հարցին, թե այն ժամանակաշրջանում, երբ մաքսային ու հարկային մարմինները «ռեկետ» էին անում «Պարես Արմենիան», «Բջնին», «Ադիդասը» կամ Սուքիասյանների ընտանիքին պատկանող այլ ընկերություններ, եղա՞ն հաճախորդներ, որոնք իրենց բանկային հաշիվները տեղափոխեցին այլ բանկեր, պարոն Սուքիասյանը պատասխանեց. «Մեկ-երկու դեպք տեղի ունեցավ հունվար ամսին, եւ դա ոչ թե բանկի հանդեպ անվստահության դրսեւորում էր, այլ մեր հաճախորդներն իրենց հաշիվները տեղափոխում էին այս կամ այն անձի ցուցումով: Սակայն այդ նույն հաճախորդները կարճ ժամանակ անց նորից վերադարձան եւ արդեն ապրիլ-մայիս ամիսներին մենք միայն տեղական հաճախորդների շնորհիվ ունեցանք 5-6 միլիարդ դրամ ակտիվների աճ»: Ըստ Դ. Սուքիասյանի, պարզապես որոշ պետական պաշտոնյաներ չէին ցանկանում, որ փայատերերը եկամուտ ստանան եւ փորձել են այսկերպ խոչընդոտել բանկի գործունեությանը: «Առավոտի» այն հարցին, թե ինչի՞ հետ էր կապված որոշ ժամանակ բանկի կողմից հիփոթեքային վարկավորման դադարեցումը, պարոն Սուքիասյանը պատասխանեց. «Ոչ մի վարկատեսակի տրամադրում մեր բանկում չի դադարեցվել, ընդամենը որոշ ժամանակ զսպողական քաղաքականություն ենք վարել: Դա կապված էր այն բանի հետ, որ մենք սպասումներ ունեինք՝ կապված նոր սինդիկացված վարկի ստացման հետ: Մենք բավականին մեծ վարկավորում էինք իրականացրել եւ սպասում էինք այդ գումարների մուտքին, սակայն քաղաքական իրադարձությունների հետեւանքով այդ պրոցեսը հետաձգվեց: Հիմա ավելի ակտիվորեն ենք վարկավորում իրականացնում, քան առաջ»:

Ինչ վերաբերում է Խաչատուր Սուքիասյանի քաղաքական գործունեության ազդեցությանը «Հայէկոնոմբանկի» վրա, Դ. Սուքիասյանը նշեց. «Նա հասարակության կողմից շատ սիրված, բանիմաց ու հեռատես քաղաքական եւ տնտեսական գործիչ է: Մենք նրա հետ հանդիպում ենք տարին 3-4 անգամ եւ քննարկում ենք երկրի տնտեսական զարգացումները, ինչն օգնում է մեզ կառուցել մեր ապագա ռազմավարական ծրագրերը»: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ինչքանո՞վ է Խ. Սուքիասյանը առնչվում բանկի գործունեությանը, Դ. Սուքիասյանը նշեց, որ նա բանկի խորհրդի անդամ չէ եւ երբեւիցե չի մասնակցել «Հայէկոնոմբանկի» ընթացիկ կառավարմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել