Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրին Եվրոպա՞ կդառնա

Հունիս 13,2008 00:00

Երեկ Գյումրիում անցկացված արտագնա նիստում կառավարության անդամները մեկը մեկից ճոխ խոստումներ էին տալիս:

«Այսօր մեզ համար պատմական օր է, որովհետեւ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջին անգամ անց է կանցնում արտագնա նիստ: Այսուհետեւ մենք հիմք ենք դնում մի նոր ավանդույթի. եռամսյակը մեկ մեր նիստերը անց ենք կացնելու մարզերում, որպեսզի բացահայտենք մարզերում կուտակված խնդիրները, անելիքներն ու հեռանկարային ծրագրերը»,- երեկ Գյումրիում անցկացված արտագնա նիստի ժամանակ ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Թե ինչու է առաջին արտագնա նիստի անցկացման վայր ընտրվել հենց Գյումրին, ըստ վարչապետի՝ դա պայմանավորված է նրանով, որ Շիրակի մարզում կուտակված խնդիրները բազմազան են, անելիքները՝ շատ: Իսկ Գյումրիում տեղացող հորդառատ անձրեւը Տ. Սարգսյանին միայն լավատեսական ու ռոմանտիկ մտքեր էր ներշնչում. «Այս անձրեւը խորհրդանիշն է նոր սկզբի, որպեսզի մաքրված սկսենք մեր կառավարության առաջին արտագնա նիստը»:

Մեր կառավարության անդամներն՝ անձրեւաջրով մաքրված հոգիներով, մոտ 4 ժամ նիստ անցկացրին, որի ընթացքում գյումրեցիներն անգամ աշխարհի ամենազարգացած երկրների համար անիրատեսական թվացող խոստումներ լսեցին: Իր ղեկավարած ոլորտի պայծառ ապագան ներկայացնելու առաջին հնարավորությունը տրվեց առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին: Նախարարը կառավարության անդամների քննարկմանը ներկայացրեց «Շիրակի մարզի առողջապահության համակարգի 2008-2012 թթ. զարգացման մասին հավանություն տալու նախագիծը» եւ խոստացավ բարեկարգել առողջապահական հիմնարկները, բարձրացնել մարզի բժշկական օգնության որակը եւ մատչելիությունը՝ հատկապես սոցիալապես անապահով մարդկանց համար: Նախարարի ելույթից այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ գյումրեցիներն այսուհետեւ առանց թալանվելու վտանգի՝ կարող են «ռիսկով» բժշկի դիմել: Հ. Քուշկյանը անդրադարձավ նաեւ բուժհիմնարկների օպտիմալացման խնդրին եւ հավաստիացրեց, որ դրա արդյունքում ոչ մեկը չի տուժելու եւ բուժաշխատողներից ոչ մեկը չի կրճատվելու, ընդհակառակը՝ առաջիկայում Գյումրիում բազմապրոֆիլ հիվանդանոց կառուցելու արդյունքում, նոր աշխատատեղեր են ստեղծելու: Ու չնայած օպտիմալացման հետեւանքով մարզի տասնյակ բուժաշխատողներ արդեն իսկ անգործ են մնացել, այնուամենայնիվ, մարզի խնդիրներին քաջատեղյակ պաշտոնյաներից ոչ ոք մի բառ անգամ նախարարի ելույթին հակառակ չծպտաց: Ընդհանրապես, ողջ նիստի ընթացքում հարց տվողներ գրեթե չկային եւ, որպես կանոն, ցանկացած նախագիծ ընդունվում էր «միաձայն»: Դա զարմացրեց նույնիսկ վարչապետին. «Հարցեր, առարկություններ, օպոնենտներ չկա՞ն, էս ի՞նչ համերաշխություն է տիրում»: Գյուղատնտեսության նախարար Արամայիս Գրիգորյանը խոսեց մարզում ճակնդեղագործությունն ու շաքարի արտադրությունը զարգացնելու մասին եւ 2009-ի սեպտեմբերին Ախուրյանում կառուցվող շաքարի գործարանի շնորհիվ խոստացավ վերջ դնել մարզի գործազրկությանը: Ի դեպ, մեր տեղեկություններով, ՀՀ տարածքային կառավարման նորանշանակ նախարար Արմեն Գեւորգյանը հենց այդ գործարանի փայատեր է եւ վերջերս սկսել է հաճախակի այցելել ու անձամբ վերահսկել այնտեղ իրականացվող շինաշխատանքները: Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի պատկերացմամբ էլ, Գյումրին կզարգանա տեխնոպարկի ու օդանավակայանի տարածքում ազատ տնտեսական գոտու ստեղծմամբ: Երբ հերթը հասավ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանին, նա էլ մյուսներից հետ չմնաց ու խոստացավ մինչեւ 2013-ը լուծել շուրջ 7 հազար անօթեւանների բնակարանային խնդիրը: Գյումրին մշակութային, արհեստի ու արվեստի, սպորտային, գիտական ու արդյունաբերական կենտրոն դարձնելուց բացի, վարչապետն ու նախարարները չմոռացան նաեւ քաղաքը բնապահպանական գոտի դարձնել ու խոստացան «Սեւերսկի» թաղամասում անտառ հիմնել: Ըստ Տ. Սարգսյանի, այդ ծրագրերի իրագործումը պետության վրա շուրջ 90 միլիարդ դրամ կարժենա:

Ի դեպ, երբ կառավարության անդամներն ու վարչապետը գյումրեցիներին լավատեսական խոստումներ էին տալիս, բավականին մեծ թվով գյումրեցիներ անձրեւանոցներով կանգնել էին փողոցում ու նամակները ձեռքներին սրտատրոփ սպասում էին վարչապետի հետ հանդիպմանը: Սակայն նրանց ցանկությունն այդպես էլ չիրականացավ, քանի որ կարճ ժամանակ անց ոստիկանների ակտիվ ջանքերով բողոքավորներին տուն ճանապարհեցին, որպեսզի նրանք չհամարձակվեին փչացնել կառավարության անդամների տրամադրությունն ու նիստից հետո նրանց պատվին կազմակերպված կերուխումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել