Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ Է ԱԿՆԿԱԼՎՈՒՄ ԶԵԿՈՒՅՑԻՑ

Սեպտեմբեր 09,2009 00:00 Share

\"\"«Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովի զեկույցից որոշակի ակնկալիքներ ունի համանուն հանրային հանձնախմբի անդամ, ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը:

– «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովը սեպտեմբերի 15-ին ներկայացնելու է իր ավելի քան մեկամյա գործունեության արդյունքը՝ զեկույցը: Ընդդիմությունն արդեն անվստահություն է հայտնել դեռ չհրապարակված փաստաթղթի առնչությամբ: Դրա համար բավարար հիմքեր կա՞ն:

– Ես մեծապես կասկածում եմ, թե Նիկոյանի գլխավորած հանձնաժողովի զեկույցը տալու է «Մարտի 1»-ի ողբերգության բացահայտման համար շատ կարեւոր մի քանի հարցերի պատասխանը, առանց որի այդ զեկույցը կլինի թերի եւ չի վայելի հանրության վստահությունը՝ հատկապես հաշվի առնելով սպանությունների հանգամանքների բացահայտման ձախողումը: Ես հատկապես կարեւորում եմ, որ հանձնաժողովի զեկույցում լինի նաեւ Երեւանում արտակարգ դրություն մտցնելու հետ կապված հարցերի պատասխանը: Հիշեցնեմ, որ ՀՀ 2-րդ նախագահը իր այդ հրամանագրի ստորագրումը մարտի 1-ի երեկոյան հրավիրված ասուլիսում հիմնավորեց նրանով, որ ցուցարարների շրջանում կար մեկը, որը կրակում էր մարդկանց հետեւից ու թաքնվում էր, նաեւ՝ որ կան ութ վիրավորներ ոստիկանների շրջանում: Մարտի 1-ին «Հայլուրով» նաեւ հրապարակվեց ՀՀ ոստիկանության հաղորդագրությունը, ըստ որի՝ ութ ոստիկան ստացել էր հրազենային վնասվածքներ: Այս տեղեկությունները չեն հաստատվել որեւէ այլ հաղորդագրությամբ, չկան հրազենից վիրավոր ոստիկանների անունները (Տ. Աբգարյանը հրազենային վնասվածքը ստացել է արտակարգ դրության հայտարարումից հետո), հետեւաբար հարց է առաջանում՝ որո՞նք էին արտակարգ դրություն մտցնելու հիմքերը: Կարծում եմ, ԱԺ հանձնաժողովն իր զեկույցում պետք է անդրադառնա եւ գնահատական տա Ռ. Քոչարյանի եւ ոստիկանության այս հույժ կարեւոր հայտարարություններին՝ պարզելու համար, թե գործադիր իշխանության կարեւորագույն օղակների տարածած սուտ տեղեկությունները ի՞նչ նպատակ էին հետապնդում:

– Նիկոյանը հայտարարել է, որ զեկույցում գնահատականներ կլինեն մարտի 1-ին իրավապահների գործողությունների օրինաչափությանն ու իրավաչափությանը: Դա բավարար չէ՞:

– Մենք շատ ենք կարեւորում հատկապես Ոստիկանության զորքերի գործողություններին իրավական գնահատական տալը: Բանն այն է, որ «Մարտի 1»-ի կեսօրից հետո ծավալված իրադարձությունների բացահայտման համար առանձնահատուկ նշանակություն ունի կեսօրին խաղաղ ցուցարարներին ահաբեկելու նպատակով ՀՀ ռազմական ոստիկանության մարտական գնդացիրով զրահատեխնիկայի դուրսբերման փաստը: Ակնհայտ է, որ իրավապահների կողմից ապօրինի եւ սադրիչ այդ քայլը ծայրաստիճան սրեց իրավիճակը քաղաքապետարանի մոտ: Հաշվի առնելով այս փաստը՝ Նիկոյանի հանձնաժողովը պետք է համապատասխան գնահատական տա նաեւ իրավապահների ապօրինի գործողությունների արդյունքում ցուցարարների կողմից ինքնապաշտպանության նպատակով պատսպարվելու պատճառներին: Ի վերջո, իրավապահների՝ օրենքի աղաղակող, չի բացառվում նաեւ՝ միտումնավոր, խախտումը հարկադրեց ցուցարարներին դիմելու ինքնապաշտպանության, որը, ինչպես հայտնի է՝ ակտիվ իրավունք է: Եթե չլիներ այդ սադրիչ գործողությունը, որը ակնհայտ գրգռեց Մյասնիկյանի արձանի մոտ հավաքվածներին, կարծում եմ՝ զարգացումները կարող էին այլ կերպ ընթանալ, որովհետեւ զրահատեխնիկայի դուրսբերման հետագա սադրանքները կանխելու նպատակով էր, որ ցուցարարները ինքնապաշտպանության նպատակով բարիկադներ ձեւավորեցին: Դրանից հետո (մոտ 14.00-ից մինչեւ 21.00-ը) մինչեւ ոստիկանական ուժերի առաջին գրոհը իրավիճակը Մյասնիկյանի արձանի մոտ լիովին վերահսկվում էր եւ համեմատաբար հանդարտ էր: Չկա ոչ մի վկայություն, որ այդ ընթացքում ցուցարարները որեւէ ապօրինություն են գործել: Կարծում եմ, այս համատեքստում ԱԺ հանձնաժողովը նաեւ պետք է հանդես գա ցուցարարների դեմ զրահատեխնիկա դուրս բերելու բոլոր պատասխանատուներին պատժելու միջնորդությամբ: Հանձնաժողովը մինչ այս պետք է պարզած լիներ նաեւ, թե որո՞նք էին ցուցարարների ուղղությամբ զորքերի տեղաշարժի պատճառներն ու հիմքերը: Մարտի 1-ի ուսումնասիրման հանրային հանձնախմբի կարծիքով՝ եթե չլիներ իրավապահների այս հերթական սադրանքը, որեւէ հակաիրավական գործողություն ցուցարարների կողմից չէր լինի նաեւ 21.00-ից հետո:

– «Մարտի 1»-ի հանրային հանձնախումբը ժամանակին բարձրացրեց նաեւ մինչեւ արտակարգ դրության հայտարարումը Երեւանում բանակի հայտնվելու օրինականության հարցը: Կարծում եք՝ Նիկոյանի գլխավորած հանձնաժողովի զեկույցում դրան անդրադարձ կլինի՞:

– Վերջերս հայտնի դարձավ, որ Փորձագետների փաստահավաք խմբի կողմից հանձնաժողովին փոխանցված նյութերում կան փաստաթղթեր, ըստ որոնց՝ ՀՀ բոլոր ուժային կառույցները նշել են, որ մարտի 1-ի կեսօրին Երեւանի փողոցներում արված լուսանկարներում եւ տեսագրություններում պատկերված զինված եւ համազգեստավոր անձինք իրենց ստորաբաժանումներից չեն: Ստացվում է՝ կա՛մ Երեւանում այդ օրը ժ. 15.00-16.30-ին հայտնվել են ապօրինի զինված ստորաբաժանումներ, կա՛մ դրանք մայրաքաղաք են եկել հարեւան պետություններից: Զինված ստորաբաժանումների պատկանելությունը պարզելու խնդիրը հատուկ կարեւորություն է ստանում՝ հաշվի առնելով «Մարտի 1»-ի սպանությունների չբացահայտված լինելու եւ առհասարակ՝ ՀՀ անվտանգության ապահովման տեսակետից: Կարծում եմ, որեւէ մեկը չի կասկածում, որ առանց համապատասխան գերատեսչությունների իմացության մայրաքաղաքում զինված ստորաբաժանումների առկայությունը սպառնալիք է ՀՀ անվտանգությանը:

– Հայտնի է նաեւ, որ ԱԺ հանձնաժողովի զեկույցը անդրադառնալու է նաեւ նախագահական ընտրություններից անմիջապես հետո՝ մինչմարտիմեկյան զարգացումներին, որոնց առնչությամբ նաեւ գնահատականներ են լինելու:

– Առավել եւս այդ պարագայում անհրաժեշտ է անդրադառնալ արտակարգ դրություն հայտարարելու իրավական հիմքերին եւ քաղաքական հետեւանքներին, նաեւ՝ Ռ. Քոչարյանի համապատասխան հրամանագրի պատճառով Հայաստանի վերաբերյալ միջազգային ամենահեղինակավոր կազմակերպությունների կողմից բազմաթիվ քննադատական հայտարարություններին ու ԵԱՀԿ դիտորդական առաքելության՝ նախագահական ընտրությունների վերաբերյալ վերջնական զեկույցին, որի 20 էջից ավելին հասնող խախտումների շարադրանքը վկայությունն է այն բանի, որ 2008թ. նախագահական ընտրությունները կեղծված էին, եւ դրա պատճառով ժողովրդի ընդվզումը միանգամայն արդարացված էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել