Չշահած ՀԴՄ կտրոնների համար Պետեկամուտների կոմիտեի անցկացրած բոնուսային ակցիայի հետ կապված ամեն օր մեր խմբագրությունը նոր բողոքներ է ստանում։ Տասնյակ քաղաքացիներ զանգում են խմբագրություն ու խնդրում հրապարակել, թե իրենք քանի օր են գնացել-եկել հարկային տեսչություն, որ կարողանան մի քանի հազար դրամ բոնուս ստանալ։ Ըստ բողոքողներից մեկի, բացի այն, որ տեսչությունում կտրոնների յուրաքանչյուր խմբաքանակի համար անձնագրի մեկական պատճեն են ուզում, խնդրում են կտրոնների վրա ստորագրել, հետո նորից չստորագրած կտրոն են պահանջում, ստիպում են ժամերով հերթ կանգնել: Այս ամբողջ քաշքշուկից հետո, երբ վերջապես տալիս են բոնուսի վճարման համար միջնորդագիրը, բոնուսը ստանալու տառապանքների նոր փուլ է սկսվում՝ արդեն բանկում։ Բանկն էլ իր հերթին է պահանջում երկուական օրինակ պատճեն բերել տեսչության տրամադրած միջնորդագրից եւ երեք օրինակ՝ անձնագրի պատճենից: Պարզվում է, որ լինում են դեպքեր, երբ բանկի աշխատակիցները հայտնաբերում են, որ միջնորդագրի վրա բոնուսը ստացողի ստորագրությունը մի փոքր տարբերվում է անձնագրի ստորագրությունից, ստիպում են 10-20 անգամ այլ թղթերի վրա ստորագրել, որ համոզվեն՝ տա՞ն բոնուսը, թե՞ մերժեն։ Չնայած անձնագրում զետեղված լուսանկարով էլ հեշտ է պարզել՝ բոնուսը ստացողն անձնագրի իրական տերն է, թե՝ ոչ, քաղաքացին ստիպված է լինում երկար-բարակ բանակցություններ վարել բանկի աշխատակցի հետ։
ՀԴՄ կտրոնների խաղարկությունների եւ բոնուսների հետ կապված խնդիրները բազմաթիվ են։ Օրինակ, Արաբկիրի հարկային տեսչությունը հրաժարվում է սպասարկել այն քաղաքացիներին, որոնք այդ համայնքի տարածքում հաշվառված չեն։ Այսօր մայրաքաղաքի բնակչության մի ստվար զանգված գրանցված է տարբեր մարզերի տարբեր համայնքներում։ Ստացվում է, որ եթե մարդը բնակվում ու աշխատում է Երեւանում, բարեխիղճ սպառող է եւ տնտեսվարողներին ստվերից դուրս բերելու համար ՀԴՄ կտրոն է պահանջել, նա դեռ պետք է մի քանի հազար դրամի ծախս անի, որպեսզի իրեն հասանելիք 2500 դրամը ստանալու համար գնա-հասնի մարզի հարկային տեսչություն։ Բոնուսների վճարման մասին բողոքներից դատելով՝ պետությունն ամեն ինչ անում է, որ մարդիկ բյուջեից հնարավորինս քիչ պարգեւավճար ստանան։


















































