Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱՍՏԱԲԱՆԸ՝ ԴԱՏԱԽԱԶԻՆ

Սեպտեմբեր 09,2009 00:00 Share

\"\"Իսկ ինչո՞ւ դատախազը չզարմացավ, երբ դեպքից ութ օր անց դատաէլեկտրատեխնիկ Գենադի Հարությունյանը էլեկտրալարման արտահոսք հայտնաբերեց:

ՀՀ ՊՆ Կարճաղբյուրի թիվ 28418 զորամասի ժամկետային զինծառայող Տիգրան Օհանջանյանի 2007թ. մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով դատարանի կողմից նշանակված համալիր փորձաքննության վերաբերյալ որեւէ գնահատական եւ մեկնաբանություններ անելու ցանկություն՝ տուժող կողմը չի ունեցել, քանի որ փորձաքննությունը դեռ չի ավարտվել: Սակայն մեղադրանքը պաշտպանող դատախազի կողմից արված պարզաբանումներին ցանկանում եմ անդրադարձ կատարել: Այն փաստը, որ մեղադրողը չի մասնակցել դատարանի 11.08.09 թ. որոշմամբ նշանակված համալիր փորձաքննությանը (դատաէլեկտրատեխնիկական)՝ տուժող կողմի մոտ տարակուսանք չի առաջացրել: Մեղադրողը կանխատեսել էր դատաէլեկտրատեխնիկական փորձաքննության փորձարարական մասի արդյունքները, ուստի չէր ցանկացել ականատես լինել իր համար անցանկալի փաստին:

Մեղադրողի այն փաստարկները, թե արտաշիրիմումը դատավարական գործողություն է եւ կատարվում է մեղադրողի մասնակցությամբ, որով վերջինս փորձել էր արդարացնել իր ներկայությունը արտաշիրիմման եղանակով դատաբժշկական փորձաքննությանը, ապա այս կապակցությամբ ցանկանում եմ նշել, որ արտաշիրիմումը կազմում էր փորձաքննության մի մասը: ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից (նախագահող դատավոր՝ Յու. Իսկոյան) նշանակվել էր համալիր դատաէլեկտրատեխնիկական եւ դատաբժշկական փորձաքննություն՝ արտաշիրիմման եղանակով: Այսինքն, արտաշիրիմումը դատաբժշկական փորձաքննության մասն էր կազմում եւ կողմերը կարող էին օգտվել օրենքով սահմանված իրենց իրավունքներից եւ ներկա գտնվել փորձաքննության կատարմանը: Եվ եթե մեղադրողը ցանկացել էր ներկա լինել արտաշիրիմման եղանակով դատաբժշկական փորձաքննության կատարմանը, ապա ինչն էր ստիպում նրան ներկա չգտնվել դատաէլեկտրատեխնիկական փորձաքննության կատարմանը:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցները՝ վկաների հակասական ցուցմունքները, փորձագետների ոչ հիմնավոր եզրակացությունները տուժող կողմի համար հիմք են հանդիսացել կասկածի տակ դնելու մեղադրական եզրակացությամբ ներկայացված Տիգրան Օհանջանյանի մահվան հանգամանքները:

Նախաքննության ընթացքում նշանակված դատաէլեկտրատեխնիկական փորձաքննությունը, որը կատարվել էր 2007 թ. սեպտեմբերի 7-ին, հակասում է ՀՀ ՊՆ կողմից իրականացված ծառայողական քննության արդյունքներին, համաձայն որի՝ տվյալ վայրում հոսանքահարման դեպքը բացառվում էր:

Համաձայն ՀՀ ՊՆ գնդապետ Ա. Գեւորգյանի՝ ՀՀ Սեւանի կայազորի զինդատախազ Գ. Համբարձումյանին ուղղված 01.09. 2007 թ. գրության՝ 2007 թ. օգոստոսի 31-ին կատարված տեղանքի զննումից պարզվել է, որ.

– նշված հատվածում, ձգարաններում եւ ցցաձողերում էլեկտրական հոսանք չէր կարող լինել, քանի որ Ռ-419 ռադիոռելեային կայանի ալեհավաքը չունի ուղիղ կապ կենցաղային լարման հետ,

– հաղորդիչ ալեհավաքից մոտ 6-7 մ հեռավորությամբ անցնող 380 Վ լարման օդային գծից հնարավոր չէ հոսանքի անցումը ալեհավաքին, առավել եւս դրա միջոցով անցում ձգարաններին եւ ցցաձողերին,

– դեպքի վայրի տեղազննության ընթացքում բոլոր շահագրգիռ անձանց ներկայությամբ կատարվել է ձգարանների եւ ցցաձողի լարման առկայության ստուգաչափում:

Արդյունքում պարզվել է, որ լարում չկա:

Այս զննության կատարող՝ ՀՀ ՊՆ վառելիքաէներգետիկ ռեսուրսների եւ էներգետիկ կառույցների շահագործման բաժնի պետ Ա. Աֆյանը սույն թվականի հունվարի 26-ի դատական նիստի ժամանակ պնդեց իր կողմից կազմված նույնաբովանդակ արձանագրությունը:

20.08.2008 թ. դատական նիստի ընթացքում վկա՝ ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի կապի վարչության մատակարարման եւ վերանորոգման բաժնի ավագ սպա Խաչատուր Երիցյանը դատարանում հայտնել է, որ հողանցման բացակայություն չի եղել, իրենք ունեն կայմ՝ ամրացված ճոպաններով, որոնք խրված էին հողում, իսկ դա ինքնըստինքյան հողանցում է: 26.01.2009 թ. դատական նիստի ընթացքում տրված ցուցմունքների համաձայն՝ անտենան անմիջապես սնուցում չի ստանում, տվյալ կայանի աշխատանքի սկզբունքն է՝ միանում է 220 վոլտ սնուցման աղբյուրին, B-27 բլոկն այն դարձնում է 27 վոլտ, ենթաբլոկներ կան, որ մինչեւ 5 վոլտ են ձեւափոխում հոսանքը: Այդ ձեւափոխումների ընթացքում կայանը 27 վոլտով է սնվում, անտենան ընդհանրապես սնուցում չի ստանում:

Նա նաեւ հայտնեց, որ հոսանքի առկայությունն այդ ձգալարերի վրա բացառվում է: Երբ հաղորդչի միջից հոսանքը բարձրանում է մինչեւ անտենա, անտենայի վերեւում մեկուսիչն անջատում է կայանից հոսանքը: Բացառվում է, որ այն շփում ունենար կայանի հետ. այդ կայանը բարձր հոսանքի դեպքում վառվելու էր, իսկ իր կողմից ստուգման ժամանակ՝ դեպքից մեկ շաբաթ անց, այն աշխատում էր: Վկան նաեւ հայտնել էր, որ իրենք «իրենց վրա են փորձել՝ ցույց է տվել, որ բարձր լարում չկա»: Առավել եւս՝ ձգալարերն ինքնին հողանցված էին եւ եթե հոսանք լիներ էլ՝ պիտի պարպվեին:

Իսկ ինչ վերաբերում է նախորդ դատաէլեկտրատեխնիկական փորձաքննությանը, որը կատարվել էր 2007 թ. սեպտեմբերի 7-ին, ապա ցանկանում եմ նշել, որ փորձագետ Գենադի Հարությունյանը դատարանում ցուցմունք է տվել այն մասին, որ ինքը միայն արտաքինից է ուսումնասիրել Ռ-419 ռադիոկայանը, իսկ վնասված մալուխ չի տեսել: Սակայն իր կողմից տրված եզրակացության հետեւություններում նշել է, որ 30.08.07 թ. միացվել է անսարքություն ունեցող Ռ-419 կայանը, իսկ դրանից անտենան սնուցող մալուխի ջիղի մեկուսացման վնասման հետեւանքով առկա էր հպում մետաղական հենականգնակին, ապա այդ պատճառով հենականգնակը եւ ձգալարերը ընկել են պոտենցիալի տակ: Փորձագետը փորձաքննության է ներկայացել առանց համապատասխան սարքավորումների, սակայն հիմնվելով ինչ-որ պայմանական միավորների վրա՝ եզրակացությունում նշել է հողի դիմադրությունը, անգամ որոշել է, թե քանի ամպեր հոսանք է անցել Օհանջանյանի մարմնով եւ քանիսը՝ սրտի միջով: Եվ այս անհեթեթ եզրակացությունը դրվել է մեղադրական եզրակացության հիմքում:

ՀՀ ՊՆ աշխատակիցների, փորձագետի հակասական ցուցմունքներից հետո պարզ է, որ մեղադրողը չէր ցանկանա ներկա լինել էլեկտրատեխնիկական փորձաքննության կատարմանը: Իսկ ինչ վերաբերում է արտաշիրիմմանը, ապա մեղադրողը հույս ուներ, որ երկու տարի անց դիակային փոփոխությունները հնարավորություն չէին տա դատաբժիշկներին պատասխանել իրենց առաջադրված հարցերին:

Մեղադրողի այն փաստարկները, թե իբր դատարանը բավարարել էր տուժող կողմի խնդրանքը եւ ներգրավվել էր մեր կողմից միջնորդած մասնագետը, ապա դա իրականությանը չի համապատասխանում: Մենք միջնորդել էինք դատաբժշկական փորձաքննության կատարումը հանձնարարել ՀՀ ԱՆ հանրապետական դատական բժշկության գիտագործնական կենտրոնին՝ ներգրավելով ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետին, սակայն դատարանը մերժել էր մեր միջնորդությունը ՊՈԱԿ-ի փորձագետի մասով, այն պատճառաբանությամբ, որ այդ կազմակերպությունը նման փորձաքննություն կատարելու համար չունի մասնագետ փորձագետներ: Բայց փոխարենը բավարարել էր մեղադրողի միջնորդությունը եւ դատաբժշկական փորձաքննությանը մասնակից էր դարձրել դիմածնոտային, ընդհանուր վիրաբուժության եւ ստոմատոլոգիայի բնագավառի մասնագետների: Մենք առարկել ենք՝ գտնելով, որ վերը նշված անձինք դատական բժշկության բնագավառի մասնագետներ չեն եւ չեն կարող մասնակցել փորձաքննությանը: Ուստի տուժող կողմը նպատակահարմար չգտավ արտաշիրիմման եղանակով դատաբժշկական փորձաքննության կատարումը նման պայմաններում: Իսկ, ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետությունում նման փորձաքննություն կատարում են միայն ՀՀ ԱՆ հանրապետական դատական բժշկության գիտագործնական կենտրոնում եւ չկա այլընտրանքային այլ կազմակերպություն:

Համալիր փորձաքննությունը չի ավարտվել, սակայն մեղադրողը շտապել է պարզաբանում տալ, որը հաստատում է նրա կանխակալ վերաբերմունքը: Վերջինս հայտնել է, որ «տարօրինակ կլիներ, եթե էլեկտրալարման արտահոսքը շարունակվեր»: Այդ դեպքում ինչպես է բացատրում, որ դեպքից ութ օր անց, երբ փորձագետ Գենադի Հարությունյանը գնացել էր դեպքի վայր՝ հոսանքալարման արտահոսքը շարունակվում էր: Իսկ ի՞նչ է, երկու տարի անց ֆիզիկայի օրենքները փոխվել են:

Ես միայն կարող եմ ասել, որ դատաէլեկտրատեխնիկները քրեական գործի նյութերին համապատասխան ռադիոռելեային կայանի ալեհավաքը բերել են նախկին տեսքի, ինչպես այն եղել է 2007 թ. օգոստոսի 30-ին եւ ռադիոռելեային կայանի ալեհավաքի ձգալարերին տրվել է 220 վոլտ 50 հերց հաճախականությամբ լարում եւ չափվել է ձգալարերի վրա լարման առկայությունը: Քանի որ փորձաքննությունը չի ավարտվել, ես ձեռնպահ եմ մնում մեկնաբանություններից եւ գնահատականներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել