Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲՌՆՎԵԼ ԵՆ» ԱՐՏԱԳՐՎԱԾ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂՆԵՐ

Սեպտեմբեր 09,2009 00:00 Share

Կամ ինչու են բարձրագույն որակավորման հանձնաժողովի անվան շուրջ տարաբնույթ խոսակցություններ պտտվում

Գիտական աստիճանների եւ կոչումների շնորհման գործընթացը հայաստանյան տարբեր գիտական շրջանակներում երբեմն շահարկվում է: Կա կարծիք, որ գիտական կոչում կամ աստիճան կարելի է ստանալ բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) հետ գործարքի մեջ մտնելու ճանապարհով: Քննարկման առարկա է դառնում նաեւ այն հանգամանքը, երբ ԲՈՀ-ը բեկանում է այս կամ այն մասնագիտական խորհրդի որոշումը՝ չհաստատելով այս կամ այն անձի գիտական աշխատանքը: Այս թեմաների մասին զրուցեցինք ԲՈՀ-ի նախագահ Արմեն Թռչունյանի հետ:

Նրա ներկայացրած տվյալների համաձայն՝ այս տարի մուտքագրվել է 405 գիտական աստիճանի որակավորման եւ 183 գիտական կոչման որակավորման գործ: Հիշեցնենք, որ գիտական աստիճան ասելով նկատի ունենք գիտությունների թեկնածուի եւ դոկտորի որակավորման գործերը, իսկ կոչման դեպքում՝ դոցենտի եւ պրոֆեսորի գիտական կոչումների գործերը: Հաստատվել է 438 գիտական աստիճանի որակավորման եւ 181 գիտական կոչման գործ: Ա. Թռչունյանը շեշտեց. «Այստեղ պիտի հաշվի առնենք, որ մուտքագրումը եւ հաստատումը ժամկետի տեսակետից տարբեր գործընթացներ են. այսինքն՝ հաստատումների այս տարվա թվում կան գործեր, որոնք մուտքագրվել են անցյալ տարի նոյեմբերին կամ դեկտեմբերին: Իսկ գործերի ուսումնասիրման համար սահմանված ժամկետներ չկան, սահմանված ժամկետ կա միայն ասպիրանտուրայի ավարտական կուրսի զինակոչային տարիքի արական սեռի ներկայացուցիչների համար: ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված է ապահովել այդ գործերի հաստատումը 2 ամսվա ընթացքում, բայց կարող են լինել նաեւ չհաստատման դեպքեր: Իսկ ընդհանրապես մենք մեկ օրում մեկ աշխատանք չենք քննարկում, այլ քննարկում եւ պատրաստում ենք խումբ, որը գործը հաստատում է կամ ոչ՝ տվյալ օրվա համապատասխան որոշմամբ: Մի դեպքում գործընթացը կարող է տեւել, օրինակ, 1 ամիս, մյուս դեպքում՝ ձգվել մինչեւ 2 ամիս։ Իսկ ԲՈՀ-ը որոշում է ընդունում միայն մասնագիտական խորհրդի որոշման հիման վրա եւ բազմակողմանի ուսումնասիրության արդյունքում։ Մինչ այդ, աշխատանքը քննարկվում է բուհերում եւ գիտական կազմակերպություններում։ Նման բազմափուլ գործընթացի դեպքում, ձեր ասած «գործարքները» բացառվում են»: «Առավոտը» հետաքրքրվեց՝ այս տարի արդեն քանի՞ գործ է բեկանվել: ԲՈՀ նախագահն ասաց. «Բեկանվել կամ կրկնական քննարկման, վերափոխման համար մասնագիտական խորհուրդներին է վերադարձվել 24 աշխատանք: Կան գործեր, որոնք չեն հաստատվել տեխնիկական թերությունների, որոշակի գործընթացների խախտման պատճառով. օրինակ՝ որակավորման փաստաթղթերում եղել են խախտումներ, եղել է անհամաձայնություն ատենախոսության թեմայի հաստատման եւ որակավորման քննության հանձնման ժամկետների միջեւ, առաջատար կազմակերպության, ընդդիմախոսների կարծիքները չեն ներկայացվել համապատասխան ժամկետներում, առաջատար կազմակերպությունն ընտրվել է ոչ ճիշտ: Նման դեպքերում մենք խորհրդից պահանջում ենք ուղղել համապատասխան խախտումները եւ ներկայացնել ճշտված փաստաթղթեր: Եթե խախտումները բացարձակ են եւ ունեն էական նշանակություն, այդ դեպքում եւս կարող ենք բեկանել խորհրդի որոշումը»:

«Առավոտի» այն դիտարկմանը, թե երբեմն շահարկվում է նաեւ այն հարցը, որ տեխնիկական թերություններ բոլոր աշխատանքներում էլ հնարավոր է գտնել, դա այն հարցն է, որից, այսպես ասած, «կառչում» է ԲՈՀ-ը, Ա. Թռչունյանն այսպես պատասխանեց. «Այս պահի դրությամբ տեխնիկական թերացումների պատճառով մասնագիտական խորհուրդներին վերադարձված գործերը 7-ն են: Եթե ատենախոսության էջակալումը սխալ է, թողնե՞նք: Ատենախոսության մեջ լինում են նաեւ տառասխալներ, համարակալված սպիտակ էջեր, տողատակերում նշվում են հղումներ, որոնք չկան գրականության ցանկում, կամ հակառակը»: Այս տարի բեկանված կամ վերադարձված գործերը հիմնականում կենսաբանության, բանասիրության, մանկավարժության, պատմական, տնտեսագիտության, տեխնիկական, բժշկական, աշխարհագրական գիտությունների բնագավառներից են: Ա. Թռչունյանը ներկայացրեց նաեւ մի ցուցակ, որտեղ նշված էր, թե ում գործերն են բեկանվել, սակայն էթիկական խնդիրներից ելնելով՝ չենք տպագրում այդ անձանց անունները:

«Առավոտը» հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է պատահել, որ իրավաբանության ոլորտից ոչ մի բեկանում, կամ կրկնական քննարկման հանձնման դեպք չկա, հաշվի առնելով այն փաստը, որ այս բնագավառներում ատենախոսությունների պաշտպանությունը համեմատաբար մեծ թիվ է կազմում: ԲՈՀ նախագահն ասաց. «Իրավաբանական գիտությունների գծով վերջին 1-2 տարվա ընթացքում ուշադրությունը մեծացել է, երեւի այդ պատճառով ներկայացվող աշխատանքները տարբերվում են նախորդ տարիներին ներկայացվողներից. եւ որակն է բարձրացել, եւ ձեւակերպումները: Նախորդ տարիներին այս բնագավառում նույնիսկ խորհուրդն է կայացրել բացասական որոշումներ»: Ա. Թռչունյանին հիշեցրինք այն ձեւավորված կարծիքը, թե իրավաբանության ոլորտում հիմնականում պաշտպանում են պաշտոնյաները կամ այնպիսի մարդիկ, որոնց մերժելը դժվար է եւ գործարքի մեջ մտնելը՝ հեշտ: Նա ի պատասխան նշեց. «Շատերը խոսում են, թե իրավաբանության գծով տասնյակ աշխատանքներ են պաշտպանվում, դա այդպես չէ: Վերջին տարիներին այդ թիվը տարեկան 23-25-ի է հասնում: Հարաբերականորեն ամենաշատը պաշտպանում են տնտեսագիտությունից: Դա էլ ունի իր օբյեկտիվ պատճառները»: Ինչպես անցյալ, այնպես էլ այս տարի մի շարք աշխատանքներ բեկանվել են արտագրությունների կամ նյութի փոխառման պատճառով: Օրինակ՝ դրանցից երկուսն այս տարի արձանագրվել է բանասիրության, մասնավորապես՝ լրագրության բնագավառում: Ա. Թռչունյանը նշեց նաեւ բեկանման այլ պատճառներ. «Այդ պատճառները բազմազան են. կան աշխատանքներ, որոնք բեկանվել են կոպիտ բովանդակային խախտումների կամ թերացումների պատճառով, օրինակ՝ չի եղել գիտական նորույթ կամ ստացված արդյունքներն ու եզրակացությունները հիմնավորված չեն եղել տվյալներով, նույն եզրակացությունները հայտնաբերվել են այլ աշխատանքներում կամ գրքերում»: Ա. Թռչունյանը խոսեց մի շարք ծրագրերի մասին, որոնք ֆինանսական ներդրումներ են պահանջում եւ վերջում նեղսրտեց. «Այսօրվա դրությամբ գիտությունների դոկտորին գնահատում ենք վարչապետի՝ 1999-ին ընդունած որոշման համաձայն՝ ժամաչափերով, երբ մեկ ժամը գնահատվում է 540 դրամի չափով: Կներեք, մեկնաբանություններ չեմ ուզում անել: Ախր պիտի հաշվի առնենք, որ մարդկային կամ մասնագիտական գործունեությունը պիտի ունենա իր համապատասխան գնահատականը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել