Լրահոս
Օրվա լրահոսը

Առարկություն չունեին, հիմա ունեն

Մարտ 03,2010 00:00 Share

Խուսափում են հողհատկացման որոշում տալ

Երեւանի Կասյան 10 շենքի բնակիչ Ռոբերտ Փիլոյանը դիմել էր քաղաքապետարան՝ շենքի կողային ճակատին կից առեւտրի կրպակ տեղադրելու նպատակով հողհատկացման խնդրանքով: 2003թ. հուլիսին Երեւանի էկոլոգիական անվտանգության եւ հսկողության կենտրոնը էկոլոգիական գնահատման արդյունքում տվել է դրական եզրակացություն՝ «ծրագրի իրականացումը հնարավոր է առանց նախապայմանների»: Ավելին, քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկման վարչությունը Արաբկիրի թաղային համայնքի ղեկավարին հասցեագրված գրությամբ տեղեկացրել էր, որ Ռ. Փիլոյանի կողմից առեւտրի կրպակ տեղադրելու համար հողամաս տրամադրելու հարցի կապակցությամբ առեւտրի եւ սպասարկումների վարչությունը առարկություն չունի: Սակայն հողհատկացման որոշումն այդպես էլ չի ընդունվել՝ տարբեր պատճառաբանություններով: Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի 21.06.2007թ. գրությամբ հայտնվում է, որ հողամասի հատկացման խնդրի քննարկման համար անհրաժեշտ է ներկայացնել քննարկվող հատվածի «տեղագրական հանույթը»: Ռ. Փիլոյանը ձեռք է բերել նշված հանույթը եւ նորից դիմել քաղաքապետարան, բայց այս անգամ էլ տեղեկացրել են, որ ներկայացված հողամասը գտնվում է շենքի կողային ճակատին կից, որտեղ հողամասի տրամադրումը քաղաքաշինական տեսակետից հնարավոր չէ, միաժամանակ, շենքի պարագծով 1,5 մետր լայնությամբ հողատարածքը հանդիսանում է շենքի սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականությունը: Ավելի վաղ՝ 2007թ. ապրիլի 16-ին, վարչության պետ Ա. Լալայանցը պատասխանել էր, որ քննարկվող տարածքը գտնվում է Կասյան փողոցի հետիոտն երթեւեկության համար նախատեսված հատվածում, որտեղ որեւէ շինարարության իրականացում քաղաքաշինական տեսանկյունից անթույլատրելի է, նաեւ տեղեկացրել էր, որ Կասյան փողոցն ընդգրկված է «Լինսի» ծրագրերով վերակառուցվող փողոցների ցանկում:

Ինչպես նշեց Ռ. Փիլոյանը, մինչ քաղաքապետարանը իրեն տալիս էր իրարամերժ պատասխաններ, հենց նույն շենքի «ընդհանուր բաժնային սեփականություն» հանդիսացող եւ հետիոտն երթեւեկության տարածքները յուրացվում էին շենքի բնակիչ չհանդիսացող քաղաքացիների կողմից: Մասնավորապես՝ Ս. Պարտիզպանյանի կողմից ընդհանուր օգտագործման հատվածներում կառուցապատում է իրականացվել՝ վնասելով շենքի հիմքը:

2009թ. Ռ. Փիլոյանը հայցով դիմել է վարչական դատարան՝ քաղաքապետի կողմից բարենպաստ վարչական ակտի ընդունումը պարտավորեցնելու պահանջով: Սակայն դատարանը հայցը մերժել է, մերժումը հիմնավորելով վարչական դատավարության օրենսգրքի 66 հոդվածով, որի համաձայն՝ պարտավորեցման հայցը ներկայացվում է մեկամսյա ժամկետում՝ այն պահից, երբ մերժվել է տվյալ վարչական ակտի ընդունումը:

Քաղաքապետարանի կողմից դատարան էր ներկայացվել աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի գրությունը, ըստ որի՝ Կասյան փողոցի թիվ 10 շենքի կողային ճակատին հարակից հողհատկացումներ վարչության արխիվային նյութերում չեն հայտնվել:

Ռոբերտ Փիլոյանը գտնում է, որ վարչական դատարանը ճիշտ չի կիրառել եւ սխալ է մեկնաբանել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66 հոդվածը, ըստ որի՝ «պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել ընդունելու այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժվել է վարչական մարմնի կողմից կամ որը նա չի ընդունել»:

Ռ. Փիլոյանը դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան: Նա գտնում է, որ իրականում 2003թ. իր ներկայացրած դիմումը պատասխանողի կողմից ոչ թե մերժվել, այլ թողնվել է անպատասխան, ինչպես նաեւ օբյեկտիվորեն չի գնահատվել իր կողմից ներկայացված ապացույցն այն մասին, որ վիճելի տարածքը տեղակայված է ոչ թե Կասյան փողոցի, այլ Բաղրամյան 4-րդ փակուղու հատվածում եւ որ այն ընդգրկված չէ «Լինսի» ծրագրով վերակառուցվող փողոցների ցանկում, դրա համար էլ այն ժամանակ ոչ վերակառուցվեց, ոչ էլ ասֆալտապատվեց: Ինչ վերաբերում է քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի գրությանը, թե տվյալ տարածքում հողհատկացումների մասին արխիվային նյութեր չեն հայտնաբերվել, ապա դա չի նշանակում, թե դրանք գոյություն չունեն, ուղղակի պատասխանողը շահագրգիռ չէ իր դեմ իր իսկ նյութերից ապացույցներ ներկայացնել:

Ռ. Փիլոյանը իր հայցադիմումում հստակեցրել է, որ իր պահանջը վերաբերում է այն նույն տարածքին, ուր գտնվում է «Սալիկների տուն» խանութի աստիճանահարթակը, գինիների գործարանի «օֆիսը», արտարժույթի փոխանակման կետը, որոնք նույնպես կառուցված են հետիոտնի համար նախատեսված տարածքի վրա, այն էլ՝ 2006 թվականին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել