Ռիջենթս դպրոցի ռեկտորի հայտարարությունից շատ բան է պարզվում
Թաիլանդի եւ Միացյալ Թագավորության Ռիջենթս դպրոցի հիմնադիր եւ ռեկտոր դոկտոր Վիրաչայ Տեչավիջիտը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որը տարածել է «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» կազմակեր պությունը: Վիրաչայ Տեչավիջիտը տեղեկացրել է, որ Հայկ եւ Աննա Հարությունյանները առաջին հայ սաներն էին, ովքեր 2006 թ. ավարտեցին Թաիլանդի Ռիջենթս դպրոցը՝ «Տեչավիջիտ» հիմնադրամի ֆինանսավորմամբ: Այս իրադարձությունը հիմք հանդիսացավ կրթաթոշակային ծրագրի հաստատմանը, որի շնորհիվ այժմ հայ ուսանողները կարող են ուսանել Թաիլանդի Ռիջենթս դպրոցում: Տվյալ ծրագրի շրջանակներում մինչ օրս 14-18 տարեկան առնվազն 60 հայ աշակերտների շնորհվել է $3 մլն-ին համարժեք կրթաթոշակ:
2009-ի հունիսին, հանդիպելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, պարոն Տեչավիջիտը ներկայացրել է «Գլոբալ Քոննեկտ» կրթաթոշակային ծրագիրը եւ դրա շարունակելիության խնդիրները: Հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ Հայաստանում Ռիջենթս դպրոցի մասնաճյուղի բացման հնարավորությունը: Վ. Տեչավիջիտի համոզմամբ, գործընթացը հետագա զարգացում չունեցավ մի շարք պատճառներով. «1.Ներկայումս ՀՀ-ում բավարար քանակությամբ օտարերկրացիներ չեն բնակվում: Միայն ապահովելով համապատասխան թվով օտարերկրյա աշակերտների ներկայությունը` միջազգային դպրոցը կկարողանա լիարժեք գործել եւ առաջընթաց ապրել: Սա հնարավոր կլինի իրագործել միայն այն ժամանակ, երբ Հայաստանում զգալիորեն կաճեն միջազգային ներդրումները, միջազգային առեւտուրը եւ դիվանագիտական ներկայությունը: 2. ՀՀ կառավարությունը մեծ ֆինանսական միջոցներ չի կորցրել՝ ֆինանսավորելով ՄԹ եւ ԱՄՆ դպրոցներում սովորող հայ աշակերտներին: Այսպիսով, արտարժույթը խնայելու նպատակով կարիք չի լինի բացել միջազգային դպրոց Հայաստանում: 1992թ. Թաիլանդում փոփոխվեցին օրենքները, երբ 20 000 թաիլանդցի երիտասարդներ արդեն սովորում էին Միացյալ Թագավորությունում: 3.ՀՀ օրենսդրությունը թույլ չի տալիս բացել միջազգային դպրոց, որտեղ ուսուցումն իրականացվում է բրիտանական ազգային ուսումնական ծրագրով եւ անգլերեն լեզվով: Ամեն դեպքում, չեմ կարծում, որ հարկ կա փոփոխել առկա օրենքը, քանզի դա պետք է լինի արդարացված: 4.ՀՀ բուհական համակարգը համատեղելի չէ միջազգային բակալավրիատ կամ ALevels որակավորումների հետ: Այդ իսկ պատճառով, անգլիական ուսումնական ծրագրով սովորած աշակերտները ստիպված կլինեն շարունակել իրենց ուսումը Հայաստանից դուրս, որն արդյունավետ չէ…»:
Ռեկտորը նաեւ հավելում է, որ կարեւորելով հայերեն լեզվի եւ ինքնության պահպանումը յուրաքանչյուր հայ երեխայի համար եւ աջակցելով տվյալ քաղաքականության իրագործմանը, ծրագրում են բացել հայագիտության ամբիոն Թաիլանդի եւ Միացյալ Թագավորության Ռիջենթս դպրոցի մասնաճյուղերում, որտեղ հայ մասնագետները կդասավանդեն հայոց լեզու, գրականություն, պատմություն: «Գլոբալ Բրիջ» ուսումնական կենտրոնը, որի հիմնադիրներն են թաիլանդյան դպրոցի շրջանավարտներ Հայկ եւ Աննա Հարությունյանները, հանդիսանում է Ռիջենթս դպրոցի հայաստանյան ներկայացուցիչը: Հետագա իրադարձությունների մասին նրանք էլ տեղյակ կպահեն հայ հանրությանը:


















































