Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ

Հոկտեմբեր 12,2010 00:00

Երեւանը 2792 տարեկան է

\"\"

 \"\"

\"\"

 \"\"

\"\"

 \"\"

\"\"

 \"\"

\"\"

\"\"

\"\"

 \"\"

\"\"     \"\"

\"\"

 \"\"

Հոկտեմբերի 10-ին մեր հնագույն մայրաքաղաք Երեւանը տոնեց ծննդյան 2792-ամյակը: Մայրաքաղաքային իշխանությունները
այս առթիվ ամեն ինչ արել էին Էրեբունի-Երեւանի ծնունդը տոնախմբության վերածելու համար: Այս տարի ոչ միայն քաղաքի
կենտրոնն էր զարդարվել, այլեւ բոլոր վարչական շրջանները, կազմակերպվել էին համատարած մշակութային, ժամանցային,
սպորտային ու զանազան այլ միջոցառումներ, ձեւավորվել շուրջ 20 բեմ:
«Երեւանը մենք ենք» խորագրով միջոցառումների շարքը մեկնարկեց վաղ առավոտյան, երբ փոքր կենտրոնում արդեն դադարեցված էր երթեւեկությունը, լվացվել էին փողոցներն ու արձանները: 2010 թվականի 10-րդ ամսվա 10-րդ օրը նաեւ շատ սիրահար զույգեր էին որոշել ամուսնանալ: Գլխավոր թատերական ներկայացումը «Էրեբունի» թանգարանի տարածքում էր, որտեղ ներկայացվում էր Արգիշտի թագավորի եւ Էրեբունի ամրոց-քաղաքի հիմնադրման մասին պատմող թատերական բեմադրությունը: Այստեղ երեւանաբնակներին միացան նախագահ Սերժ Սարգսյանը: Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ԱԺ նախագաՀովիկ Աբրահամյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, մշակույթի նախարարն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Թանգարանին հարող տարածքից 3000 հոգուց բաղկացած զորախումբը Արգիշտի թագավորի գլխավորությամբ քայլերթով հասավ մինչեւ Ռուսաստանի հրապարակ: Ապա տոնական շքերթի մասնակիցները շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ:
Այստեղ երեւանցիներին եւ քաղաքի հյուրերին շնորհավորանքի խոսքերով դիմեց Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը. «Քիչ երկրներ կան աշխարհում, որոնց մայրաքաղաքն ունի այնպիսի մեծ նշանակություն պետության համար, ինչպես Երեւանն է։ Երեւանը ներկայացնում է մեր երկրի բնակչության մեկ երրորդը, տնտեսության շուրջ կեսը, մշակութային, հոգեւոր կյանքի գլխավոր օջախն է։ Երեւանն այսօր կայուն զարգացող մեր անկախ պետության մայրաքաղաքն է, որը վստահությամբ է նայում ապագային։ Երեւանը նաեւ համայն հայության մայրաքաղաքն է, նրա պատմական ժառանգորդը, մայր հայրենիքի դեմքն ու խորհրդանիշը, կարոտն ու քաղցրությունը։ Մենք հպարտ ենք մեր քաղաքով։ Մեր մայրաքաղաքը մենք ենք, բոլորս, եւ դա մեծ պատասխանատվություն է, որովհետեւ մեր յուրաքանչյուր քայլն արտացոլվում է նրա դիմագծի, կենսագրության ռւ, մեծ հաշվով՝ պատմության մեջ»։
Քաղաքի ամեն հատվածը վերածված էր տոնական տարածքի: Մաշտոցի եւ Բուզանդի փողոցների խաչմերուկում էլ «Մարաթուկ» համույթը ավանդական «Կոխի» ցուցադրական ելույթներ էր ներկայացնում: Ինչ վերաբերում է երաժշտական տարբեր ճաշակ ունեցողներին, նրանք տոնական օրով խնդիր չունեին. Կոմիտասի այգուն հարակից շրջանում հավաքվել էին դասական երաժշտության սիրահարները, Կասկադում՝ ջազ երաժշտության բեմ էր, Ազատության հրապարակում՝ վրացի, ռուս եւ հայ DJ-ները ուրախացնում էին երիտասարդներին, «Մոսկվա» կինոթատրոնին հարող Շարլ Ազնավուրի հրապարակում ռոքի սիրահարները վայելում էին «Էմփիռեին», «Դորիանսին», «Road movie»-ին ու այլ խմբերի, իսկ քաղաքի Մաշտոց-Բուզանդ փողոցների խաչմերուկում էլ ազգային երաժշտությունն էր իշխում:
Նորաձեւության ցուցադրություն, կրկեսային ներկայացումներ, կարաոկե-ակումբ, ռոք, լուսանկարների ցուցահանդես, անվճար շպար, դասական երաժշտություն, նկարչություն, հայկական գորգագործություն, փայտե փորագրություն, ավանդական զանազան տարրեր. այս ամենը ներկայացված էր Վարպետաց քաղաքի վերածված Հյուսիսային պողոտայում, որտեղ ցանկացած տարիքի ու նախասիրության մարդ կարող էր գտնել իրեն հետաքրքրող որեւէ բան: Հյուսիսային պողոտայի մի հատվածում լուսանկարների միջոցով ներկայացված էր Երեւանի հին ու նոր համադրությունը, մեկ այլ տեղ՝ Հրայր Բազեի 13 լուսանկարչական աշխատանքներն էին, իսկ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի օպերատորական բաժնի 4-րդ կուրսի ուսանող, լուսանկարիչ Գառնիկ Կարապետյանը ներկայացրել էր «Երեւանն ու երեւանցիները» խորագրով շուրջ 50 լուսանկարները: «Շատ եմ սիրում իմ քաղաքը, ինչքան էլ այն փոխվում է եւ երբեմն թամանյանական Երեւանը ճիշտ չի պահպանվում: Հուսով եմ, որ այդ թերությունները մի օր կմաքրվեն եւ կունենանք Թամանյանի երազած Երեւանը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց լուսանկարիչ Գ. Կարապետյանը: Նա միայն մի բան էր ցանկանում՝ Երեւանն ապագայում մաքուր տեսնել. «Մեր հնագույն քաղաքը չպետք է կեղտոտենք, ոնց որ հիմա են մարդիկ կեղտոտում»:
Էջմիածնի «Հայ միասնության խաչ» բարեգործական հասարակական կազմակերպությունը հիմնականում ծնողազուրկ երեխաներին սովորեցնում է փայտե փորագրություն, գորգագործություն, խեցեգործություն, նկարչություն եւ այլն: Կազմակերպության ղեկավար Գեւորգ Բեկնազարյանն ու իր սաներն էլ անցորդներին վաճառում էին իրենց փայտե աշխատանքները: «Երեւանի տոնը միայն երեւանցիներինը չէ, սա ողջ հայության տոնն է: Ոնց որ այսօր է ողջ հայությունը համախմբված, կուզեի հայերիս միշտ այսպես համախմբված տեսնել»,- ասաց Էջմիածնում բնակվող վարպետը: Նյու Յորքում բնակվող «Մեգերյան կարպետ» կազմակերպության սեփականատեր Րաֆֆի Մեգերյանի նախաձեռնությամբ Հյուսիսային պողոտայում հայկական ավանդական գորգագործությունն էր ներկայացվում: «Մեգերյան կարպետը» ցուցասրահներ ունի Նյու Յորքում, Շվեյցարիայում եւ աշխարհի շատ երկրներում: Ր. Մեգերյանը նշեց, որ ցանկանում էին հայկական տարազ կրել, բայց չեն գտել: Նրա կարծիքով, հին հայկական գորգերն ամբողջ աշխարհում մեծ տարածում ունեն. «Երբ գորգերի ցուցահանդես արեցինք Ատլանտայում, հասկացանք, որ հայկական գորգագործությունը վերականգնվել է»: Անդրադառնալով 2792-ամյա Երեւանին, մեր հայրենակիցն ասաց. «Երեւանն ինձ համար միշտ գեղեցիկ է եղել, աշխարհում մի հատ է: Նյու Յորքն էլ է գեղեցիկ, բայց սրտումդ միշտ քո հայրենիքն է, սա՛ է մեր ունեցվածքը: Երեւանը այսօր գեղեցկացել է, բայց ինձ ավելի է դուր գալիս Աբովյան փողոցի փոքր անկյունները, դա՛ է մեր պատմությունը: Հյուսիսային պողոտայի նման շենքեր կարող ես տեսնել յուրաքանչյուր երկրում, իսկ հնություն շինել չես կարող»:
Երեւանի առագաստանավային ակումբն էլ «Կարապի լճում» վինդսերֆինգի ցուցադրական ելույթներ էր կազմակերպել, չնայած ո՛չ քամի կար, ո՛չ էլ համապատասխան տարածություն, ուստի նույնիսկ Հայաստանի չեմպիոններն ու Սեւ ծովի գավաթի մրցանակակիրները չկարողացան հավաքվածներին զարմացնել իրենց մարզաձեւով, բայց միեւնույն է՝ հետաքրքրասերները շատ էին, եւ հաճույքով նայում էին փոքրիկ լճակում լողացող առագաստանավերին: Ակումբի մարզիչ-մենեջեր Լարա Մովսիսյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, թե ՀՀ նախագահի հրավերով ու խնդրանքով են որոշել կազմակերպել ցուցադրությունը: «Ուզում էինք ցույց տալ, որ Հայաստանում նման մարզաձեւ էլ կա», – ասաց նա ու հավելեց, թե այժմ աշխատում են մարզաձեւի մասսայականության համար: Ինչ վերաբերում է տոնին, ասաց. «Բնիկ երեւանցի եմ, ջերմ զգացումներ ունեմ, հաճելի է Երեւանը տեսնել այսպես տոնական, գեղեցիկ ու զարդարված: Ամեն ինչ ճաշակով եւ գեղեցիկ է կազմակերպված: Միակ բանը, որ մեզ պակասում է՝ մաքրությունն է»: Կոմիտասի այգում թոռան հետ դասական երաժշտություն ունկնդրող 60-ամյա Ժաննան էլ ասաց. «Անհամբերությամբ էինք սպասում այս տոնին: Տոնական տրամադրությունը սկսել ենք տանը ու շարունակում ենք դրսում»:
Օպերայի հետնամասում՝ ծառայողական մուտքի մոտ, հնչում էր «Երեւանի սիրուն աղջիկը»: Պարզվեց՝ այստեղ էլ նկարահանումներ էին ընթանում. պատրաստվում էր «Երեւանի սիրուն աղջիկ» երգի տեսահոլովակը՝ 20 տարի անց կամ, ինչպես հեղինակները նշեցին՝ «Տեսահոլովակ Երեւանի մասին»։
Երեւանյան տոնակատարություններին նաեւ քաղաքական գործիչներն էին ակտիվորեն մասնակցում: «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանին հանդիպեցինք Կասկադում՝ ջազ լսելիս: «Որպես երեւանցի՝ ցանկանում եմ, որ երեւանցիները վերականգնեն իրենց հպարտությունը եւ արժանապատվությունը, որը մեր ձեռքից վերցրել են ու պետք է վերադարձնեն: Պետք է շարունակենք պահպանել այն ավանդույթները, որոնք եղել են մեր հին Երեւանում»,- մեզ հետ զրույցում ասաց Ա. Մարտիրոսյանը:
Երեւանի 2792-ամյակը Հայաստանում բնակվող օտարերկրացիների համար էլ էր տոնական: Հնդիկ Աբիշեկ Ռայը Բժշկական համալսարանի 6-րդ կուրսի ուսանող է. «Ոչ միայն Երեւանը, այլեւ Հայաստանը շատ գեղեցիկ է: Վերջին 5 տարում Երեւանում շատ բան է փոխվել»: Նրան դուր չի գալիս միայն այն, որ Հայաստանում տղամարդիկ չեն աշխատում:
Տոնական միջոցառումների շարքը եզրափակվեց Հանրապետության հրապարակում կայացած գալա-համերգով, ապա լուսային ճոխ հրավառությամբ: Ելույթ ունեցան ոչ միայ հայ երգիչ-երգչուհիները, այլեւ արտասահմանցի երգիչները՝ Վալերի Մելաձեն, Բոնի Էմը, այլք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել