Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-Ն ԱՅՍՕՐ ԷԼ ԱՐՁԱԿԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ ԿԱ՞Ն

Մայիս 05,2011 00:00 Share

\"\"ՀԱԿ իրավական աջակցության կենտրոնի ղեկավար,  նախկին դատախազ Գագիկ Ջհանգիրյանի եւ անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանի կարծիքներն այս հարցում տարբեր են:

Երեկ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը էլի մի անգամ հստակեցրել է, որ իշխանությունների հետ բանակցություններ վարելու նախապայմանը քաղբանտարկյալների ազատ արձակումն է, որից հետո միայն ՀԱԿ-ը կարող է իշխանությունների հետ բանակցել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման շուրջ՝ նպատակ ունենալով «ավազակապետության կազմաքանդումն ու հաշվետու իշխանության ձեւավորումը»:
Ու թեեւ իշխանական շրջանակները՝ ի դեմս ՀՀԿ վերնախավի, կտրականապես հերքում են արտահերթ ընտրությունների հնարավորությունը, այդուհանդերձ, ՀԱԿ-ի պահանջը շարունակում է մնալ օրակարգում: Համենայնդեպս, քաղաքական վերլուծաբանները թերեւս բացառելով Սերժ Սարգսյանի կողմից արտահերթ նախագահական ընտրությունների գնալու հնարավորությունը՝ հիմնականում շեշտադրում են անում արտահերթ կամ հերթական խորհրդարանական ընտրությունների շուրջ ՀԱԿ-իշխանություն ենթադրյալ պայմանավորվածությունների վրա: Ավելին, որոշ աղբյուրներ հավանական են համարում արդեն սեպտեմբերին ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը: Այլք այդ հնարավորությունն ուղղակի բացառում են ու Կոնգրեսի այս մի պահանջն արդեն «անցած փուլ» եւ ձեւական են համարում՝ հիմնականում այն պատճառով, որ թյուրիմացաբար կարծում են, թե այլեւս մայիսի 12-ից հետո, այսինքն՝ ԱԺ հաջորդ ընտրություններից մեկ տարի առաջ, երկրի Սահմանադրությամբ խորհրդարանը չի կարող լուծարվել՝ մոռանալով, որ այդպիսի սահմանափակում կար 1995-ին ընդունված Սահմանադրությամբ, բայց 2005-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքում այլեւս նման արգելք չկա: Փոխարենը՝ հիմա կան ԱԺ-ն լուծարելու այլ սահմանափակումներ: Այսպես՝ ՀՀ Սահմանադրության հոդված 55-ի 3-րդ կետի համաձայն, ՀՀ նախագահը «Սահմանադրության 74.1-րդ հոդվածով նախատեսված դեպքերում ու կարգով արձակում է Ազգային ժողովը եւ նշանակում արտահերթ ընտրություն»: Իսկ հիշյալ՝ 74.1 հոդվածի համաձայն՝ «Հանրապետության նախագահն արձակում է Ազգային ժողովը, եթե ԱԺ-ն երկու անգամ անընդմեջ երկու ամսվա ընթացքում հավանություն չի տալիս կառավարության ծրագրին։
Հանրապետության նախագահը Ազգային ժողովի նախագահի կամ վարչապետի առաջարկությամբ կարող է արձակել Ազգային ժողովը, եթե՝
 ա) Ազգային ժողովը հերթական նստաշրջանի երեք ամսվա ընթացքում որոշում չի կայացնում կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագծի վերաբերյալ, բ) հերթական նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովի նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում, գ) հերթական նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովը երեք ամսից ավելի իր կողմից քննարկվող հարցերի վերաբերյալ որեւէ որոշում չի կայացնում»։
Ասել է թե՝ այսօր բացառվում է, որ մինչեւ սեպտեմբեր ԱԺ արտահերթ ընտրություններ լինեն, որովհետեւ, եթե նույնիսկ տեսականորեն ՀՀ գործող նախագահը փորձի իրեն հնազանդ խորհրդարանական մեծամասնությանը դրդել ԱԺ աշխատանքները «սաբոտաժի» ենթարկելուն, որը հիմք կտա իրեն ցրել խորհրդարանը, ապա դա նա կարող է նախաձեռնել միայն սեպտեմբերին, որից սկսած հետագա 3 ամիսների ընթացքում ԱԺ-ում համապատասխան իրավիճակի առկայության դեպքում բանը կհասնի դեկտեմբերին ԱԺ-ն ցրելու տեսական հնարավորությանը: Իսկ արդեն դրանից հետո նույն Սահմանադրության հոդված 68-ի համաձայն՝ «ԱԺ արտահերթ ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովն արձակելուց հետո ոչ շուտ, քան 30, եւ ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում», այսինքն՝ լավագույն դեպքում միայն 2012թ. փետրվարին՝ հերթական ընտրություններից ընդամենը 2 ամիս շուտ:
Այն, որ գործող նախագահը ո՛չ տեսականորեն, ո՛չ էլ գործնականում այսօր չի կարող ցրել ԱԺ-ն՝ երեկ «Առավոտի» հետ զրույցում փաստեց նաեւ ԱԺ նախկին նախագահ, իսկ հիմա անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանը՝ հիշեցնելով, որ այսօր չկա այն՝ վերը մեջբերված իրավիճակը, որը կարող է ԱԺ-ն լուծարելու հիմք տալ, «եթե հաշվի առնենք նաեւ այն, որ հերթական նստաշրջանի ավարտին շատ քիչ ժամանակ՝ մոտ մեկ ամիս է մնացել»: «Եթե սա նկատի ունենանք, ապա ակնհայտ կլինի, որ նման հարց անգամ, եթե զուտ տեսականորեն առաջանա, ապա կլինի աշնանային նստաշրջանին: Աշնանային նստաշրջանում նման բան անել՝ ձմռանն ընտրություններ անցկացնելու համար, անհեթեթ բան կլինի, որովհետեւ ընդամենը մի քանի ամիս հետո հերթական ընտրություններն են»,- ասաց Տ. Թորոսյանը: Նա նաեւ նշեց, որ ԱԺ-ն արձակելու մյուս տեսականորեն հնարավոր տարբերակն այն է, եթե խորհրդարանական մեծամասնությունը՝ այն էլ բացառապես համամասնականով ընտրվածների, այսինքն՝ ՀՀԿ ու ԲՀԿ ցուցակներով ընտրվածները, հրաժարվի իր մանդատներից (բանն այն է, որ Տ. Թորոսյանի մատուցմամբ, մեծամասնականով ընտրված պատգամավորների անգամ մեծամասնության կողմից մանդատներից հրաժարվելու դեպքում միայն առանձին տարածքներում նոր ընտրություններ պետք է կազմակերպվեն):
Երկրի նախագահի կողմից ԱԺ մեծամասնությանը «սաբոտաժի» դրդելու մասին մեր հարցադրմանն ի պատասխան՝ Տ. Թորոսյանն ասաց, թե դա հերթական կամայականություն կլինի, ու հավելեց. «Բայց երկրի նախագահը մարսեցի չի չէ՞: Նա խորհրդարանում ամենամեծ՝ փաստացի կեսից ավելի պատգամավորների ներկայություն ունեցող քաղաքական ուժի ղեկավարն է, եւ բոլոր դեպքերում պետք է հնարավոր լինի բացատրել հանրությանը՝ ինչո՞ւ է դա արվում: Դա անել եւ գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների միայն կարող է անել, չգիտեմ՝ թերեւս, խելքը կորցրած մեկը, որովհետեւ, ի վերջո, կուսակցություններն ընտրությունների գնում են մեծամասնություն ունենալու համար: Եթե դու արդեն իսկ մեծամասնություն ունես, ուրեմն՝ բարի եղիր այն խոստումները, որոնք տվել ես հասարակությանը, իրականացնել: Հակառակ դեպքում որեւէ ողջամիտ բացատրություն գտնել հնարավոր չէ»:
Ողջամիտ եւ հասարակության համար ընդունելի, նույնիսկ ողջունելի բացատրություն կարո՞ղ է լինել, օրինակ՝ ներքաղաքական լարվածության թուլացմանը, ընդդիմության պահանջների կատարմանը, համերաշխության մթնոլորտին միտված քայլ անելու ցանկությունը: «Քաղաքական բառապաշարը եւս պետք է լինի ե՛ւ ողջամիտ, ե՛ւ տրամաբանական, ե՛ւ հիմնավոր: Ուղղակի հիացական հայտարարություններն իրական քաղաքականության հետ կապ չունեն, եւ այդ առումով որեւէ մեկը չի կարող հիմնավորել, թե ինչու պիտի ՀՀ-ում հիմա ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացվեն: Ուղղակի համաձայնել ընդդիմության հետ եւ արտահերթ ընտրություններ անել՝ հիմնավորում եւ բացատրություն չէ: Եթե իսկապես կա ցանկություն քաղաքակիրթ ներքաղաքական մթնոլորտ ստեղծել եւ այլն, ապա դրա համար կան բազմաթիվ հնարավորություններ, եւ ա՛յդ հնարավորություններն ու ա՛յդ քայլերն են կարեւոր: Օրինակ, ընտրությունների ժամանակ նորմալ պայմաններ ստեղծելը, կեղծիքների չդիմելը»,- ասաց ԱԺ նախկին նախագահը՝ ակնհայտ համարելով, որ «արտահերթ ընտրությունները դարձել են ինչ-որ «իդեա ֆիքս», եւ նրանք, ովքեր խոսում են արտահերթ ընտրությունների մասին եւ իսկապես հավատում են, որ այդ ճանապարհով Հայաստանի քաղաքական կյանքը կբարելավվի, կամ շատ միամիտ մարդիկ են, կամ ուղղակի ձեւ են անում, թե նման նպատակ ունեն»:
Իսկ ՀԱԿ իրավական աջակցության կենտրոնի ղեկավար, նախկին դատախազ Գագիկ Ջհանգիրյանը համոզված է, որ այսօր էլ ԱԺ-ն արձակելու՝ Սահմանադրությամբ ամրագրված բավարար հիմքեր կան. «Միանշանակ ու անպայմանորեն Սահմանադրությունը նման հիմքեր տալիս է: Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար որեւէ սահմանափակում չկա: Ես գիտեմ, որ մի քանի օրինագծեր կան, որոնք կառավարության որոշմամբ հրատապ են ճանաչվել, եւ այս օրինագծերով երեք ամսից ավելի որեւէ որոշում խորհրդարանը չի կայացրել: Այնպես որ՝ սահմանադրական հիմքերը ստեղծված են՝ ԱԺ-ի արձակման հիմքերը կան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել