Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՆՈՒՆ ԻՆՉԻ՞ Է ՀԱԿ-ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ»

Մայիս 05,2011 00:00 Share

\"\"Դաշնակցական պատգամավոր Ռուզան Առաքելյանը վստահ է,  որ հասարակությունն այդպես էլ չիմացավ այդ հարցի պատասխանը:

– Ինչպե՞ս եք գնահատում ներքաղաքական իրավիճակը, ՀԱԿ-իշխանություն սերտացումները, արդյոք 2012-ի խորհրդարանական ընտրություններից առաջ եւ հետո քաղաքական դաշտը անսպասելի վերաձեւավորումների կենթարկվի՞:
– Այդ թեման վերջին օրերին շատ է շոշափվում, եւ ստացվում է, որ երբ Հայաստանում ստեղծվում է ոչ բոլորի համար սպասելի մի իրավիճակ, այդ մասին այնքան է խոսվում, այնքան է կենտրոնական դառնում այդ հարցը, որ կորցնում է կարեւորությունը: Մեկ ամիս է՝ անընդմեջ խոսվում է ՀԱԿ-իշխանություն երկխոսության մասին: Լավ, երկխոսություն է տեղի ունենում, բայց այնքան տարբեր մարդիկ տարբեր տեսանկյուններով վերլուծեցին, այնքան կարեւորեցին, այնքան ցաքուցրիվ տարրալուծեցին, որ ժողովուրդը, հասարակությունը (ի վերջո քաղաքական պրոցեսները հանուն երկրի եւ հանուն ժողովրդի պիտի լինեն, չէ՞) այդպես էլ չկարողացավ հասկանալ, թե ՀԱԿ-ի եւ իշխանության երկխոսությունը հանուն ինչի՞ էր: Եվ ես հիմա ուղղակի հռետորական հարց եմ տալիս՝ հանուն ինչի՞ է ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը, առանցքում ի՞նչն է դրված, երկրի շա՞հն է դրված, ժողովրդի շա՞հն է դրված, այդպես էլ չհասկացվեց: Իմ անձնական կարծիքով՝ իշխանության եւ ընդդիմության միջեւ ցանկացած երկխոսություն որեւէ երկրում պիտի դիտարկել եւ վերլուծել՝ հասկանալու համար, թե դրա առանցքում ինչն է դրված, հանուն ինչի է տեղի ունենում այդ երկխոսությունը, ինչի մասին են երկխոսում իշխանությունն ու ընդդիմությունը: Եթե ավելի մեծ նպատակների համար՝ երկրի եւ ժողովրդի շահ, անշուշտ, ողջունելի է, եւ դա խոսում է կայացած քաղաքական մշակույթի մասին: Բայց այս պարագայում (սա իմ անձնական կարծիքն է) ես չեմ տեսնում, որ դրված է երկրի զարգացման շահը կամ ավելի արդար ընտրություններ անցկացնելու մտահոգությունը: Կարծում եմ՝ երկուստեք ունեն իրենց առանձին շահը, եւ թե դրանից ինչ կշահի երկիրը կամ ժողովուրդը, օդից կախված հարց է: Որեւէ քաղաքագետ կամ վերլուծաբան դրա պատասխանը չի գտնում, երեւի չեն էլ փնտրում, որ գտնեն:
– Իսկ Դաշնակցությունը, որպես քաղաքական ուժ, այս իրավիճակում անելիք չունի՞, տպավորություն կա, թե Դաշնակցությունը մի կողմ է քաշվել եւ սպասում է զարգացումներին: Իմ տպավորությամբ՝ այս պահին Դաշնակցությունը որեւէ դերակատարություն կամ ասելիք չունի:
– Ձեր տպավորությունը սխալ է, Դաշնակցությունը երբեք ու երբեւէ մի կողմ քաշված չի եղել, երբեք դիտորդի դերում չի եղել, ընդհակառակը՝ միշտ կենտրոնում է եղել, անկախության առաջին օրերից եւ դրանից առաջ հենց կենտրոնում է եղել եւ երբեք երկրի որեւէ գործընթացի հայեցողական դիրքով չի նայել: Այսօր էլ, եթե մի քիչ ավելի անկողմնակալ դիտեք, կտեսնեք, որ Դաշնակցության դերակատարումը, որպես ընդդիմություն, շատ ավելի նպաստավոր է հենց քաղաքական մշակույթի քաղաքակիրթ զարգացման համար, քան այն, ինչ տեղի է ունենում ՀԱԿ-ի եւ իշխանության միջեւ: ՀԱԿ-ը մի ընդդիմություն է, որն ունի ուղղակի պահանջներ, եւ այդ պահանջները իրենց ներքին, նեղ շահերից վեր պահանջներ են: Իշխանության դերը շատ պարզ է, իշխանությունը փորձում է երկխոսության միջոցով ինչ-որ իմաստով տուրք տալ այդ պահանջներին, որպեսզի երկիրը դուրս բերի ցնցումներից: Իմ անձնական կարծիքով, իշխանության դերակատարությունը չպիտի լինի միայն այն, որ երկիրը խաղաղ մթնոլորտում պահի, այլ պիտի լինի երկրում հասարակություն զարգացնել, հասարակական միտք ձեւավորել:
– Ձեր հեղինակած մի օրինագիծը դարձել է երկար-բարակ քննարկումների առարկա, օրինագիծը կարծեմ կոչվում է «Մարզերի համաչափ զարգացման մասին», եւ եթե էությունը արտահայտված է վերնագրում, ուրեմն դրան կառավարությունը եւ կոալիցիան պետք է կողմ լինեն եւ ոչ թե դեմ, քանի որ եւ հանրապետության նախագահը, եւ վարչապետը շարունակ շեշտում են, թե այսօր մարզերի զարգացման հարցերը խիստ հրատապ են, ուրեմն, ինչո՞ւ, ըստ Ձեզ, այս նախագիծը չի ստանում դրական եզրակացություն:
– Դաշնակցության համար մարզերի զարգացումը միշտ եղել է առաջնային եւ կարեւոր խնդիր, եւ դա մեզ համար միայն խոսք կամ լոզունգ չէ, այլ կոնկրետ գործ, եւ մեր խմբակցությունը խորհրդարանում փորձում է խոսքը գործի վերածել իր ներկայացրած օրինագծերով: Ես ինքս երկու օրինագիծ հեղինակեցի, մեկը բարեբախտաբար կառավարության կողմից դրական եզրակացություն ստացավ. խոսքը մարզերի եւ սահմանամերձ բնակավայրերի ուսանողների անվճար կրթություն ապահովելուն էր վերաբերում՝ ետ վերադարձի պայմանով: Այս նախագիծը, որի մասին խոսում ենք, վերաբերում է աշխատավարձի հավելումներին։ Ես առաջարկել եմ լեռնային բնակավայրերում կատարել աշխատավարձերի 10 տոկոսի չափով հավելում, բարձր լեռնայինում՝ 20: Եթե գյուղում չկա զբաղվածություն, չի կարող սոցիալական խնդիր լուծվել, իսկ եթե կա սոցիալական խնդիր, բնականաբար, չի կարող ժողովրդագրության հարցը լուծվել, մենք չենք կարող ծնելիություն ակնկալել, եթե մարդը իր ապրելու համար նվազագույն պայմանները չի կարողանում ապահովել: Փորձել եմ այս օրինագծով նվազագույն չափով սոցիալական բարելավման խնդիր լուծել: Իհարկե, սա բյուջեի համար որոշակի գումար է ենթադրում, բայց եթե երկրի զարգացման հիմքում դնում ենք կոնկրետ խնդիր, ուրեմն պիտի նաեւ նկատի ունենանք որոշակի ծախսեր: Մարզերի համաչափ զարգացման խնդիրը առաջնահերթություն է նաեւ երկրի իշխանությունների համար, եւ պատահական չէ, որ երկրի նախագահը եւ վարչապետը իրենց հանդիպումների ժամանակ անչափ կարեւորում են մարզերի համաչափ զարգացման խնդիրը, ասելով, որ բնակավայրը բնակավայր է, եթե այնտեղ մարդ է ապրում: Ես բառացի չեմ մեջբերում, բայց էությունը դա էր: Բայց մարդը կարող է ապրել միայն այնտեղ, որտեղ ունի բավարար սոցիալական վիճակ եւ զբաղվածություն:
– Ուրեմն ինչո՞ւ են մերժում Ձեր նախագիծը, հարցը միայն բյուջե՞ն է կամ բյուջեում այդ նպատակի համար փող չլինե՞լը:
– Կառավարությունն օրինագծի գաղափարին կողմ էր, բայց վերապահումով՝ որ բյուջեում նախատեսված չէ այդ գումարը: Ի վերջո, բյուջեն հաստատվում է մեկ տարվա համար, իսկ երկրի զարգացումը եւ ընթացքը կարող է անակնկալներ ունենալ, եւ այդ մեկ տարվա ընթացքում հնարավոր է՝ որոշ առաջնահերթություններ փոխվեն՝ թելադրելով նոր գործելակերպ: Եվ երբ այժմ այդքան կարեւորվում է մարզերի զարգացման խնդիրը, որովհետեւ ի վերջո դա հանգեցրեց նաեւ անվտանգության խնդրի, արտագաղթն այսօր ազգային անվտանգության խնդիր է, ուրեմն, պիտի նաեւ այս մասին մտածել: Բյուջեն միայն տնտեսական փաստաթուղթ չէ, նաեւ քաղաքական փաստաթուղթ է, եւ սա ենթադրում է, որ այն կարող է փոխվել՝ ելնելով ստեղծված իրավիճակից: Իհարկե, Դաշնակցության համար մշտապես է կարեւոր մարզերի զարգացումը, գյուղերի պահպանման խնդիրը, իսկ այսօր ստեղծված իրավիճակը մեզ համար դարձել է ազգային անվտանգության խնդիր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել