Հայաստանի համայնքների մեծ մասը չունի տեղեկատվական էլեկտրոնային համակարգ, ունեցողների մի մասն էլ այն չի օգտագործում
1996 թվականին, երբ Հայաստանում ձեւավորվեց տեղական ինքնակառավարման համակարգը, ակնհայտ էր, որ տեղեկատվական համակարգ էր պետք՝ աշխատանքների ավտոմատացման, սպասարկման որակի բարձրացման եւ արդյունավետ ու թափանցիկ աշխատանք ունենալու համար: «Տեղեկատվական համակարգերի զարգացման եւ վերապատրաստման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Գրիշա Խաչատրյանը հիշում է, որ 15 տարի առաջ ոչ ոք չէր էլ երազում, որ կարող ենք ունենալ ցանցեր, կայքեր:
«Աշխատանքները սկսել ենք մեկ համակարգչից ու լոկալ ցանցերից: Սկսել ենք աշխատել տարածքային կառավարման նախարարության հետ, եւ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ՝ կատարելագործել այս գործիքը»,- տեղեկացրեց Գրիշա Խաչատրյանը:
2006 թվականից Համաշխարհային բանկի 235 միլիոն դրամով իրագործվում է «Պետական հատվածի արդիականացման ծրագիրը», որի շրջանակներում էլ Հայաստանի համայնքներում՝ համայնքային կառավարման տեղեկատվական համակարգերի ներդրման մեծ ենթածրագիր է իրականացվել. հանրապետության 912 համայնքներից 217-ում ներդրվել են տեղեկատվական համակարգեր՝ տեղային ցանցեր: «Հիմա 250 համայնքում կան նման գործիքներ, որոնք ոչ միայն տեղեկատվության տրամադրելու համար են, այլ կարող են առցանց ծառայություններ մատուցել, ինչպես նաեւ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն ապահովել»,- ասաց Գրիշա Խաչատրյանը:
Տեղային ցանցի եւ համակարգչի առկայությունը լուրջ հիմք է կայք ունենալու, սեփական համայնքի սահմաններից դուրս համայնքը ներկայացնելու եւ աշխարհին ներկայանալու համար: Գրիշա Խաչատրյանը տեղեկացրեց, որ այս պահին 22 համայնք կայք ունի, կան համայնքներ, ուր զարգացրել են համակարգը՝ էլեկտրոնային ստորագրություն ունեն, կան համայնքներ, որոնք ռեսուրսը չեն օգտագործում:
«Բացի համակարգերը ստեղծելուց, նաեւ 1300 մասնագետի վերապատրաստում է իրականացվել: Հիմա ինտերնետը շատ ավելի հասանելի է, ու գները շատ ավելի մատչելի, այնպես որ, կարելի է բոլոր համայնքներում կամ իմ նշած 250-ում ունենալ կայքեր: Բայց ոչ բոլորն են դա օգտագործում: Օրինակ՝ կան կայքեր, որ չեն թարմացվում: Սրա կողքին կան գյուղեր եւ քաղաքներ, որ սեփական նախաձեռնությամբ են համակարգը տեղադրում: Օրինակ՝ Լոռու մարզի Ճոճկան գյուղը: Դիմել են տարածքային կառավարման նախարարություն, մենք վերապատրաստել ենք մասնագետին, գյուղապետարանը գնել է համակարգիչ եւ հիմա համակարգը լիարժեք աշխատում է: Ապարան քաղաքում երբ այս համակարգի համար պատասխանատու պաշտոնյան ազատվում է, նախ վերապատրաստում է իր հաջորդին»,- ասաց Գրիշա Խաչատրյանը:
Փորձագետը համոզված է, որ այս համակարգում կայունություն պիտի լինի: Ընտրությունից ընտրություն՝ համայնքապետարանի աշխատակազմը փոխվում է ու դա ազդում է աշխատանքների որակի վրա, նոր եկողին նորից վերապատրաստելու անհրաժեշտություն է առաջանում:
«Տեղեր կան, որ համայնքի ղեկավարը տեղեկատվական համակարգը չի կիրառում ու այստեղ հաջողությունները շատ չեն կարող լինել: Կարող եմ հաստատ ասել՝ այն համայնքի ղեկավարը, որ այս համակարգը չի կիրառում, ավելի վատ է ղեկավարում համայնքը, քան նա՝ ով կիրառում է»,- ամփոփեց Գրիշա Խաչատրյանը:


















































