Լրահոս
Օրվա լրահոսը

Համադասարանցիներն ու New Valley Symphony Orchestra-ն

Մայիս 05,2011 00:00 Share

Հուզիչ համերգ՝ ԱՄՆ-ում

Լոս Անջելեսի նման մեգապոլիսում, ուր սփռված են հայ էմիգրանտների ընտանիքները, նախկին հարեւանների, ծանոթների կամ համադասարանցիների հանդիպումը միշտ էլ յուրօրինակ տոնի է վերածվում: Այս անգամ էլ հաճելի էր տեսնել, որ Hall of Liberty դահլիճը լիքն է հատկապես երեխաներով, որոնք «կիսում» էին շռնդալից ծափահարություններ ու «բրավոներ» հնչեցնող իրենց ծնողների հիացմունքը: Դրա «մեղավորը» դաշնակահար Նազելի Աթայանի, դիրիժոր Արմեն Կարապետյանի եւ New Valley Symphony Orchestra-ի երաժիշտների հրաշալի համերգն էր:
Իսկ ինչո՞ւ հենց երեխաների ներկայությունը համերգին շեշտեցի, որովհետեւ, ցավոք, սակավաթիվ են նման բարձրակարգ համերգները, այն էլ օրը ցերեկով եւ……անվճար: Չէ՞ որ որակյալ եւ մատչելի երաժշտության համերգների այցելությունն է մեծ դեր ունենում ժամանակակից մարդու արժանապատիվ կերպարի ձեւավորման գործում: Երկացանկը լավ էր ընտրված՝ սիրելի ստեղծագործություններ, ինչպես մասնագետների, այնպես էլ հանրության լայն շրջանակների համար. Գերշվին եւ Բիզե: Երկու տարբեր անհատականություններ են, բայց ուշադիր հայացքի դեպքում երկու հեղինակների մոտ էլ ընդհանրություններ կարելի է նկատել՝ երաժշտության պատմության մեջ նրանց ունեցած դերի առումով: Բիզեն՝ Ֆրանսիայում, Գերշվինը՝ Ամերիկայում, կեսդարյա տարբերությամբ ուղղակի աննախադեպ նորարարություն արեցին: Ֆրանսիացի Բիզեն 19-րդ դարի վերջին քառորդում ստեղծեց առաջին իսպանական օպերան՝ «Կարմենը», իսկ հրեա Գերշվինը 20-րդ դարի առաջին քառորդում՝ առաջին անգամ անդրադարձավ աֆրոամերիկացիների երաժշտությանը, նրա սիմֆո-ջազը եւ «Պորգին եւ Բեսը» օպերան դասական երաժշտության մեջ նոր էջ բացեցին:
Այս երկու հեղինակները մեկ ընդհանրություն էլ ունեն. դարերով եվրոպացի կոմպոզիտորները, որպես իրենց ստեղծագործությունների հիմք՝ օգտագործել են ազգային երաժշտություն՝ երգեր, պարեղանակներ, մինչդեռ Բիզեն ու Գերշվինը իրենք են ստեղծել վառ մեղեդիներ եւ այնքան հոգեհարազատ, որ դրանք կարելի է ընկալել իբրեւ ժողովրդական: Բիզեն սինթեզեց իսպանացիների, գնչուների, մավրերի երաժշտության ռիթմերն ու ինտոնացիաները, իսկ Գերշվինը՝ ամերիկյան, աֆրիկյան հոգեւոր տխուր աղոթերգերն ու սփիրիչուելները:
Դաշնակահար Նազելի Աթայանին պետք է արժանին մատուցվի. նա հրաշալի էր զգում Գերշվինի ոճը, ռիթմերի ինքնատիպությունը, քմահաճություններն ու կրակը: Աթայանը, այսպես ասած՝ «պատկերավոր լսողություն ունի», ինչը զգացվում էր նրա նվագելու ժամանակ: Ամեն կտոր կատարելիս՝ դաշնակահարը գտնում էր երաժշտական մտքի հնչողության յուրօրինակ գույներ եւ հիացնում հնչյունային երանգների հարուստ պալիտրայով, որոնք անասելի թեթեւությամբ հորդում էին ռոյալից: Առանձնահատուկ հուզիչ, ասես ինտիմ փսփսուկի նման էին հնչում հոգեւոր կտորները: Կարճ ասած, դաշնակահարը նկարում էր հնչյուններով, իսկ նվագախումբը հստակորեն աջակցում էր նրան՝ ականջահաճո պատկերներ ստեղծելիս:
Արմեն Կարապետյանը ղեկավարել է New Valley Symphony Orchestra-ն շուրջ 4 տարի: Սովորաբար դիրիժորներին բաժին են ընկնում համալրված նվագախմբեր, իսկ Արմենը ստիպված է եղել լուրջ աշխատանք տանել՝ հավաքել-մեկտեղել է 52 երաժիշտների, որոնց մեծամասնությունը էմիգրանտներ են: Տաղանդավոր դիրիժորի ոճը ամբողջացնում է զսպվածությունը, հստակությունը՝ առանց որեւէ կաթիլ արտիստիզմի, դրա հետ մեկտեղ երաժշտությունը հյութեղ է, մեկնաբանությունը՝ զուլալ:
Ի դեպ, Նազելի Աթայանը եւ Արմեն Կարապետյանը համադասարանցիներ են, Երեւանի Չայկովսկու անվան դպրոցի շրջանավարտներ: Աթայանը աշակերտել է Է. Ապրեսովին, իսկ կոնսերվատորիայում՝ մորը՝ պրոֆեսոր Մարջան Մխիթարյանին: Աթայան ցեղը մշակույթի հրաշալի գործիչներ է տվել, բավական է միայն նշել երաժշտագետ Ռոբերտ Աթայանին (հայրն է), նկարիչ եւ փիլիսոփա Արմեն եւ Էրիկ Աթայաններին:
Արմեն Կարապետյանի ճակատագիրը բնորոշ է բեյրութցի հայրենադարձներին՝ ծնողները անցել են հետպատերազմյան Հայաստանի բոլոր դժվարությունների միջով: Ջութակահար հայրը երկու որդիներին էլ կողմնորոշել է դեպի երաժշտություն, երկուսն էլ դարձել են ջութակահարներ: Արմենը ուսանել է պրոֆեսոր Գ. Բոգդանյանի մոտ, նվագել է ջութակահարների դպրոցական անսամբլում, սակայն վերջինիս ղեկավար Գ. Աճեմյանի մոտ ունեցած պարապմունքները հետաքրքրություն են առաջացրել դիրիժորության հանդեպ: ԱՄՆ տեղափոխվելուց հետո Արմենը յուրացրեց դիրիժորական արվեստը՝ Դանիել Լուիսից: Երաժիշտ կատարողների մրցույթում նա առաջին մրցանակ ստացավ եւ մեկնեց Հավայան կղզիներ, որտեղ 10 տարի հանդես եկավ տեղի սիմֆոնիկ նվագախմբում: Լոս Անջելես տեղափոխվելուց հետո նա աշխատել է Pacific symphony նվագախմբում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել