Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարզապես»-ը և «Ես իմ համար եմ գրում»-ը պետք է տեղ չունենան

Նոյեմբեր 11,2011 20:51

Հիմա շատերն ուզում են գրել, քանի որ դա այսօր, ինչպես մի ժամանակ անգլերեն  պարապելն էր,  դարձել է «պրեստիժ», բայց քչերն են մտածում գրական գործ ստեղծելու մասին, այնպիսի տպավորություն է, որ մարդիկ ստեղծում են «արվեստ արվեստի համար» կամ հարազատ-բարեկամների համար: Այսպիսին է հայ գրականության վիճակը, ըստ «Առավոտ երիտասարդականի» հետ զրուցած մի քանի երիտասարդ բանասերների: «Որպես ստեղծագործող բանասեր՝ ուզում եմ ասել, որ պետք չէ բավարարվել միայն «գրողի ներշնչանքով և մտածել, որ եթե գրում ես, ուրեմն բոլորը պիտի հավանեն, ասեն. «Ընտիր ա, վերջն ա, դու «թույն» գրող ես»: Չէ´, չկա նման բան»,-ասում է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի 20-ամյա Անի Աբրահամյանը : Իսկ  ըստ երիտասարդ ստեղծագործող  Լուսինե Համբարյանի՝ մեր օրերում քիչ չեն իսկապես տաղանդավոր գրողները, բայց շատ են նաև մարդիկ, որոնք տաղանդավոր լինելու հեռավոր հավակնություններ անգամ չունեն, ավելին` անգրագետ են և նրանց ստեղծածը ոչ մի կերպ չի տեղավորվում  «գրականություն» եզրույթի մեջ, այսպես հարստացվում է գրականության «աղբակույտը»:

«Եթե դու ձեր տան, ձեր թաղի պոետն ես, դա դեռ չի նշանակում, որ դու պոետ ես»,- ասում է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը:

Գրականությանը, մասնավորապես` ստեղծագործելուն լուրջ մոտեցում են ցուցաբերում մասնագիտությամբ բանասերները: Նրանք հետևողական են թե´ ստեղծագործության լեզվի, թե գեղարվեստականության հարցում:  «Գրականությունն այն տիրույթն է, որտեղ «պարզապես»-ը և «Ես իմ  համար եմ գրում»-ը պետք է տեղ չունենան»,- ասում են երիտասարդները, ովքեր մտահոգ են ներկա գրական իրականությամբ: Ըստ նրանց` տեխնոլոգիական զարգացումները ցանկացած մարդու տալիս են հանրության առաջ արտահայտվելու և գործելու լայն տարածություն, ինչը բնավ էլ դրական ազդեցություն չի ունենում գրականության վրա, ուստի հարկավոր է մաքրել գրականությունը գրամոլներից և վերջիններիս ստեղծած «գլուխգործոցներից»:

«Շատերը հիմա կարող են ասել, որ իրենց հալածում են, չեն ընդունում որպես բանաստեղծի ճիշտ այնպես, ինչպես շատ հայ նշանավոր բանաստեղծների, ինչպես օրինակ` Չարենցին, Սևակին: Իսկապես` այսօր կա «հալածանք», բայց հալածվողները հեռու են Չարենց ու Սևակ լինելու փառքից, նրանք մարդիկ են, ովքեր պարզապես գրում են, իսկ նրանք շատ վտանգավոր են թե´ մեզ, թե´ գրականության, թե´ մեր գալիք սերունդների համար: Հարկավոր է մաքրել ասպարեզը «պարզապես գրողներից», որ երևան կոչումով գրողները»,- ասում է գրականություն «պաշտող» կենսաբանության ուսուցչուհի 25-ամյա Արփինեն :

Հռիփսիմե Գալստյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930