Լրահոս
Օրվա լրահոսը

Ատամհատիկին էլ է գնդակ վերցրել

Նոյեմբեր 11,2011 21:08

«Առավոտ երիտասարդականը» այս  անգամ ժամադրվել էր Հայաստանի երիտասարդական հավաքականի, Բանանցի ֆուտբոլիստ Վալտեր Պողոսյանի հետ: Ժամադրությունը փոքր-ինչ դժվար ստացվեց: Ստիպված էինք դիմել նրա մայրիկի օգնությանը, որը մեծ սիրով համաձայնեց օգնել մեզ: Մի քանի անգամ հետաձգվելուց հետո` մեր ժամադրությունը վերջապես կայացավ: Հանդիպեցինք Աբովյան փողոցի սրճարաններից մեկում:

Ինչպե՞ս է անցել Ձեր մանկությունը:
Մանկությունս անցել է հենց այս` Աբովյան փողոցում: Երեխաներով իջնում էինք պահմտոցի ու այլ խաղեր էինք խաղում: Պատահում էր, որ խաղերի համար կռիվներ էինք անում: Խելոք, ուրախ երեխա էի: Սիրում էի, երբ հեքիաթ էին պատմում, մանավանդ՝ «Շունն ու կատուն»: Դպրոցից փախչում էի, որպեսզի գնամ ֆուտբոլի պարապմունքների: Մեկ անգամ էլ տղաներով դասից փախչելուց բռնվեցի: Ուզում էին իմանալ, թե ովքերով էինք փախչում, այդպես էլ չասացի: Հետո ծնող կանչեցին, ու ամեն ինչ այդպես ավարտվեց:

-Ձեր երազանքը ֆուտբոլիստ դառնա՞լն էր, թե՝ ուրիշ մասնագիտություն էիք ցանկանում ունենալ:

Փոքր տարիքից էլ երազել եմ ֆուտբոլիստ դառնալու մասին: Անգամ ատամհատիկիս գնդակ եմ վերցրել: 7 տարեկանից սկսել եմ հաճախել ֆուտբոլի պարապմունքների, մայրիկս էր տանում: Մի քանի տարի առաջ, երբ խաղում էր Հայաստանի հավաքականը, ես գնդակներ էի մատակարարում: Միշտ երազում էի, որ մի օր էլ ես խաղամ այստեղ:

Ձեր առաջին ժամադրությունը հիշու՞մ եք:
Այո, դասընկերուհուս հետ էի ժամադրված: 15 տարեկան էի: Առաջին ժամադրությունը այնքան էլ չի տպավորվել: Աղջիկը առաջարկեց, ես էլ համաձայնվեցի: Հանդիպեցինք օպերայի տարածքում: Փոքր ինչ հուզված էի:

Շատ աղջիկների կհետաքրքրի`այժմ ունե՞ք ընկերուհի:

Ոչ, կարծում եմ, կխանգարի ֆուտբոլին: Մանավանդ, որ շատ խանդոտ եմ:

Հնարավո՞ր է սիրո համար հրաժարվեք ֆուտբոլից:

Երբեք: Իմ կյանքում ֆուտբոլն առաջնային տեղ ունի:

Կցանկանայիք, որ Ձեր կինը ֆուտբոլով զբաղվեր:

Ոչ, ընտանիքում մեկ ֆուտբոլիստը հերիք կլինի: (Ծիծաղում է- Լ. Ս.)

Կպատմե՞ք ձեր նախասիրությունների մասին:

Սիրում եմ պարել, լողալ: Կարդալ ևս շատ եմ սիրում, բայց հիմա շատ քիչ ժամանակ ունեմ: Ավելի նախընտրում եմ հայ գրողներին:

Ինչպե՞ս է անցնում Ձեր օրը:

Առավոտյան արթնանալուց հետո գնում եմ պարապմունքների, հետո գալիս եմ տուն, հանգստանում եմ, երեկոները գնում եմ զբոսնելու: Չեմ կարողանում տանը երկար մնալ:

Կա՞ արդյոք ինչ-որ տակտիկական հնարք, որ կյանքում եք օգտագործում:

Իմ տակտիկական հնարքները միայն ֆուտբոլում են:

Ունե՞ք նպատակ կամ երազանք, որին շատ եք ցանկանում հասնել:

Երազում եմ խաղալ Հայաստանի հավաքականում և ավելի բարձրակարգ ակումբում` Մանչեսթեր Յունայթեդում կամ Բարսելոնայում:

Լիլիթ Սարգսյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930