Լրահոս
Օրվա լրահոսը

Սրբազանը դժգոհ է հայկական մամուլի վիճակից

Մայիս 05,2012 20:32

Երեկ Շիրակի հոգևոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը մամուլի ազատության օրվա կապակցությամբ իր մոտ էր հրավիրել տպագիր մամուլի ներկայացուցիչներին: Հանդիպումը սկսվելուն պես` սրբազանը նեղվեց, որ Հայաստանը մինչև օրս միջազգային մակարդակի թերթ չունի, թերթերը  «վտիտ են և իրենց դիզաjնով, ծավալով  քայլք չեն պահում համաշխարհային մակարդակի հետ»: Մի խոսքով, ըստ սրբազանի, հայկական մամուլը  սովետական մակարդակի վրա է: «Ես նախանձում եմ թուրքերին , հաճախ եմ կարդում նրանց թերթերը, նրանք 32 էջանոց օրաթերթեր ունեն, իսկ  մեր թերթերը  այդպես էլ չեն չաղանում,  նույնիսկ Աֆրիկայի ամենահետամնաց երկիրը` Չադը գունավոր, հետաքրքիր դիզայնով թերթեր ունի, իրոք սա ինձ տխրեցնում է», – ասաց Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:

Այնուհետ նա  դժգոհեց, որ  Հայաստանում չկա հետաքննական  ժուռնալիստիկա, չկան ինքամոռաց պրոֆեսիոնալ լրագրողներ: «Երբեմն ես զանգահարում եմ լրագրողներին ու հրավիրում եմ  իմ այցերը լուսաբանելու, իսկ երբ չեմ զանգահարում, չեն գալիս , բայց  հետո ասում են` չեք հրավիրել, չենք եկել: Տնաշեններ, սպասում եք հրավիրե՞մ, որ գաք, կարող է ես թաքուն ինչ-որ բան եմ անում, եկեք բացահայտեք, փորփրեք: Ժուռնալիստը ոստիկանությունից մի քայլ պիտի առաջ գնա` քննիչի պես: Այդ առումով դրսի թերթերը ներկայանալու տեղ ունեն, իսկ մեր լրագրողների հետաքրքությունները սահմանափակ են ` նախագահ, վարչապետ, մարզպետ: Մեր մոտ լրագրողները զբաղվում են ապահով թեմաների լուսաբանմամբ, իսկ ոչ ապահովներից փախչում են»,-կարծում է  սրբազանը :

Aravot.am-ի այն դիտարկմանը, թե ո՞վ ասաց, որ հայկական հետաքննական ժուռնալիստիկայում ինքնամոռաց պրոֆեսիոնալներ  չկան, օրինակ` Էդիկ Բաղդասարյանը, պարզապես  լրագրողների  իրավունքները պաշտպանված չեն, լրագրողների  գլուխը տալիս ջարդում են,  հանցագործներին  չեն բացահայտում, սրբազանն այսպես արձագանքեց. «Բա 1-2 գլուխը  պիտի տան ջարդեն, լրագրողը պետք է լինի այնտեղ, որտեղ կրակ է , որտեղ դժբախտություն է: Հայասանը պատերազմող երկիր է, բայց ես ոչ մի անգամ չտեսա, որ մի հատ հայ լրագրող զոհվեր, Ղարաբաղյան դեպքերը լուսաբանելը Ցվետանա Պասկալևայի ուսերին էր: Հիշում եմ Հայլուրը մի թղթակից ուներ Լիբանանում` Անուշ Թրվանց, նա շատ լավ աշխատում էր, բայց երբ Լիբանանում պատերազմ սկսվեց, առաջին ռումբը պայթեց, Անուշ Թրվանցը նստեց Բեյրութ-Երևան ինքնաթիռը ու փախավ: Մինչդեռ աշխարհը իր լրագրողներին հենց այդ պահին ուղակեց Լիբանան»:

Սրբազանը նաև նեղսրտեց, որ Գյումրիում տեղի ունեցած վերջին սպանության մասին ոչ մի լրատվամիջոց իրեն ավել բան չհաղորդեց, քան ժողովրդական խոսակցությունն էր:  «Այսպես ասած ընդդիմադիր մամուլն էլ  իրեն օբյեկտիվ չի պահում, շատերը կրկնում են մեկը մյուսին, կարդալու բան չկա, ես ամեն օր բոլոր թերթերն եմ գնում , բայց գիտեք թերթերից ես միշտ բա՞ն եմ գտնում կարդալու: Մամուլի ազատություն այսօր կա, նայում եմ` գրել են մայիսի 7-ին Սաշիկ Սարգսյանին պազ քշելու ենք ուղարկում, որ գրում եք` չպիտի  կարողանանք անենք, էլ ինչու՞ եք գրում: Լավ կլինի, որ մամուլի ազատությունը ծառայի մամուլի կայացմանը»,- ասաց նա:

Ներկաները սկսեցին հակաճառել սրբազանին` ասել, որ եթե տպագիր մամուլը չի չաղանում, ապա պատճառն այն է , որ երկիրը չի չաղանում : Նրանցից մեկն էլ նկատեց. «Սրբազան, այսպե՞ս են շնորհավորում մեր տոնը, մեզ մեղադրելո՞վ»: Շիրակի հոգևոր թեմի առաջնորդը ուղղեց նրան. «Ոչ սրանք մեղադրանքներ չեն, այլ հայրական խրատ է: Ես չեմ մեղադրում թերթերին, ես տխրում եմ, մտահոգվում եմ, թե ինչու 20  տարի շարունակ մամուլը այս ձևով է մնում, պիտի զարգանար, ոչ թե տեղում դոփեր»:

Սրբազանը` նշեց, որ իր մտքի անկյունում եղել է լրագրող դառնալը, շատ է գնահատում լրագրողների աշխատանքը , եթե ամեն առավոտ գնում է բոլոր թերթերը, դա նշանակում է , որ ինքնըստինքյան գհանահատում է  լրագրողներին: «Եթե երկիրը չի զարգանում, դուք գտեք ձեր մեղքի բաժինը», – խորհուրդ տվեց սրբազանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031