
«Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն Aravot.am-ի հետ զրույցում արձագանքելով դիտարկմանն` ինչո ՞ւ Ֆրանսիան որոշեց Ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծը «թաշկինակի տեղ»
օգտագործել, ասաց. «Ֆրանսիան, լինելով ԵՄ-ի առանցքային երկրներից մեկը, լինելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ, իր շահերն ուներ տարածաշրջանում եւ այս ամենը պետք է դիտարկել հենց այդ համատեքստում: Հաշվի առնելով, որ գոյություն ունի հայ-թուրքական հարաբերությունների այդ թնջուկը, ֆրանսիացիները, իրենց շահերի տեսակետից, հնարավորինս բարձր ՕԳԳ-ով օգտագործեցին դա, որպեսզի առաջ տանեն իրենց շահերը ոչ միայն Հարավային Կովկասում, այլ նաեւ Մերձավոր Արեւելքում»: Երկրի ներսում օգտագործելով հայկական գործոնը, մեր զրուցակցի կարծիքով, Ֆրանսիական պետությունը լրջագույն ճնշում գործադրեց Թուրքիայի վրա, որից հետո հանելով այդ ճնշումն, այնուամենայնիվ, Թուրքիային որեւէ խոստում չտվեց, ընդառաջ քայլի մասին խոսք չգնաց, եվրոպական ինտեգրացիայի առումով:
«Փաստորեն, Ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի հանելը Ֆրանսիան վաճառեց Թուրքիայի վրա»,- եզրակացնում է Ռուբեն Մեհրաբյանը եւ փարատելով մտահոգությունները հավելում, որ օգտագործվեց ոչ միայն Հայաստանը, այլ նաեւ Թուրքիան: Այս ամենից հետո, քաղաքագետը միայն արձանագրում եւ ցավում է, թե «ինչքան անհեռատես ու ոտաբոբիկ է հայկական դիվանագիտույունը» եւ որքան կարծրացած են մեր ընկալումները տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ: Նա նկատում է նաեւ, որ Թուրքիան էլ փոքր երկիր չէ, շահեր ունի, բայց չի կարողանում ավելի լայնախոհ գտնվել, հարցերը ապագայի շահերից դիտարկել ու անգամ մեկ միլիմետր ընդունակ չէ դուրս գալ իր պատմական կարծրատիպերի շրջանակից: «Ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի այս շրջապտույտը որեւէ նպաստ չբերեց հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը: Ցավում եմ, քանի որ Հայաստանի անվտնագության, ինքնիշխանության շահերից ուղղակիորեն է բխում հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը»,-ասում է քաղաքագետը:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին` հիմա ի՞նչ պետք է անի հայկական դիվանագիտական կորպուսը, որը մի քանի ամիս առաջ հրճվանքով էր արձագանքում այդ զարգացումներին, Ռուբեն Մեհրաբյանն ասաց. «Պետք է լրջագույն սրբագրումներ կատարի իր աշխարհընկալումների մեջ ընդհանրապես: Այդ հրճվողները լավ կանեն գոնե ներողություն խնդրեն հանրությունից` իրենց Գիքորի միամտության համար: Բավական է Հայաստան պետությունը եւ հայ ժողովրդին իրենց նման հիմար հրճվանքներով դնեն այսպիսի անհարմար իրավիճակների մեջ»:
Մեր զրուցակիցը խորհուրդ է տալիս հայ-թուրքական հարաբերությունների բանալին չփնտրել երրորդ երկրներում. «Հայաստանի եւ Թուրքիայի իշխանությունները պետք է քաջություն գտնեն եւ միջպետական հարաբերություններ կարգավորեն`առանց նախապայմանների, սեփական ժողովուրդների շահերից ելնելով: Դրանից կշահեն ոչ միայն հայ եւ թուրք ժողովուրդները, այլ ամբողջ տարածաշրջանը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































