Հարցազրույց Հայաստանում Ֆրանսիական համալսարանի պրոռեկտոր Արայիկ Նավոյանի հետ
– Պարոն Նավոյան, որպես Հայաստանի Սենգորի անվան ֆրանկոֆոնիայի ամբիոնի համակարգող, մասնակցել եք բազմալեզվության գծով խմբի աշխատանքներին: Ի՞նչ կարող է տալ բազմալեզվությունը մեր երկրին:
– Աշխատանքային խումբը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) Գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆի նախաձեռնությունն էր: Նա 2011թ. դիմեց Քրիստիան Ֆիլիպին` Ֆրանսիայի Հանրապետության նախագահի Ֆրանկոֆոնիայի հարցերով նախկին ներկայացուցչին, փորձագետների մի խումբ կազմելու բազմալեզվության զարգացման վերաբերյալ առաջարկություններ մշակելու եւ 2012թ. հոկտեմբերի 12-ից 14-ը Կինշասայում կայանալիք ՖՄԿ անդամ պետությունների եւ կառավարությունների ղեկավարների գագաթաժողովին ներկայացնելու համար: Այս նախաձեռնությունը համընկնում է ՖՄԿ-ում Հայաստանի կարգավիճակի փոփոխության` լիիրավ անդամ դառնալու եւ ֆրանսերենի դասավանդումն ու իմացությունը զարգացնելու նպատակով «Լեզվական համաձայնագիր» կնքելու գործընթացի հետ:
Կարդացեք նաև
Ընդհանրապես, կոնկրետ անհատների դեպքում ժողովրդական ասացվածքը ասում է՝ «Ինչքան լեզու գիտես, այնքան մարդ ես»: Ներկայումս գլոբալիզացիայով եւ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմամբ պայմանավորված՝ աշխարհում բազմալեզվությունը անհրաժեշտություն է նաեւ մասնագիտական գործունեության ոլորտում: Հայաստանում Ֆրանսիական համալսարանի շրջանավարտներն, օրինակ, տիրապետում են, ֆրանսերենից բացի, նաեւ անգլերեն, ռուսերեն, մի մասը նաեւ գերմաներեն լեզուներին: Նրանց շուրջ 80 %-ի՝ Հայաստանում աշխատանքի տեղավորման գործակիցր մեծապես պայմանավորված է նաեւ լեզուների իմացությամբ, որը ցույց է տալիս բազմալեզվության առավելությունը:
Փոքր երկրների համար, ինչպիսին Հայաստանն է, բազմալեզվությունը առաջին հերթին աշխարհի հետ ինտեգրվելու եւ միաժամանակ իր ազգային ինքնությունը պահպանելու միջոց է: Ի հակադրություն մեկ ընդհանուր լեզվի ջատագովների, բազմալեզվայնության կողմնակիցների համար յուրաքանչյուր լեզուն իր ուրույն տեղը ունի տնտեսական, սոցիալական եւ մշակութային փոխանակումներում:
Աշխատանքային խմբի առաջարկներից մեկը, օրինակ, վերաբերում է Ֆրանկոֆոնիայի նախաձեռնությամբ «Լեզվական բազմազանության» վերաբերյալ միջազգային համաձայնագրի ընդունման եւ բազմալեզվությունը որպես «Մարդկության համընդհանուր ժառանգություն» ճանաչելու անհրաժեշտությանը: Առաջարկների մեծ մասը վերաբերում է ֆրանսերենի եւ Ֆրանկոֆոնիայի զարգացմանը՝ բազալեզվության շրջանակում:
– Հայաստանում վերջին շրջանում հաճախ է խոսվում հանրակրթության ոլորտում օտար լեզուներով դասավանդման մասին, ինչպիսի՞ն է ձեր դիրքորոշումը:
– Օտար լեզվով կրթության կազմակերպումը հանրակրթությունում կարող է լինել որակյալ կրթության տրամադրման եւ բազմալեզվության խրախուսման ձեւերից մեկը: Օտար լեզվով կրթությունը եւ ընդհանրապես բազմալեզվությունը ցանկացած կրթական համակարգի համար առաջին հերթին միջոց են հաղորդակից լինելու կրթական այլ փորձառության ու հնարավորություն՝ այն տեղայնացնել ազգային կրթության որակը բարելավելու եւ մրցունակությունը խրախուսելու ուղղությամբ:
Կողմ լինելով օտար լեզուներով կրթությանը, միաժամանակ մեծապես կարեւորում եմ նման կրթության տրամադրման դեպքում կանոնակարգման հստակ շրջանակի առկայությունը, որը օտարալեզու դպրոցներում ազգային ինքնությանը, մանկավարժական մոտեցումներին կամ սոցիալապես անապահով խավի ներգրավվածությանն առնչվող հիմնախնդիրներին լուծումներ կապահովի: Հասարակության բոլոր շերտերի երեխաների մասնակցությունն ապահովող հստակ կանոնակարգող նման քաղաքականության ու մեխանիզմների դեպքում հնարավոր կլինի օտար լեզուներով դասավանդվող հանրակրթության բարձր մակարդակներում (օրինակ՝ ավագ դպրոցում) մրցակցային ընդունելության միջոցով բարձրացնել կրթության ավելի ցածր մակարդակներում օտար լեզուների դասավանդման որակը:
Զրուցեց Գ. ՀԱԿՈԲՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ



















































