Մենք պետք է շնորհակալ լինենք Հունգարիային, որ մեզ բազմաթիվ «կոզըր»- ների՝ քաղաքական դիվիդենդների շարք նվիրեց եւ ոչ թե խզեինք դիվանագիտական հարաբերությունները: Վերջինս մեր կողմից պարզունակ քայլ էր, որ ապացուցեց մեր ԱԳՆ-ի անգործությունը: Ի դեպ՝ վերջին 20 տարում միջազգային ասպարեզում Հայաստանին ոչ ոք այնքան մեծ ծառայություն չի մատուցել, որքան հարեւան երկրի նախագահ Ալիեւը… Ի պատասխան վերջինիս քայլերի՝ վերջապես ՆԱՏՕ-ն խոսեց:
Օրերս նա պահանջեց, որ Ալիեւը զրկի Ռամիլ Սաֆարովին հերոսի կոչումից, հետ վերցնի բոլոր պարգեւները, պաշտոնանկ անի ու վերադարձնի բանտ՝ պատիժը շարունակելու կամ հանձնի Հունգարիային եւ ավելին՝ Ադրբեջանին զրկեց ՆԱՏՕ-ի խաղաղարար գործընթացներում մասնակցությունից: Այսպիսով աշխարհը մի անգամ եւս իմացավ, թե ով է տարածաշրջանի խաղաղությունը խաթարողն ու լարվածության հեղինակը: Բայց սա չի նշանակում, թե այս գործում մենք պետք է քնենք ու մեր անելիքն ավարտված համարենք: Նախ հարկ է արագ վերահաստատել Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները եւ նույն արագությամբ էլ գտնել մեր մյուս սպայի՝ Հայկ Մակուչյանի կյանքը փրկած մերձբալթյան սպային (լիտվացի էր, թե լատիշ, այնքան չենք կարեւորել այս խնդիրը, որ անգամ լրագրողս չգիտեմ նրա ով լինելն ու անուն- ազգանունը, ինչն աններելի է): Մինչդեռ նրան պատվի արժանացնելով, բարձրացնելով՝ կբարձրանայինք նաեւ մենք, մի անգամ եւս կխոսեինք մեր ցավի մասին եւ ի հակադրություն հարեւան երկրի, ուր քնած մարդ սպանելը հերոսացվում է, կփաստեինք, որ մենք խրախուսում ենք մարդկային կյանք փրկողին եւ ավելին՝ մեր երկրի պատիվը բարձրացնողին: Թեկուզ ուշացումով կամ մի անգամ եւս կարելի է նրան Հայաստան հրավիրել, բարձր մակարդակով ընդունելություն կազմակերպել, փաստել, որ երախտագետ հայ ժողովուրդը նրան չի մոռացել…
Հունգարիան Ռ. Սաֆարովին ցմահ էր դատապարտել եւ հետագա գործողություններն էլ արել էր միջազգային իրավունքի սահմաններում: Եթե մենք ունենայինք իսկական, պրոֆեսիոնալ դիվանագետներ եւ ոչ թե սիրողական մակարդակի, ժամանակին ճիշտ մոտեցում կցուցաբերեինք՝ կպահանջեինք, որ Ռ. Սաֆարովը դատվեր որպես ռազմական հանցագործ ու գնար զինվորական տրիբունալ, եւ հարցը կփակվեր: Իսկ մենք 2004թ. չբողոքեցինք, չպահանջեցինք, հիմա էլ պահի տակ անում ենք կիսատ-պռատ, տաք գլխով, առանց մտածելու քայլեր, ո՞ւր են երկրի նախագահի անթիվ խորհրդականներն ու այնքան թանկանոց ապարատը: Փառք Աստծո, որ այժմ քայլեր է անում մեր մյուս փրկված սպան՝ Հայկ Մակուչյանը: Եվրադատարանում նրա գործի քննությունում պետք է մեծ լինի մեր երկրի դերը: Սխալներից ու թերացումներից որքան շուտ ու արագ ձերբազատվենք, այնքան մեր օգուտն է:
ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ


















































