Լրահոս
Օրվա լրահոսը

Նախընտրական քարոզարշավը որոշ թեկնածուների համար ընթանում է միայն ասուլիսներով

Փետրվար 02,2013 10:28 Share

«Չեմ գալիս ասուլիսի` ու վերջ». նախընտրական քարոզարշավը տապալվեց:
Այսպես կարող են ասել այն լրագրողները, ում ուղարկում են նախագահի թեկնածուների հերթական եւ ամենօրյա «ուղերձը» լսելու: Իսկ ինչ են ասում թեկնածուները. իբր, նախորդ օրվա շարունակությունը, ասում են` խելացի ունկնդիր ակնկալելով, ասում են` ապուշին ունենալով հասցեատեր, ասում են, որ տանը արդարացնեն իրենց բացակայությունը:
Ասուլիսը գիտեինք որպես հասունացած կարծիքները հրապարակելու միջոց: Լրագրողները գալիս-հավաքվում են, գրում-ընդգծում են ու տարածում: Երկուստեք ընդունելի տարբերակ է` մարդը խոսում է, լրագրողները` արձանագրում: Իսկ եթե տվյալ անձը նախագահի թեկնածու է, այն էլ՝ հանրապետության, ասուլիսը դառնում է առավել հետաքրքիր եւ իմաստալից, լրագրողներն էլ` ճկուն եւ աշխույժ:
Բայց մեզ հետաքրքրողը նախընտրական քարոզարշավի` որոշ թեկնածուների կողմից ընտրված միայն ասուլիսային բնույթն է: Ամեն օր ասուլիս: Մեր պատկերացմամբ, եթե մարդը ասելիք ունի, ասում է միանգամից, մեկ օրում, մեկ ասուլիսի ժամանակ: Ամեն օր եւ մաս-մասը լավ չի ընկալվում կամ չի ընկալվում:
Եվ հարց է ծագում. տվյալ թեկնածուն, ասենք, շրջան այցելելիս քանի՞ մարդու կարող է իր համոզմունքները քարոզել: Գյուղամիջում, ենթադրենք, մարդ չկա. տանից դուրս կգա՞ն: Իհարկե` ոչ: Ուրեմն` ասուլիս: Երեւանում եւ անընդհատ: Գործը գործ է բերում, ինչպես ասում են, բայց չեղած գործը բան չի բերում: Միայն զավեշտ եւ տրտմություն: Ոմանց համար ասուլիսն ընդամենը զբաղմունք է, ասպարեզում էլի մի քիչ երեւալու միջոց. միա՞յն:
Գուցե փող չկա. հասկացանք. բայց փողը չէ հարցը, այլ ընտրազանգվածի բացակայությունը: Սա է, որ մարդկանց հետ կենդանի շփումից ավելի կարեւոր է դարձնում անիմաստ ասուլիսների շարունակականությունը: «Եկեք, լսեք` այսօր ինչ եմ ասում»: «Չեմ գալիս, հետաքրքիր չէ, երեկվանն է, նույնն է»:
Ընդհանուր երկու բան կա` քաղաքական հավկուրություն եւ բանից անտեղյակություն` անընդհատ խոսելու անմխիթար մարմաջով: Իսկապես քեզ բռնում ես այն մտքի վրա, որ արժանի ես եղածին, բայց որ խորանում ես, կասկածում ես, որ արժանի ես եղածին:

Ավիկ ՄԱՐՈՒԹՅԱՆ
«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728