Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետարանի «տեսած» կադրերը

Հունիս 06,2013 13:30 Share

Նրանք, ովքեր կարդում են արեւմտյան հեղինակավոր լրատվամիջոցների կայքերը, հավանաբար նկատել են, որ ցանկացած հանցագործության վերաբերյալ հաղորդագրության մեջ, եթե նույնիսկ ակնհայտ է, թե ով է այդ հանցագործությունը կատարել, նկարագրության մեջ անպայման վերապահումներ են արվում՝ «ըստ նախաքննության», «իրավապահների վարկածի համաձայն», allegedly (իբր, ենթադրաբար) եւ այլն: Այդպիսով սոլիդ լրատվամիջոցը իրեն զերծ է պահում  դատախազի դերը ստանձնելուց եւ հարգում է կասկածյալի անմեղության կանխավարկածը: Մեզանում այդ մշակույթը չկա՝ սկսած իրավապահների պաշտոնական հաղորդագրություններից. «02»-ի տիպի հաղորդումներում ուղղակիորեն ասվում է՝ այսինչը մտել է, ջարդել է, դանակահարել է, գողացել է եւ փախել է՝ կատարելով Քրօրի այսինչ հոդվածի այսինչ կետով նախատեսված արարք: Բայց սպասեք՝ այսպիսի պնդում կարող է անել միայն դատարանը:

Հունիսի 2-ին Գորիսում տեղի ունեցած կրակոցների մասին առաջինը (կամ առաջիններից մեկը) հայտնեց shamshyan.com կայքը: Նյութը ակնհայտորեն միակողմանի էր եւ Սյունիքի մարզպետի համար չափազանց ձեռնտու: Սպանված եւ ծանր վիրավորված Բուդաղյան եղբայրների մասին խոսվում էր անթույլատրելի տոնով՝ «կոկոները տաք», հարբած՝ այսինքն: Մի խոսքով՝ այդ շարադրանքում ամբողջությամբ ներկայացված էր Սուրիկ Խաչատրյանի վարկածը, որը նա երեկ ներկայացրել է «Մարիոթ» հյուրանոցի սրճարանում: «Ավազակային հարձակում» որակումը, որը նա տվել է, նույնպես, որքան հասկանում եմ, իրավական կատեգորիա է. այդ դեպքում ստացվում է, որ Բուդաղյան եղբայրները հարձակվել էին տան եւ ոչ թե մարզպետի վրա: Դա, ենթադրենք, նախաքննության վարկած է, բայց ինչո՞ւ է այն առաջ քաշում մի մարդ, որն այդ բոլոր իրադարձությունների ժամանակ իբր խորը քնած էր: Բացի այդ, ավազակային հարձակման դեպքում նորմալ քաղաքացին դիմում է իրավապահներին, ոչ թե կրակ է բացում տանը ապօրինաբար պահվող զենքերով եւ անհասկանալի կարգավիճակ ունեցող «թիկնապահների» միջոցով:

Բայց առավել զարմանալի էր Սյունիքի մարզպետարանի երեկվա  հայտարարությունը, որում նկարագրված է մարզպետի տան տեսախցիկների տեսագրությունը, որը իբր տեսել են այդ մարզպետարանի աշխատակիցները (կոնկրետ ովքե՞ր): Այստեղ կարող է լինել երեք վարկած. դեպքից անմիջապես հետո մարզպետարանի աշխատակիցները հատուկ Կապանից եկել էին Գորիս, դիտել էին տեսագրությունը, որից հետո այն առգրավվել է որպես իրեղեն ապացույց: Կամ՝ նախաքննության մարմինը հրավիրել է մարզպետարանի աշխատակիցներին Երեւան եւ ցույց է տվել առգրավված տեսագրությունը եւ թույլատրել այն նկարագրել պաշտոնական հաղորդագրության մեջ: Կամ ամենահավանականը՝ մարզպետը, որը, իբր, ժամանակավորապես դադարեցրել է իր պարտականությունների կատարումը, թելադրել է իր վարկածը սեփական աշխատակիցներին, որն այնուհետեւ ստացել է հայտարարության տեսք:

Ահա այդպես գործի գլխավոր դերակատարներից մեկը, ազատության մեջ մնալով, ազդում է նախաքննության վրա:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. sergik says:

    կարծում եմ մարզպետարանի աշխատողների արարքը հումորի նման լիցքաթափեց էն լարվածությունը որ կար կապված էս դեպքի հետ, բոլորը հումոր են անում թե Լիցկան մանկապարտեզի վարիչ էր, ոչ թե մարզպետ…..

  2. գոհար says:

    Այն բոլոր զրկանքները, ցուրտն ու վախը կռվողների համար այսպիսի ?երկիր ունենալու համար էր

  3. Արմեն Սարգսյան says:

    Հիմա մնումա Լիցկան ալարի ընդդիմություն կամ այլընտրանք դառնա: Թե չէ կունենանք նոր Լիցկա հրեշտակ, քաղաքագիտական նոր վերլուծություններ իշխանությունից պոկված Լիցկա կտորներների ու ուժեղացող բուրժուադեմոկրատական հեղափոխական ալիքների մասին, ընտրություններին առանց ոչ մի խախտումի մեծ տոկոսներ հավաքող Լիցկա պատգամավոր և այլն:

  4. Հայկ says:

    Սիրելի հայրենակիցներ, անկասկած է, որ մեր պետական կառավարման համակարգում աշխատում են նաև պարկեշտ և նորմալ մարդիկ՝ նախարարություններում, մարզպետարաններում և այլն: Անկասկած է, որ Սյունիքի մարզպետարանում ևս կան նորմալ աշխատակիցներ՝ իրենց գործն ու իրավասություններն իմացող: Կարծում եմ՝ անհրաժեշտ է անհապաղ պատժի ենթարկել և աշխատանքից հեռացնել մարզպետարանի այն աշխատողներին կամ այն ղեկավարին, ով հանդգնել է հանդես գալ մարզպետարանի անունից և այդ պետական կառավարման կառույցը նույնպես խառնել այս լարվածությանը…

  5. Արմեն says:

    Արդյոք վերևում շարադրված լավ հոդվածի առաջին պարբերությունը ինչ որ մասով իր հակասում ոդվածի վեջին նախադասությանը;

    • Mano says:

      Կարծում եք՝ հակասու՞մ է……….Գործով գլխավոր դերակատար անունը զուտ բարոյական արժեքի հնչողություն ունի իմ ականջներում (էս ինչ բարձրագոչ գրեցի)…..որովհետև նա իր շատ երիտասարդ տղային արդեն մարդասպան է մեծացրել, որովհետև տարիների ընթացքում իր անբարո արարքները մարսվել են ու հիմա, դատավարության ընթացքում դա ոչ ոք չի քննարկելու, քննարկվելու է միայն առկա տեսահոլովակը…..մի հատ ժամանակ առ ժամանակ նայեք Հարսնաքարի գործով դատավարության ընթացքը,,,,,,,,,, այո, Սյունիքի 95% ընտրություն ապահովող մարզպետը պիտի գա դատարան ու էնտեղ տեսնի իր “աշխատանքի” արդյունքը, որդուն, որն իհարկե կպլստա ինքնապաշտպանության վարկածով, համարյա չեմ կասկածում….

Պատասխանել sergik

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930