Այսoր չկա մի երիտասարդ, ով սոցիալական ցանցերի մասին ոչինչ չգիտի: Դրանցից օգտվելն անքան սովորական է դարձել, որ արդեն զարմանք են առաջացնում այն մարդիկ, ովքեր ոչ մի սոցցանցում գրանցված չեն: Վիճակագրության արդյուքում պարզ է դարձել, որ Հայաստանում ամենատարածված սոցցանցերն են Facebook-ն ու Odnoklassniki-ն: Մյուս սոցցանցերի հայ օգտատերերը զգալիորեն քիչ են. ինչո՞վ է դա պայմանավորված, և ո՞ր սոցցանցերից է օգտվում հայերի ավելի քիչ տոկոսը: Հարցերի պատասխանները ստացել է «Առավոտ երիտասարդականը»:
«Pinterest.com-ից եմ օգտվում, – ասում է Նարինե Նալբանդյանը, – շատ հետաքրքիր կայք է, ստեղծում ես քո էջը ու այնտեղ կարղ ես պահել ցանկացած կայքից ցանկացած նկար: Գրանցվել եմ, քանի որ քննություններիցս մեկի ժամանակ պրոեկտ պետք է անեի դիզայն ինտերիերի վերաբերյալ ու ինձ տարբեր տեսակի նկարներ էին հարկավոր»: Ինչպես նշում է Նարինեն` Pinterest.com-ում հնարավոր է փնտրել տարբեր խմբեր ու ինքնուրույն նկարները դասավորել տարբեր թղթապանակների մեջ:
Արմենուհի Հովակիմյանն էլ Linkedin.com-ն է նախընտրում, գրանցվել է 4-5 տարի առաջ, իսկ հետո արդեն օգտվել է աշխատանքի բերումով. «HR assistant էի աշխատում, ու հարմար թեկնածուներ էինք փնտրում, այնտեղ շատ լավ փնտրողական համակարգ կա, գրում ես` ի՞նչ գիտելիքներ ու կրթություն, աշխատանքային փորձ պետք է ունենա պոտենցիալ թեկնածուն: Հիմա շատ մեծ կոնտակտային ցանց ունեմ, ու ինձ տարբեր մարդիկ (հիմնականում արտասահմանից) կրթական ու աշխատանքային առաջարկներ են անում»:
Linkedin.com-ի օգտատեր է նաև Արամ Արամյանը, ասում է՝ սոցցանցը տարածված է հատկապես Եվրոպայում. «Մարդիկ ռեալ հարցեր են պարզում ու կոնտակտներ հաստատում դրա միջոցով: Այն կարող է նաև որպես CV ծառայել, որովհետև այնտեղ լրացնում ես քո տվյալները՝ որտե՞ղ ես սովորել, ի՞նչ մասնագիտություն ունես, որտե՞ղ ես աշխատել, և շատերը աշխատանք են գտնում հենց այդ ցանցի միջոցով», – ասում է նա: Սակայն Linkedin.com-ից բացի, Արամը գրանցված է նաև շատ այլ (ոչ հայաշատ) սոցցանցերում, որոնցից մեկն էլ Interpals.com-ն է, որը ինչպես նշում է Արամը, շատ հարմար է լեզու սովորելու համար. «Մինչ այս ցանցը, Livemocha.com-ից էի օգտվում, որը նույպես լեզու սովորելու համար է, այն անգամ չատ ունի, կարող ես խոսել կամ վիդեոզանգ անել ու շփվել տարբեր ազգերի մարդկանց հետ, – ասում է նա, – իսկ Interpals.com-ը չատ չունի, բայց փոխարենն ունի հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն, և այս սոցցանցի առավելությունն էլ այն է, որ շատ հեշտությամբ կարելի է մարդկանց գտնել, ինչը մի քիչ սահմանափակ է Livemocha.com-ում»:
Կարդացեք նաև
Facebook-ից ու Odnoklassniki-ից բացի, Գալուստ Մինասյանն ակտիվ է նաև Instagram.com-ում. «Ինձ դուր է գալիս այդ սոցցանցը, – ասում է նա, – նկարներ եմ գցում, հետևում եմ ինձ համար հետաքրքիր մարդկանց էջերին ու նկարներին»:
Ժաննա Պողոսյանն էլ tumblr.comի օգտատեր է. «Հանգիստ է այնտեղ, չկա քոմմենթ հասկացություն, գրում ես մի բան ու չգիտես՝ կարդո՞ւմ են, թե՝ ոչ, չկա մարդկանց հետ շփում, օրագիր է», – ասում է նա ու որպես առավելություն նշում` հայերն էլ քիչ են 🙂 :
Ծրագրավորող Արթուր Ավանեսովի կարծիքով, նշված ցանցերում հայ օգտատերերի քիչ քանակի պատճառներից մեկն այն է, որ դրանք օտարալեզու սոցցանցեր են, ու ոչ բոլորն են լեզուների տիրապետում: Խոսելով Հայաստանում ամենատարածված սոցցանցերի՝ Facebook-ի ու Օdnoklassniki-ի մասին, նա ասաց. «Հայաստանում սոցցանցերից օգտվելու հիմքը դրեց Օdnoklassniki-ն, որի միջոցով սկզբում սկսեցին փնտրել իրենց համադասարանցիներին, մի որոշ ժամանակ անց արդեն դեռահասները սկսեցին կեղծ անուններով գրանցվել և ծանոթանալ, շփվել հակառակ սեռի հետ»:
Հետագայում, ինչպես ասում էին, սկսեց տեղի ունենալ հոսք՝ Odnoklassniki-ից դեպի Facebook. մեկը մյուսի հետևից ավելանում էին ֆեյսբուքյան պրոֆիլները, ստեղծվում էին խմբեր ու համալրվում օգտատերերով. «Հայերը Facebook-ում գրանցվում էին միմյանց հետ շփվելու և աշխատելու համար, – նշեց Արթուր Ավանեսովը, – Facebook-ը լայնորեն օգտագործվեց նաև նախընտրական շրջաններում՝ ակտիվորեն սկսվեցին գովազդվել թեկնածուները և իրենց նախընտրական ծրագրերը: Facebook-ի միջոցով սկսվեց նաև բիզնեսների առաջխաղացում՝ գովազդ, մրցույթներ և այլն»:
Սոցիալական ցանցերից օգտվելը ոմանց համար ժամանցի միջոց է, ոմանց համար ընկերների հետ շփման, ոմանք էլ արդեն կախվածության մեջ են դրանից, և անգամ չգիտեն էլ՝ ինչո՞ւ են օրվա յուրաքնչյուր րոպեն անցկացնում սոցցանցում: Նշեմ, որ գիտնականները պարզել են, որ սոցիալական ցանցերը կարող են ազդել մարդու հոգեկանի վրա՝ առաջացնելով մշտական վտանգի զգացում և ոչ ադեկվատ պահվածք, այս մասին գրել է The Daily Telegraph-ը: Հարցվածների կեսից ավելին նշել է, որ չի կարողանում հանգստանալ կամ քնել, քանի որ Facebook-ում կամ Twitter-ում իրադարձությունների զարգացմանը հետևելու ցանկությունը գերակշռում է: Բրիտանական Սելֆորդի բիզնես դպրոցի անցկացրած հետազոտության արդյունքների համաձայն, Facebook-ի կամ Twitter-ի ակտիվ օգտատերերը հաճախ անհանգստություն են զգում, կամ ոչ ադեկվատ պահվածք ունեն: Հարցմանը մասնակցել է 298 մարդ:
Ճիշտ է սոցցանցերի ակտիվ օգտատեր լինելը հետաքրքիր է, բայց պետք է զգույշ լինել՝ սոցցանցային կախվածությունը լավ արդյունքի չի հանգեցնի:
Տիգրանուհի Թասլակյան


















































