Լրահոս
Օրվա լրահոսը

Տղերք, դեմ չեմ, էլի հարստացեք, բայց ոչ թշվառների հաշվին

Սեպտեմբեր 30,2013 12:33

Տաղանդավոր հեռուստալրագրողի խոսքերն են՝ կապված չարաբաստիկ 50 դրամների հետ:

Փող չկա, սա էլ մեր քաղաքապետարանի եւ իշխանավորների ամենօրյա արդարացումներն են:

Իրականում այդ փողը կա և այն էլ մեծ չափերով ու ձեռք են բերվում նույն քաղաքապետարանի, ինչու չէ, նաև կառավարության ջանքերով և տեղն ու տեղը քամուն են տալիս:

Բերեմ մի երկու օրինակ: Սկսենք կարմիր գծերով ավտոկանգառներից: Չխոսենք թերությունների մասին: Ենթադրենք այնտեղ ամեն ինչ լավ է, չկա ոչ մի հակաօրինական քայլ և ոչ մի ընտանիք չի զրկվել իր ապրուստի միջոցներից, քաղաքապետարանն էլ ոչ մի ջանք չի խնայում իր սիրելի երևանցիների հոգսերը թեթևացնելու, քաղաքում նոր կարգ ու կանոն մտցնելու համար: Այդ պատասխանատու աշխատանքի ամբողջ հոգսը վերցրել է իր վրա՝ հետևել տեսախցիկներին, հավաքել գումարը, անհնազանդ վարորդների հետ դատարաններում քարշ գալ, լրագրողների և քաղաքացիական հասարակության ակտիվիստների հարձակումներից պաշտպանվի, ընդհուպ մինչև ճանապարհային ոստիկանությունը ոտքի հանելու և, վերջապես, հաշիվ տալ այդ կանգառների միակ տիրոջը, կամ ինչպես ասում են՝ փակ բաժնետիրական ընկերությանը, և այդ ամենից հետո հավաքված գումարի 70%-ը տալ «բիրդան աղային», իրեն վերցնելով միայն 30-ը:

Իսկ ի՞նչ է անում սեփականատերը: Նա կարմիր ներկ է գնում փողոցի մի մասը սեփականացնելու համար և ամենակարևորը՝ տեսախցիկներ է տեղադրում: Իսկ ո՞ւմ են պետք տեսախցիկները, և եթե նույնիսկ պետք է, մի՞թե քաղաքապետարանը չի կարող ինքը գնի այդ տեսախցիկները, ամբողջ գումարը ինքը վերցնի. իսկ գումարը միլիոններ են, որը շուտով կդառնա միլիարդներ: Եվ այդ ահռելի գումարով մի քանի տասնյակ ավտոբուս գնի, լուծելով տրանսպորտի բոլոր հարցերը, դրանով արժանանա ժողովրդի օրհնանքի, և այլևս չի ասի. փող չկա, աչքն էլ չի գցի ընչազուրկ խավի 50 դրամին:

Գանք կառավարությանը, ավելի կոնկրետ՝ ոստիկանությանը: Այստեղ էլ ճիշտ և ճիշտ կրկնվում է քաղաքապետարանի ոդիսականը, այստեղ էլ նույն 70 և երեսուն տոկոսներն են, նույն տեսախցիկները, նույն օդից փող հավաքող սեփականատերը, միայն մի տարբերությամբ, որ այստեղ գումարները աստղաբաշխական թվեր են կազմում: Չզարմանաք, սրանց մեկ տարվա եկամուտն ավելի շատ է, քան մեր երկրի բյուջեն, վկան՝ փոստային բաժանմունքների գանձարկղների մոտ կարգազանց վարորդների ամենօրյա հերթերն են (մուծում են 10 հազար, 50 հազար, մի քանի հարյուր հազար):

Զարմանում ես. մի՞թե ոստիկանությունը, որը կատարում է այդ ամբողջ չարքաշ աշխատանքը, չի կարող իր ահռելի բանակի մեջ գտնել մեկ-երկուսին և հանձնարարի այդ տեսախցիկների գնումն ու տեղափոխումը և մնացած 70 տոկոսն էլ ինքը տնօրինի: Ճիշտ է, իրեն հասած 30 տոկոսն էլ քիչ գումար չէ, բայց չէ՞ որ նա կարող է մնացած 70-ը ծառայեցնի բարերարությանը: Մեր հարգելի ոստիկանապետը քիչ ջանքեր չի գործադրում ժողովրդի և ոստիկանության հարաբերության բարելավման համար: Մի՞թե սրանից էլ լավ առիթ, որ ժողովուրդը տեսնի, թե ինչպես ոստիկանությունը կարգազանց վարորդներից փող է հավաքում և ասենք փակում է մեր երկրի արտաքին պարտքը, կամ գազի գնի ավելացված վճարը… Վերցնեք ժողովրդից՝ ծախսենք ժողովրդի վրա:

ՈՒՏՈ՞ՊԻԱ Է: Ո՛չ, իհարկե ո՛չ: Սա նորմալ մարդու ամենաբարձր աստվածային հատկանիշն է, հատկանիշ, որ դժբախտաբար ամենքին չի տրված:

Կարող եմ այլ օրինակներ բերել, բայց բավարարվենք էլի մեկով՝ ոչ մեկի կողմից չհսկվող ՎԻՃԱԿԱԽԱՂՈՎ:

Տեսեք ի՞նչ գումարներ են պտտվում: Պատահական չէ, որ մարդկային պատմության մեջ վիճակախաղը անցկացնում են երկրի այս կամ այն ցավը հոգալու համար: Ինչո՞ւ վիճակախաղն էլ չհատկացնել պետությանը: Եթե չեմ սխալվում, այդ մասին խոսեց նաև վարչապետը. ասաց և մոռացավ: Ասում են՝ չգտավ այն մարդուն, որին կարելի է հավատալ և վստահել: Իզուր, հարգելի վարչապետ, իզուր եք հուսահատվել: Մեր երկրում դեռ կան շատ մարդիկ, որ հոգիները դեռ չեն ծախել:

Ուրեմն կամ- կամ:

Կամ դադարենք օլիգարխներին ծառայելուց, կամ ծառայենք ժողովրդին:

Եվ- և-ը կործանում է:

Կառլեն ՔԱԼԱՇՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30