Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու սկսեցին ցուցմունքներ տալ «Հարսնաքարի» գործով ամբաստանյալները

Հոկտեմբեր 10,2013 11:54 Share

Տիգրան Եգորյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք ՀՀ ազգային ժողովի՝ ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու որոշման ընդունումը կապվա՞ծ է ամբաստանյալների ցուցմունքների հետ։ «Նախ և առաջ՝ անհասկանալի է ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու իմաստը, սիմվոլիկան։ Նույն տրամաբանությամբ կարելի է համաներում հայտարարել, օրինակ՝ նաև 23-րդ տարեդարձի կապակցությամբ։ Առավել ևս անհասկանալի է նման հաճախականությունը համաներումների և դրանք որպես մարդասիրության արքայական դրսևորումներ ներկայացնելը, և անհասկանալի է, թե մինչև երբ պետք է այս կերպ սրբագրվեն դատավճիռները։

Իհարկե, համաներումը նշանակություն ունի, իհարկե այդ գործողությունները փոխկապակցված են, բայց շատ ավելի կարևոր է հանցանքների համակցության հանգամանքը վերացնելը։ Այսինքն՝ այս գործողությամբ պատիժն անհատականացնելու հնարավորություն ստեղծվեց, ինչի մասին մենք խոսում էինք դեռևս նախաքննության ընթացքում։ Այդ ժամանակվանից խոսում էինք, զգուշացնում էինք, որ այսպիսի վտանգներ կան, ահազանգում էինք նախաքննական մարմիններին, միջնորդություններ էինք ներկայացնում, դատախազին բողոքներ էինք գրում այս իրավիճակից խուսափելու համար, որովհետև այն մեղադրանքը, եթե կարելի է այդպես անվանել, որը դատարան բերեց Դատախազությունը, կոլեկտիվ պատասխանատվության հայտը, իհարկե, դատարանում ոչ մի քննադատության չէր դիմանալու, որովհետև պատժի անհատականացման սկզբունքի հիման վրա է մեր երկրում գործում արդարադատությունը։

Եվ այս պարագայում, երբ մենք վերացնում ենք հանցագործությունների համակցությունը, ամեն անձի կողմից կատարված արարքն ավելի նվազ ծանրությամբ է որակվում, ավելի հեշտ է լինում նրա նկատմամբ կիրառել մեղմացուցիչ հանգամանքներ, և առանձին հոդվածով դատապարտվելու պարագայում նաև ավելի դյուրին է հետագայում պատժից պայմանականորեն ազատելու հարցը։

Եվ այստեղ ձեր ուշադրությունը ցանկանում եմ հրավիրել հետևյալ հանգամանքին, ամբաստանյալներից յուրաքանչյուրը ստանձնեց իր մեղավորությունը կոնկրետ տուժողի հասցված վնասվածքների հարցում, և ընտրվեցին այն տուժողները, որոնք, ըստ դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունների, հաստատված մարմնական վնասվածքներ ունեին։

Քանի որ Արկադի Աղաջանյանի և Էդգար Նիկոյանի կապակցությամբ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունն այդպիսի արձանագրություն չէր պարունակում, այսինքն՝ նրանց կողմից վնասվածք ստանալու փաստի վերաբերյալ արձանագրություններ չկային, ամբաստանյալները որոշեցին չստանձնել նրանց ծեծի ենթարկելու հանգամանքը։

Ստացվում է նաև, որ Արման Խաչատրյանն ու Արման Բաղդասարյանը, ըստ Արթուր Բաբլոյանի, Գարիկ Մարգարյանի և Նորայր Հայրապետյանի, առհասարակ հանցագործությանը որևէ մասնակցություն չեն ունեցել։ Հետևաբար՝ դերերի այս բաժանումը և պատասխանատվության առանձին մասերի ստանձնումն էապես թեթևացնում է պաշտպանության կողմի և ամբաստանյալների վիճակը։

Օրինակ՝ եթե Գարիկ Մարգարյանը դատապարտվի Արտակ Բայադյանին ծեծի ենթարկելու և միջին ծանրության մարմնական վնասվածքներ հասցնելու համար, իսկ Արթուր Բաբլոյանը՝ Գարիկ Սողոմոնյանին ծեծի ենթարկելու համար, ապա նրանց նկատմամբ համաներման ակտի կիրառվելու դեպքում նրանք դատարանի դահլիճից ազատ կարձակվեն։ Նորայր Հայրապետյանը, ով այս պարագայում մեղադրվելու է Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2– րդ մասով, նրա մեղադրանքի ծավալից նախ դուրս է մնում հանցանքը մի խումբ անձանց կողմից կատարելու ծանրացնող հանգամանքը, և դա կրկին էապես թեթևացնում է նրա կատարած արարքը, և թեթև է լինելու նաև պատիժը։ 5-10 տարի միջակայքում, եթե նվազում է մեկ ծանրացնող հանգամանք, դատարանը համապատասխանաբար պետք է ավելի մեղմ պատիժ նշանակի։ Բացի այդ՝ նրա նկատմամբ կիրառվելու է նաև համաներումը։

Եվ, օրինակ, եթե այդ ողջ նվազեցումների հետևանքով Նորայր Հայրապետյանի վերջնական պատիժը կազմի մոտ 6 տարի, հաշվի առնելով նաև այն, որ ծանր հանցագործության դեպքում ինքը պատժի մեկ երկրորդը կրելու պարագայում հնարավորություն կունենա ազատ արձակվելու (արդեն մեկուկես տարի է՝ նա նախնական կալանքի մեջ է, ինչը հաշվարկվելու է՝ որպես պատժի կրում), ստացվում է՝ մոտ մեկուկես տարի պատիժը կրելուց հետո նա ազատ կարձակվի։

Այսինքն՝ այս ողջ իրավական ընթացակարգերը կիրառվեցին, որպեսզի կյանքի իրավունքի խախտման գործով, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու, զինված ուժերի սպայի, զինվորական բժշկի կյանքի իրավունքը խախտելու գործով ազատազրկման ձևով պատիժ կրի մեկ անձ և ընդամենը 3 տարի։ Հասկանո՞ւմ եք՝ ինչ է նշանակում այս ամենը»։

Օֆելյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031