Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկովյան Մաքսային Միությունը

Հոկտեմբեր 14,2013 11:26

Коту под хвост. (Ռուսական արտահայտություն)

Վերջերս հոդվածներ գրեթե չեմ գրում։ Վերջին գրածս, թերեւս, երեք տարի առաջ էր՝ օտարալեզու (իմա՝ ռուսական) դպրոցների վերաբացման դեմ․ մի գործընթացի, որը բացահայտորեն պարտադրված էր Ռուսաստանի կողմից։ Առհասարակ, եթե հուզված չես, գրելու պահանջ չես զգում։ Իսկ տարիքի հետ հուզվելու ունակությունը, կարծես թե, անշեղորեն նվազում է, եւ հուզվելու համար պահանջվում են ավելի ու ավելի հզոր ազդակներ։

Եվ ահա մի այդպիսի ազդակ․ Հայաստանի Նախագահի հայտարարությունը Մոսկվայի նախաձեռնած Մաքսային միությանը միանալու մասին։ Շատերի համար դա անսպասելի էր։ Շատերի, բայց ոչ օտարալեզու դպրոցների դեմ պայքարողի համար, քանի որ ակնհայտ էր․ եթե ազգը հանդուրժի օտարալեզու դպրոցը՝ դրան կհաջորդեն այլ քայլեր։ Ազգը հանդուրժեց․․․

Սակայն, չեմ ուզում, որ տպավորություն ստեղծվի, թե ես միարժեքորեն դեմ եմ Նախագահի հայտարարությանը։ Ի տարբերություն ոմանց, ես չեմ օրհնում «էն սհաթը․․.», բայց այս դեպքում հնարավոր էլ չեմ գտնում միարժեքորեն արտահայտվելը։ Նախ այն պարզ պատճառով, որ միշտ էլ կարող է այնպիսի առաջարկ արվել, որից անհնար կլինի հրաժարվելը, եւ դրանից բացի, մենք նույնիսկ չենք էլ կարող իմանալ, թե ինչ առաջարկներ են արվել։ Այստեղ ես մտադիր չեմ խոսելու այն մասին, թե քանի միլիարդ են խոստացել, ինչ երաշխիքներ են տվել (կամ չեն տվել) Արցախի խնդրում, եւ ինչ խորհուրդներ՝ Երեւանի փողոցներում նոր «կարմիր գծերի» անցկացման հարցում, կամ ինչով են սպառնացել եւ այլն, քանի որ, կրկնում եմ, չգիտեմ այդ մասին ոչինչ, եւ վստահ եմ՝ ոչ ոք էլ հաստատապես չգիտի՝ մեկ-երկու անձանցից բացի։ Կարող եմ միայն հիշեցնել, որ հարյուր տարի առաջ բազում ծովերից ու օվկիանոսներից այն կողմ բնակվող քեռի Ւիլսոնին՝ մեր մայրցամաքում իշխող Լենին պապիկին գերադասելը բերեց մեր կողմից վերահսկվող տարածքի 70 տոկոսի կորստին։ Ես չեմ պնդում, որ պատմությունն անպայման կկրկնվի, բայց մարդ արարածը ինչպես եւ հարյուր տարի առաջ ցամաքային կենդանի է մնում, իսկ ամենահուսալի կապը՝ երկաթուղին․․․

Ես առաջարկում եմ նայել հարցին բոլորովին այլ տեսակետից․ իսկ ո՞ւմ հետ է ռուսական կողմից բանակցել Հայաստանի Նախագահը։ Հարցը չի վերաբերում անձին, այլ այդ անձի․․․ լիազորություններին։ Վստահ եմ, նման հարցադրումը շատերին կարող է անհեթեթ թվալ․ ի՞նչ կասկածներ կարող են լինել Ռուսաստանի նախագահի լիազորությունների հաշվով։ Սակայն սա այնքան էլ անիմաստ հարց չէ։ Գաղտնիք չէ, որ այսօր Ռուսաստանում հաստատված քաղաքական կայունությունը չափազանց երերուն է։ Մի կողմից քաղաքական վիճակը ապակայունացնում է երկիրը Արեւմուտքի հումքային կցորդի վերածած եւ հիմնականում այն վերահսկող արեւմտամետ «ազատականների» գզվռտոցը, մյուս կողմից հայրենասեր թեւը, որն առայժմ ապարդյուն փորձում է փոխել երկրի տնտեսական եւ արտաքին քաղաքականությունը, մյուս կողմից էլ՝ օրեցօր աղքատացող ժողովուրդը։

Փաստորեն Ռուսաստանում այսօր առկա է բազմիշխանություն եւ ներկայիս նախագահը պարզապես կատարում է բոլոր ուժերի միջեւ խաղաղ համակեցության պատրանքն ապահովողի դերը, գործնականում ունենալով չափազանց աննշան ինքնուրույնություն։ Շատերը կասեն, որ Ռուսաստանում պետության առաջին դեմքը՝ լինի նա իշխան, արքա, թե՝ գլխավոր քարտուղար, միշտ էլ երկրի լիիրավ տերն է եղել։ Այո, բայց ոչ հիմա։ Այդ հանգամանքն, իհարկե, հնարավորինս քողարկվում է, ինչի համար լայնորեն կիրառվում են նախագահի՝ պաշտոնյաների կամ ժողովրդի հետ շփումների բեմականացված ներկայացումները, համեմված, երբեմն գռեհկության աստիճանի հասնող սրամտություններով եւ տղայականության աստիճանի հասնող ռազմատենչությամբ։ Թեեւ, հենց այդ ներկայացումները ուշադիր մարդուն պիտի անուղղակի հուշեն, որ այդ նախագահը երկիր կառավարելու հետ կապ չունի։ Իրոք, ցանկացած երկրի առաջնորդ իր վարկանիշը բարձրացնելու համար կարող է ինչ-որ կողմնակի միջոցառումների մասնակցել։ Սակայն, երբ նման միջոցառումների թիվը գերազանցում է խելամիտ սահմանը․ երբ երկրի ղեկավարը մեկ՝ ըմբշամարտի հնարքներ է ցուցադրում, մեկ՝  սուզվելով ջրի տակ կճուճներ է հանում, մեկ՝ կռունկների հետ է սավառնում, մեկ՝ դպրոցական գրատախտակի վրա կատու է նկարում «հետեւից դիտած», պարզ է, որ այդ մարդը պարզապես այլ զբաղմունք չունի, կամ իրեն ոչ ոք թույլ էլ չի տալիս լուրջ բանով զբաղվել։

Սակայն այն, որ ներկայիս նախագահը ոչ մի իրական իշխանություն չունի անհնար դարձավ թաքցնել, երբ վրա հասավ համաշխարհային ճգնաժամը։ Մինչեւ ճգնաժամի սաստկացումը, ինչպես եւ այժմ, Ռուսաստանի «ազատական» վերնախավը հավատարիմ լինելով իր արեւմտյան փաստացի վերադասներին, իրականացնում էր արեւմտյան երկրների համար նպաստավոր բանկային-տնտեսական քաղաքականություն, այն է` Ռուսաստանի կողոպուտ։ Իրոք, ինչպես անվանես վիճակը, երբ երկրից միաժամանակ արտահանվում են ե՛ւ բնական պաշարները, ե՛ւ դրամական միջոցները, որոնք, իբր վճարվել են այդ հումքի համար։ Սակայն այսօր համաշխարհային տնտեսության դանդաղեցման պայմաններում կողոպտվելիք հարստությունները այլեւս չեն բավարարում նույնիսկ այդ կողոպտիչներին, ինչը բերում է ներքին գզվռտոցի այնպիսի սաստկացմանը, որը վտանգում է այդքան դժվարությամբ հաստատված կայունությունը։ Եվ ահա պաշտոնավարմանը վերադարձած նախագահը կառավարությունից պահանջում է ապահովել առնվազն 6—7 տոկոսանոց տնտեսական աճ, որի դեպքում գզվռտվողներին էլ հարստություն կբավարարի, թոշակառուներին էլ մի բան կմնա։ Եվ ի՞նչ է անում կառավարությունը։ Պաշտպանելով իր արեւմտյան տերերի շահերը, լկտիորեն հայտարարում է «թագավորին», որ նման աճն անհնար է, չնայած որ Գիտությունների ակադեմիայի տնտեսագետները ցույց էին տալիս դրա հնարավորությունը։ «Թագավորը» մոլեգնում է, սպառնում է, որ բոլորին «ցույց կտա», սակայն, ոչինչ էլ ցույց չի տալիս եւ ստիպված է լինում կուլ տալ այդ խայտառակությունը եւ խոստովանել, որ տնտեսական հետաճը, որն արդեն իսկ սկսվել էր շուրջ 1 տարի առաջ, իրոք գոյություն ունի եւ, ուրեմն, պետք է կրճատվեն բյուջետային ծախսերը, այդ թվում, հավանաբար, եւ թոշակները, իսկ իր նախընտրական խոստումներն էլ, իհարկե, չեն կատարվի։ Բայց դա էլ դեռ ամենը չէ։ Ռուսաստանի նախագահը խիստ դեմ էր արտահայտվում միջազգային ֆինանսական վերնախավի նախագծին, ըստ որի համաշխարհային ճգնաժամի մեղմումը պետք է կատարվի ներդրումների բռնագանձման միջոցով, ինչպես դա արվեց Կիպրոսում։ Հիանալի է։ Սակայն շուտով Ռուսաստանի էկոնոմիկայի նախարարը ստորագրում է այդ նախագիծը։ Մի՞թե սա բացահայտ ապացույց չէ այն բանի, որ Ռուսաստանի նախագահը ոչ միայն չունի իրական իշխանություն, այլեւ նրան կարող է ստորացնել անգամ իր իսկ նախարարը։ Էլի՞ են օրինակներ պետք։ Եվս մեկը․ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիան ունի ԽՍՀՄ-ից մնացած հսկայական ունեցվածք՝ շենքեր, արտադրամասեր, հողատարածքներ եւ այլն։ Ազատական կառավարությունը օրինագիծ է առաջարկում, ըստ որի այդ ամենը Ակադեմիայի ձեռքից վերցվում է, հանձնվելով «մասնագիտացված» ստորաբաժանմանը, ինչը հավասարազոր է Ակադեմիայի ոչնչացմանը (երեւի, որ հակաճգնաժամային ծրագրեր այլեւս չներկայացնեն)։ Այլ կերպ ասած «ազատականները» ցանկանում են իրենցով անել այն, ինչ դեռ չէին արել նախորդ «սեփականաշնորհումների» ընթացքում։ Գիտնականները բողոքում են, նախագահը խոստանում է միջամտել եւ մեղմել նախագիծը, սակայն դրա փոխարեն․․․ ստորագրում է այն․․․ Ինչպես տեսնում ենք, մեր առջեւ ոչինչ չորոշող անձնավորություն է։

Բայց ի վերջո նա դրված է իր պաշտոնում որոշակի խնդիրներ լուծելու նպատակով․ այն է՝ պատրանք ստեղծելու, թե արվում է ամեն ինչ՝ Ռուսաստանի ժողովրդի կենսամակարդակը եւ ազգային շահերը պաշտպանելու համար։ Ուստի որոշ լծակներ՝ գոնե ձեւի համար՝ նախագահին պիտի որ թողած լինեն։ Թե որոնք են դրանք, ստույգ դժվար է ասել։ Գուցե, օրինակ, դա Ռոսպոտրեբնադզորն է, որի միջոցով կազմակերպվում են առեւտրային պատժիչ միջոցառումներ այս կամ այն մանր երկրի կամ արտադրողի դեմ, գուցե ինչ-որ ազդեցություն նախագահն ունի ԱԳՆ-ի վրա՝ խրոխտ հայտարարություններ անելու համար։ Սակայն, թե՛ դրանց գործունեությունը, թե՛ նախաձեռնվող «հայրենասիրական» միջոցառումները՝ երիտասարդ ազգայնականների համագումարները, ռազմավարական օդուժի ցուցադրական թռիչքներ եւ այլն այլեւս չեն կարող բավարարել, հատկապես, որ դա կարող է մոլորեցնել միայն տարեց տատիկներին եւ դյուրահավատ պատանիներին, իսկ խոհեմ մարդկանց համար անհրաժեշտ են ավելի համոզիչ քայլեր։ Օրինակ․․․ նախկին ԽՍՀՄ-ի վերականգնման ուղղությամբ շարժվելու պատրանք ստեղծող ծրագրեր, այդ թվում եւ խնդրո առարկա Մաքսային միությունը․․․

Ի դեպ, պետք է նկատել, որ շատերը Մաքսային միության ստեղծմանը հենց այդպես էլ վերաբերում են, դիտելով այն սոսկ որպես Ռուսաստանի կայսերական փառքի վերականգնման փորձ։ Անշուշտ, դա էլ կա, սակայն իրականությունն ավելի խորն է։ Բանն այն է, որ ընթացող համաշխարհային ճգնաժամը սովորական ճգնաժամ չէ, որին ժամանակ առ ժամանակ բախվում է դրամատիրական տնտեսությունը, այլ արտահայտում է համաշխարհային դոլարային «բուրգի» հետագա ընդլայնման անհնարինությունը (երկրագնդի եւ դրա բնակչության ֆիզիկապես վերջավոր լինելու պատճառով), մինչդեռ չընդլայնվող բուրգը դատապարտված է փլուզման։ Իսկ դա նշանակում է դոլարի՝ միակ համաշխարհային արժույթը լինելու դարաշրջանի մոտալուտ ավարտ, ինչը կարող է հանգեցնել համաշխարհային տնտեսության զարգացման հայելայնորեն հետադարձ ընթացքին։ Այդ թվում՝ համաշխարհային միասնական շուկայի՝ առանձին արժութային գոտիների տրոհմանը։ Ենթադրվում է, որ յուրաքանչյուր նման գոտի պիտի պարունակի առնվազն կես միլիարդ բնակչություն, որպեսզի դրանում հնարավոր լինի կազմակերպել ժամանակակից տնտեսական ավարտուն գործընթացներ՝ ապրանքների ստեղծմամբ, ծառայությունների կազմակերպմամբ եւ դրանց սպառմամբ։ Մի քանի արժութային գոտի բավականին ակնհայտորեն նշմարվում են։ Նախ եւ առաջ դրանք միլիարդանոց չինական եւ հնդկական շուկաներն են, ապա՝ եւրոպական եւ ամերիկյան կես միլիարդանոց շուկաները՝ հարակից երկրներով հանդերձ։ Ռուսաստանը, եթե չի ուզում ինքը հայտնվել որեւէ այլ «մաքսային միության» կազմում, այն է՝ կորցնել սեփական արժույթն ունենալու հնարավորությունը, պիտի ստեղծի «սեփական» մաքսային միությունը։ Ահա թե ինչ է թաքնված այն իրարանցման հիմքում, երբ Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ կռիվ է ընթանում նախկին ԽՍՀՄ երկրների համար․ 150 միլիոն բնակչություն ունեցող Ռուսաստանը միայնակ չի կարող մրցունակ արժութային տարածք կազմելու հույս փայփայել։ Նույնիսկ ամբողջ նախկին ԽՍՀՄ-ի 300 միլիոնն է քիչ։ Այսինքն` Ռուսաստանին անհրաժեշտ են էլ ավելի մեծ տարածքներ։ Եվ դա այն դեպքում, երբ նրան չի հաջողվում իր ազդեցության տակ պահել նույնիսկ Ուկրաինային ԽՍՀՄ-ից մնացած տնտեսապես ամենակարեւոր բեկորը, առանց որի (Թուրքիայի ու Իրանի մասին որոշ ռուս հայրենասերների երազանքների մասին էլ չենք էլ խոսում) ոչ մի լուրջ մաքսային միություն լինել չի կարող․․․

Բայց մի բան անել պետք է, այլապես «ըստ-նախագահ» Ֆունտից որոշ ուժեր կարող են եւ պատասխան պահանջել։ Եվ հենց այդ պահին Հայաստանի Նախագահն անում է իր ցնցող հայտարարությունը։ Հայտարարությունն այս ոչ միայն ցնցող էր, այլեւ զավեշտական․ մինչեւ վերջին օրերը հայ պաշտոնյաներն ամենաբարձր մակարդակով հայտարարում էին, որ այդ Մոսկովյան Մաքսային Միությանը միանալը չի բխում Հայաստանի շահերից եւ Հայաստանը դրան չի գնա։ Ու մեկ էլ, ա՜յ քեզ բան․․․

Ուրեմն, cui՞ prodest։ Ինչպես տեսանք, միասնական Ռուսական շահ գոյություն չունի։ Միասնական շահ չկա եւ Արեւմուտքում։ Ոմանք հույս ունեն, որ ճգնաժամից դուրս կգան ոչինչ չփոխելով, մյուսները գիտակցում են, որ աշխարհը ճգնաժամից հետո բոլորովին այլ է լինելու, սակայն մի մասը հույսը դնում է ազգային պետությունների գերակայության վրա, մյուսները գտնում են, որ աշխարհը տրոհվելու է վերոհիշյալ արժութային տիրույթների, որոնք ազգային պետություններից վեր են լինելու․․․

Արդյո՞ք Հայաստանի մուտքն այդ ՄՄՄ բխում է Ռուսաստանի վերնախավի շահերից։ Ոչ, քանի որ Ռուսաստանի, առնվազն տնտեսական իշխանությունը, այն է՝ կառավարությունը, լինելով միջազգային ֆինանսական վերնախավի դրածոն, չի կարող կողմ լինել Ռուսաստանի ընդլայնմանը։ Գուցե դա  բխում է Հայաստանի՞ շահերից։ Ոչ, իհարկե, Ռուսաստանը միշտ առաջնորդվել է «Հայաստանն առանց հայերի» սկզբունքով, նպաստելով Հայաստանի հայաթափմանը, ինչը կատարում է նաեւ այսօր մեր աչքի առաջ, նպաստելով հայերի տեղափոխմանը՝ Ռուսաստան, հնում՝ արգելելով հայկական դպրոցները, այսօր՝ ստիպելով վերաբացել ռուսական դպրոցները եւ, վերջապես, զինելով մեր հակառակորդներին։

Միակ կողմը, ում դա կարող էր շահավետ լինել, դա Ռուսաստանյան հայրենասիրական ուժերն են, որոնք, ինչպես ասվեց, թեեւ երկրի կառավարումը չեն վերահսկում, այնուամենայնիվ ունեն որոշակի քաղաքական կշիռ։ Ու եւս մեկը․ ինքը Ռուսաստանի նախագահը․ անձամբ․․․ Այդ ուժերին Ռուսաստանի «ըստ-նախագահ»-ին պետք էր գոնե մի չնչին հաջողություն ներկայացել՝ Ուկրաինան կորցնելուց հետո․ գոնե Հայաստանը․ խեղդվողը փրփուրներից է բռնվում․․․ Իսկ եթե լուրջ, ապա ակնհայտ է, որ համաշխարհային ընդհանուր ճգնաժամի պայմաններում Ռուսաստանն անհնար է դուրս բերել հետաճից՝ առանց վճռական քայլերի, որոնք սակայն ներկայիս կառավարությունը նախագահին թույլ չի տա անել։ Նրա միակ փրկությունը սեփական խաղն սկսելն է։ Իսկ դրա համար նա պետք է ցույց տա հնարավոր դաշնակիցներին՝ այդ նույն հայրենասեր ուժերին, որ ընդունակ է ինքնուրույն քայլերի։ Մինչդեռ մինչեւ վերջերս նման քայլերի փորձերը ապարդյուն են եղել։ Այսպես, այդ ուժերը մեծ հույս ունեին, որ Կենտրոնական բանկի նոր նախագահ նա կնշանակվի «հայրենասերներից» որեւէ մեկին, սակայն նախագահը չհանդգնեց արեւմտամետներին դեմ գնալ։ Բայց ահա այդպիսի հաջող քայլ դարձավ իր կողմից դեռեւս վերահսկվող ԱԳՆ-ի միջոցով Սիրիային հասցվելիք անխուսափելի թվացող հարվածի հետաձգումը։ Սա թերեւս, սոսկ կարճատեւ հաջողություն է, որը սակայն նա կարող է իրեն վերագրել։ Եվս մի այդպիսի փոքրիկ նվաճում կարող է դիտվել եւ Հայաստանին համոզելը։ Առհասարակ թվում է, նրան պարզապես պետք է ժամանակ ձգել, իսկ Հայաստանի նախագահը չկարողացավ չընդառաջել նրան։ Ինչպե՞ս մերժես, երբ խնդրում են։ Հատկապես եթե գիտես, որ այդ քայլից այնքան էլ շատ բան չի կախված։

Եվ իրոք, ի՞նչ հետեւանքներ դա կարող է ունենալ։ Եթե Ռուսաստանի նախագահի խաղը ինչ-որ հրաշքով հաջողվի, Հայաստանի Նախագահը հեռանկարում շահած կլինի։ Եթե ոչ, ապա առանց Ուկրաինայի այդ Մաքսային միությունը միեւնույն է ապագա չունի։ Այդ դեպքում Հայաստանը ինքնաբար կհայտնվի Եվրոպայի տիրույթում, թեեւ, իհարկե, արդեն որպես անառակ որդի՝ համարժեք իրավունքներով։ Մյուս կողմից, ո՞վ գիտի, գուցե նույնիսկ Հայաստանը նոյեմբերին ստորագրի՞ Եվրոպայի հետ միութենավորման համաձայնագիրը․ դա, իհարկե, նույնպես մի քիչ զավեշտալի կլինի, բայց հաշվի առնելով ասվածը, դա այնքան էլ անհնար չէ․ մերոնք պնդում են, որ կստորագրեն, իսկ եվրոպացիք պիտի սովորականից ավելի ապուշ գտնվեն, որ չհամաձայնվեն։ Ի դեպ, այդ դեպքում Հայաստանի Նախագահը կրկին շահած դուրս կգա։

Ճիշտ է, հնարավոր է եւ վատագույն տարբերակը, եթե պարզվի որ Հայաստանն իրոք որոշել է «ռսի ոտին» հավատարիմ մնալ՝ առանց որեւէ երաշխիքի ու տրամաբանության։ Այդ դեպքում Հայաստանն այդպես էլ կմնա այդ չկայացած ՄՄՄ-ում, կորցնելով եւրոպական շուկաները եւ ձեռք չբերելով ռուսականը, քանի որ, չունենալով Ռուսաստանի հետ ցամաքային սահման՝ կհայտնվի յուրատեսակ Կալինինգրադի կարգավիճակում։ Վերջինս սակայն գոնե ծովային հաղորդակցում ունի Մայր երկրի հետ, իսկ բազմաթիվ երազած ծովերից այդպես էլ գոնե մեկին չտիրացած Հայաստանին որպես միակ դուռ դեպի արտաքին աշխարհ կմնա միայն Ռուսաստանի ներկայիս նախագահի նկարած կատուն։

 

Ռուբեն ԹԱՐՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Vigen Tsatryan says:

    Ախր մենք ինչու են այսքան խելոք գրում ու խոսում,բայց հայտնվում տխմար իրավիճակում:Արամ ջան,հնարավոր է գոնե ,,Առավոտի,, նեղ շրջանակներում քննարկել վերջին օրերի ամենահուզող հարցերը՝Մաքսային միությունից-Զորի Բալայանի ,,Բաց նամակ…,,:Ախր էդ նամակը առաջին հերթին մեզ է ուղղված՝ադրբեջանցի,հայ,ռուս,վրացի ժողովուրդներին:Մենք ենք տուժելու աշխարհաքաղաքական հերթական փորձարարությունից:Այս խաղի մագիստրոսները մշակել են սխմաներ որոնց ներսում է ընթանում կառավարվող պրոցեսը:Քրիստոնյաներ-հեթանոսներ,քաղկեդոնականներ-հակաքաղքեդոնականներ,մահմեդականներ-խաչակիրներ,ունիթորներ-հակաունիթորներ,բոլշևիկ-մենշևիկ,դեմոկրատ-պահպանողական…Միթե
    չէք տեսնում երևույթի անընդհատ կրկնությունը,միթե չեք տեսնում անվերջ արյունահեղությունը,միթէ չէք զգում դրա ետևում թաքնված ճիվաղի խարդավանքը, թե ասֆալտն ու երկաթբետոնը ամբողջովին մեզ անզգամ են դարձրել:Ոմանք փող աշխատելու սխեմաներ են մշակում,մենք իրար կոկորդ ենք կրծում:Կարող էք ասել որտեղ են Մերձավոր Արևելքի իշխողների բազմամիլիարդ հարստություննեը,որտեղ են ցարի,սուլթանի,շահի,Սադամ Հուսեյնի,Կադաֆֆիի,Մուբարաքի միլիարդները:Քանի կոպեկ հասավ Բերեզովսկուն:Չեք տեսնում, որ քաղաքակրթության անվան տակ վերացնում են Արևելյան քաղաքակրթությունը ստեղծող ու կրող հանրությանը:Հերթը շուտով կհասնի ևրոպոցիներին,որի մշակութային քողն առժամանակ անհրաժեշտ է ,,թագավորի մերկությունը,, սքողելու համար:Նայեք Սիրիային տեսեք Եվրապայի ապագան:Ում անհավանական է թվում թող հիշի ցեղասպանությունն ու հոլոքոստտը,Կովկասն ու Հարավսլավիան:Բտված կենդանու վերջը սպանդանոցն է,իսկ մենք վիճում ենք թե որ գոմում են մեզ բտելու:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031