Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Նիկոյան. «Բոլորը նորմալ են համարում, որ 80 տոկոսը մերը չէր։ Ա՛յ, երբ այդ 20 տոկոսն էլ տվեցինք, սկսեցին աղմկել». «Հայոց աշխարհ»

Փետրվար 07,2014 13:13

Հատված ՀՀԿ խմբակցության անդամ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հարցազրույցից:

 -Դուք է՞լ եք այն կարծիքին, թե ընդդիմությունը զուտ քաղաքական նկատառումներով է բարձրացնում գազամատակարարման թնջուկներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցերը։ 

-Մեր գործընկերները գուցեեւ ունեն որոշակի մտահոգություններ, որոնք մասամբ պայմանավորված են տեղեկատվության պակասով։ Իհարկե կա նաեւ հարցի քաղաքական կողմը. ինչքան էլ փորձես հանել այդ մտահոգությունները, միեւնույն է, նրանք ասելու են այն, ինչ ասում են։

Յուրաքանչյուր իշխանություն, այդ թվում՝ գործող կառավարությունը, հասկանում է, որ գազի գնի բարձրացումը ցավոտ խնդիր է մեր բնակչության, հատկապես անապահով շերտերի համար, դրանից ելնելով էլ՝ փորձում է ամեն ինչ անել, որ սակագինը հնարավորինս ցածր լինի։ Երբ Ռուսաստանը բարձրացրեց գազի գինը, կառավարությունը հայտարարեց, որ մեր սպառողի համար սակագինը չի փոխվի, դրա հետեւանքով կուտակեց պարտքեր։ Պարտքերի մի մասը իր վրա վերցրեց Ռուսաստանը, մի մասը՝ Հայաստանի կառավարությունը, եւ վճարեց ոչ թե արտարժույթով, այլ «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասով։

Սա՛ է ամբողջ պատմությունը։ Պատկերացրեք, ինչ կլիներ, եթե կառավարությունը չդիմեր այդ քայլին, եւ մարդիկ կրկնակի բարձր վճարեին գազի դիմաց. հա՛մ էժան գազ ենք ուզում, հա՛մ քննադատում այն քայլերը, որ կառավարությունն արել է սպառողին էժան գազ տալու համար։

Չգիտես ինչու, բոլորը նորմալ են համարում, որ 80 տոկոսը մերը չէր։ Ա՛յ, երբ այդ 20 տոկոսն էլ տվեցինք, սկսեցին աղմկել, թե Հայաստանը զրկվեց իր սուվերենության «վերջին մնացորդներից», այն դեպքում, երբ այդ 20 տոկոսը, այսպես թե այնպես, եղանակ չէր ստեղծում։ Նույնիսկ օգտագործեցին ապազգային կառավարություն տերմինը։

Երբ 80 տոկոսը տալիս էինք՝ ազգային էր, հիմա դարձավ ապազգայի՞ն։ Ես չեմ ասում՝ ինչո՞ւ 80 տոկոսն օտարվեց. եթե հնարավորություն ունենայինք, վստահ եմ՝ մեր իշխանությունները չէին դիմի այդ քայլին։

   -Ձեր ընդդիմախոսները քանիցս շեշտեցին՝ ավելի լավ էր այդ 20 տոկոսը նվիրել «Գազպրոմին», քան ստանձնել պարտավորություններ, որոնք զրկում են մեզ էներգետիկ համակարգը այլընտրանքային աղբյուրներով համալրելու հեռանկարից։ 

-«Գազպրոմը» միայն տնտեսական կառույց չէ՝ հզոր տնտեսական կառույց է, որը լուծում է նաեւ քաղաքական խնդիրներ։ Այնպես որ այս համաձայնագիրը պետք է դիտարկել ամբողջության մեջ՝ Մաքսային միություն մտնելու, գազի սակագնի հնարավոր բարձրացումը կասեցնելու, ինչպես նաեւ ազգային ավտանգության համատեքստում. եթե ամբողջության մեջ չենք նայում՝ հանգում ենք սխալ եզրակացության։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728