Լրահոս
Օրվա լրահոսը

131 սողանքներ ամեն պահի կարող են «արթնանալ»

Հունիս 06,2014 15:39

Հայաստանը սողանքավտանգ երկիր է. մեզ մոտ 3000-ից ավելի սողանքներ կան, որոնցից 2500-ը գրանցված են եւ անձնագրեր ունեն: Այս մասին այսօր «Հենարան» ակումբում ասաց արտակարգ իրավիճակների նախարարության(ԱԻՆ), փրկարար ծառայության բնակչության պաշտպանության, աղետների հետեւանքների վերացման կազմակերպման վարչության պետ Հովհաննես Եմիշյանը: Նրա վստահեցմամբ` սողանքներն ավելի ակտիվացնում են հորդառատ անձրեւները, եւ վերջերս տեղացած անձրեւները նպաստել են մի շարք տարածքների սողանքների ակտիվացմանը:

Ըստ պարոն Եմիշյանի, սողանքների ակտիվացմանը նպաստում են նաեւ մարդիկ, ընդ որում, որոշ դեպքերում մարդկային գործոնն այնքան ուժեղ է լինում, որ նախկինում երբեւէ սողանք չգրանցված բնակավայրում, մարդկանց միջամտության պատճառով սողանքներ են լինում: Որպես այդպիսի սողանք պարոն Եմիշյանը հիշեցրեց 2011 թվականին Տավուշի մարզի Այրում երկաթուղային կայարանի կամրջի հարեւանությամբ տեղի ունեցած սողանքը: ԱԻՆ-ը պարզել էր, որ Այրումի սողանքի հիմնական պատճառը մարդկանց կողմից հողերի չափից ավելի ոռուգումն էր. «Ոռոգման խողովակի մի հատվածից ամառ-ձմեռ ջուրը հոսել է ու այդպես տարիներ շարունակ: Եւ ի վերջո սողանք է առաջացել, սա շատ լուրջ դեպք էր, մարդկային զոհեր կային: Բայց այդ տարածքը երբեք սողանքային գոտի չի եղել»:

Ներկայումս 131 շատ վտանգավոր սողանքներ կան, եւ ինչպես պարոն Եմիշյանն ասաց, դրանք սպառնում են մայրուղիներին ու ենթակառուցվածքներին. այդ սողանքներն ամեն պահի կարող են ակտիվանալ. «Օրինակ Հաղարծինը, Այգեհովիտը, Շիրակի մարզի Առափին համայնքը, Կապան քաղաքում էլ կա բնակելի տեղամաս, որը եւս վտանգավոր սողանքային վայր է: Վերջերս տեղացած անձրեւներից հետո ակտիվացել է Գառնիի Ողջաբերդի ճանապարհի սողանքը»:

ԱԻՆ մասնագետը նշեց, որ սողանքների պատճառ են անտառհատումներն ու հիդրոկառույցները:

Պարոն Եմիշյանը վստահեցրեց, որ ԱԻՆ-ը հակասողանքային միջոցառումներ է կատարում տարբեր տարածքներում. «Դիլիջանի թունելների ջրահեռացման համակարգն ենք լավացրել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30