Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարծիքը չպիտի ընդունես որպես կարմիր շոր, կատաղես ու սկսես ինչ-որ բան գրել». Արամ Աբրահամյան

Հուլիս 29,2014 17:29

«Առավոտ» օրաթերթն իր 20-ամյա պատմության ընթացքում այդպես էլ չդարձավ կուսակցական: Նա հենց դրանով պիտի առանձնանար ժամանակի հայտնի թերթերից՝ «Երկիր», «Ազգ», «Հայք», «Իրավունք», «Այժմ», «Լրագիր», որոնցից միայն վերջինս կուսակցական չէր: Եվ նոր հրատարակվող թերթը՝ «Առավոտը», ըստ էության, պիտի նոր խոսք ասեր, պիտի լիներ ոչ կուսակցական, չարտահայտեր տնտեսական կամ քաղաքական որևէ խմբի կարծիք, այլ բաց լիներ բոլորի համար. ահա այսպիսի սկզբունքներով 1994 թվականի օգոստոսի 1-ից սկսեց տպագրվել «Առավոտը»:

Թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ուրախությամբ նկատեց, որ մինչև օրս թերթին հաջողվում է հավատարիմ մնալ այդ սկզբունքներին. «Մի կողմից պիտի կարողանաս որևէ մեկի կարծիքը հալած յուղի տեղ չընդունել, մյուս կողմից էլ այն չընդունել որպես կարմիր շոր, որից դու պիտի կատաղես ու սկսես ինչ-որ բան գրել: Այս առումով, կարծում եմ, մեզ հաջողվել է հավասարակշռություն պահպանել»,- ասում է պարոն Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ թեև ժամանակ առ ժամանակ ֆինանսական խնդիրներ են առաջանում, և հարկ է լինում դիմել օգնության, բայց թերթի գլխավոր խմբագիրը չի պատրաստվում դառնալ որևէ մեկի «նոքարը». «Այսինքն՝ եթե այդ մարդն իմ առջև պայման է դնում, որ ես պետք է անեմ այս կամ այն բանը, ես, պարզապես, այդ մարդուն ասում եմ՝ հաջողություն»,- ասում է Ա. Աբրահամյանը:

Անդրադառնալով տպագիր մամուլի առջև ծառացած խնդիրներից մեկին, այն է՝ առցանց լրատվամիջոցները որոշ չափով հետին պլան են մղել տպագիր մամուլը, պարոն Աբրահամյանն ընդգծեց, որ ինքն անձամբ նախապատվությունը տալիս է տպագիր մամուլին, բայց և գիտի, որ կայքերը, սոցիալական ցանցերը հիմա առաջանցիկ դերում են. «Ես կարծում եմ, որ թերթն այսօր և´ կայք պետք է ունենա, և´ տպագիր տարբերակ: Պարզապես, պիտի կարողանաս տարանջատել, թե ինչ ես ուզում գրել թերթում և ինչ ես ուզում գրել կայքում: Այսինքն՝ թերթի բովանդակությունը պետք է տարբերվի կայքի բովանդակությունից: Իմ կարծիքով, այսպես կարող է զարգանալ տպագիր մամուլը»,- ասում է Ա. Աբրահամյանը:

Ինչ վերաբերում է ընթերցողների արձագանքներին, ապա դրանք այսօր գլխավորապես մեկնաբանությունների տեսքով են դրսևորվում, և ըստ «Առավոտ»-ի գլխավոր խմբագրի՝մեկնաբանություն գրողները մեծամասամբ գրում են ինչ-որ մեկին «քլնգելու» համար, և այսպիսի մեկնաբանություններն ավելի շատ են. «Եթե մի բան ձեզ դուր է գալիս, դուք ալարում եք մեկնաբանություն գրել, իսկ եթե դուր չի գալիս, չեք ալարում ու գրում եք, որպեսզի, կոպիտ ասած, «քլնգեք»,- ասում է Ա. Աբրահամյանը:- Երբ բացասական բան ես գրում, ասում են՝ «շշեցիր», «լավ հախից եկար», «դուխիդ մեռնեմ»… Ինչպես ասում են՝ լավ նորությունը նորություն չէ. բացասականի մասին լուրերը մարդիկ ավելի հաճույքով են ընկալում, բայց պետք չէ դրանով գայթակղվել, որովհետև ինչքան շատացնում ես այդ բացասականը, այնքան մեծացնում ես ինքնաթունավորման վտանգը»,- համոզված է պարոն Աբրահամյանը:

Իսկ այն հարցին, թե ինչու են պաշտոնյաները նախընտրում «Առավոտ» օրաթերթը. վստահո՞ւմ են արդյոք, թե՞ վախի զգացում ունեն, պարոն Աբրահամյանը պատասխանեց. «Եթե խոսքը խմբագրականների մասին է, ապա ես երբեք չեմ փորձում մարդկանց ջախջախել, վիրավորել կամ վախ առաջացնել որևէ մեկի մեջ, որովհետև վախը շատ վատ զգացում է: Ես ուզում եմ, որ մարդիկ ավելի շատ մտածեն այն խնդիրների մասին, որոնք կան այսօր: Ուզում եմ հավատալ, որ ոչ թե վախից են դա անում, այլ խնդրին ավելի խորը ծանոթանալու համար»։

Եվ վերջում լրագրողները պարոն Աբրահամյանից հետաքրքրվեցին նաև նրա այն սովորության մասին, որ ոչ միայն իր աշխատողներին է նկատողություն անում, այլև ինքն իրեն. «Այո, ես հիշում եմ, որ մի քանի անգամ ինքս ինձ նկատողություն եմ արել: Դրանից հետո ինձ մոտենում ասում էին՝ միայն թե դու քեզ գործից մի ազատի»,- հիշեց պարոն Աբրահամյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031