Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Օրագիր իմ եւ բոլորի համար». Կանգնի՛ր, քարավան…

Դեկտեմբեր 03,2014 15:00

Սիրելի Սուսաննայի պայծառ հիշատակին

Պրահայի Ստրաշնիցկա գերեզմանատան մեծ դահլիճում թաղման ծե՞ս է, թե՞ հոգեհանգիստ։ Իսկապես, չեմ հասկանում։ Կյանքից հեռացել է Չեխիայի հայությանը հայտնի, մեր բոլորի նոտարական փաստաթղթերը թարգմանող, խորհուրդ տվող ու կարգավորող Մարգարիտա Նովոտնա-Մանուկյանը, իսկ հայության համար՝ պարզապես մեր Սուսոն։ Ծանր ու երկար հիվանդությունը հաղթեց։ Չէր հանձնվում, երկար դիմադրում էր, մեզ սիրտ տալիս, քաջալերում ու դրանից իր հույսն էր ապրում։ Ավաղ… «Ուխտ էի արել մտքումս, հայր սուրբը գա՛ր, աղոթեր ուխտս, որ կարողանայի դիմանալ այս նեղությանը։ Չեկավ»։ Մահվանից մի երկու շաբաթ առաջ էի զանգահարել հիվանդանոց, հեռախոսով դառնացած գանգատվեց։ Ու ավելացրեց. «Գիտես ինչքան եմ իրեն օգնել…»։ Իսկ դու ում չէիր օգնել, մեր բարի, հյուրասեր, հայության լավ ու վատին միշտ կանգնած մեր անբախտ քույրիկ։ Հրաժեշտի այս տրտում ու հոգեվար արարողությանը ներկա հայերից շատերը քեզ պարտք մնացին ու չհասցրին վճարել։ Գիտեին, որ չես հաշվում, կունենան, կտան։ Այս մի պարտքն էլ մոռացիր, ներիր մահկանացուին՝ գերեզմանիդ մութ լռությունից աղոթիր մեղավորների հոգու համար…

Սուսաննայի ամուսինն էլ թարգմանիչ է՝ Վլադիմիր Նովոտնին, տասնյակ լեզուների մասնագետ։ Ասում են՝ երբ հայ փախստականներին հարցաքննում են երկիր մտնելիս, ու երբ նրանք ի վնաս իրենց անհեթեթություններ են դուրս տալիս, Վլադիմիրը՝ մտերիմների համար պարզապես Միրեկը, թարգմանում է լրիվ մեկ այլ միտք, որ օգնի հայերին։ Ու հիմա, ամեն բանի ճարն իմացող տարեց մարդը, շվարած, մոլորված գնում-գալիս է՝ հետագա անելիքը չիմանալով։ Զավակները կողքին են, բայց նրանք ինչ, հո Մածկո չե՞ն իր համար… Հոգատար, ամուսնու հարգն ու պատիվը պահող իր Մածկոն…

– Օտա՛ր, ամա՛յի ճամփեքի վրա…

Ցուրտ, մռայլ դահլիճում մորմոքում է դուդուկը, ու սուտ են թվում սիրուն խոսքերը, լավն ու վատը, եկողն ու չեկողը, մեր արցունքներն ու կյանքի համար այս անգութ կռիվն ընդհանրապես։

Երբեւէ տեսե՞լ եք օտար երկրում հուղարկավորության շտապող հային։ Մահվան թափորի մեջ թիկունքից անգամ կարող ես տարբերել. կքած ուսերով, մոլոր քայլվածքով, իրենց կանանց հույսին մնացած հագ ու կապուստով։ Եվրոպայի փարթամ մարգերում ճլորած շիթիլների նման, արեւի սովոր, արեւի կարոտ, տանջված ու չարչարված հայերս… Օտար հպատակության մանր քայլերի առաջ լեռներ հաղթահարող ու արդյունքը չվայելող հայեր ջան… Մռայլ դագաղում պառկած էլ՝ հոգսը դեմքներին…

– Օտա՛ր, ամա՛յի ճամփեքի վրա…

Ցուրտ, մռայլ դահլիճում մորմոքում է դուդուկը, ու ես մահվան ցրտից ու ներսիս դատարկությունից կուչ եմ գալիս ինքս իմ մեջ։

Վախենում եմ մահից։

Այստեղ, այս օտար երկնքի տակ։ Ինչ անեմ, որ այն չպատահի։ Մինչեւ հասնեմ տուն։ Միգուցե արագ ծալեմ օրագրիս այս էջը, չտեսնելու տամ, ինչպես 1995-ի աշնանային տխուր օրվա գրառումը, որ ծալել, մի կողմ էի նետել մինչեւ օրս։

Մյունխենից «Ազատությունը» նոր էին տեղափոխել Պրահա, ու մենք չէինք էլ հասցրել նորմալ տեղավորվել, երբ հանկարծամահ եղավ Արամ Վանեցյանին հյուր եկած հայրը՝ Արարատ Վանեցյանը։ Սիրտը վատացել էր, շտապօգնության հեռախոսավարուհին անգլերեն չէր հասկացել, ու մինչեւ եկել էին, մարդը չէր դիմացել։ Ծնողասեր, պատվախնդիր Արամը իրեն պատերով էր տալիս, ինչ անի, երբ ինքն էլ իր ճակատագրի տերը չի, չգիտի՝ ուր է լինելու վաղը։ Իմ կյանքում տեսած ամենատխուր թաղումն էր՝ ընտանիքն էր ու խմբագրության կանայք, երեւի տասը հոգուց ոչ ավելի։ Գործընկերները չէին կարողացել օրվա հաղորդումը բաց թողնել։ Եկել էր միայն ծառայության ղեկավար Մարտո Սողոմյանը։ Աստվածաշնչից մի հատված կարդաց քահանայի փոխարեն, ու դագաղն իջեցրին գերեզման։ Դագաղը դագաղի վրա դրեցին: Գերեզմանի նախկին տերերն այլեւս դադարել էին վճարել տեղի համար, ու երկու քառակուսին իրենց մեռելի հետ վաճառել էին Արամին։ Սոնան, որ մեզնից մեկ տարի առաջ էր տեղափոխվել Պրահա ու իր տեղը չէր գտնում, փոսին նայելով՝ սարսափած ու դառնագին շշուկով հեծկլտում է. «Ինձ էստեղ չթաղեք, լսո՞ւմ ես, չթողնես ինձ էս անտեր հողի մեջ դնեն…»։

– Օտա՛ր, ամայի՛ ճամփեքի վրա…

Մորմոքում է դուդուկը, Սուսիկի սիրած երգն է, ու դահլիճի ցրտից, մահվան սարսափից լրիվ կորած եմ զգում ինձ։ Օրագրիս այս մի էջը. «Մոսկվայի հայկական գերեզմանատանը հոգեհանգիստ է։ Լոնդոնից եկել է Նելլի Հակոբյան-Դադամյանը՝ Բորիս Դադամյանի զարմուհին։ Լոնդոնի թագավորական սիմֆոնիկ նվագախմբի դաշնակահարուհին։ Եկել է Մոսկվա, մեկուկես տարվա հոր անթաղ աճյունը պահ տա հողին։ Տարբեր երկրներում դիվանագիտական առաքելությունը ավարտած նրա հայրը հաստատվել էր Լոնդոնում ու մահացել այնտեղ։ «Խեղճը վերջին պահին խնդրեց իրեն հայրենի գյուղ տանել, Մարտակերտ»,- մորմոքում է Նելլին։ «Ի սեր Աստծո, թողեք մարդը հանգիստ առնի մի տեղ,- սաստում է ազգությամբ հրեա հարսը,- ինչ եք կպել հայրենիք, հա հայրենիք։ Հողը հող է, մեռածի համար ինչ տարբերություն։ Բան են գտել իրենց տանջելու»։ «Դե լավ,- խեղճանում է Նելլին,- հետո, երբ պատերազմը վերջանա, կգամ հորս կտանեմ գյուղ,- ու սրբելով քիթուբերնից հորդացող արցունքը, անհաստատ ավելացնում,- մորս էլ եմ բերելու»։

– Օտա՛ր, ամայի՛ ճամփեքի վրա…

Մորմոքում է դուդուկը։ Հրաժեշտի արարողությունը վարում է չեխ հանդիսավարը ու դրանից ավելի է սեղմվում, կուչ գալիս հոգիս, անտերության տարտամ զգացումը չի լքում ինձ։ Հիշատակի խոսք է խնդրում Չեխիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը։ Փարատվո՞ւմ է, արդյոք, մեր հոգու խուճապն ու անձկությունը լռության աղմկոտ այս քաոսի մեջ, չգիտեմ։ Բայց լավ է, որ մենակ չես ցավի ու ողբերգության պահին։

Թաղումից վերադառնում ենք։ Մեքենայի մեջ էլ չեմ կարողանում զսպել լացս։ Սոնաս իսկույն հասկանում է մտքինս. «Էդ հեչ, քեզ հո չենք թողնի էս չեխ զդենեկ-հոնզաների մեջտեղում պառկես, մամ, քեզ ծնողներիդ կողքին կթաղենք։ Համ էլ գիտնականները մի փոշի են ստեղծել, որ երբ ցանում ես մահացածի վրա ու դնում հողը, հետո գերեզմանի վրա ծառ է աճում։ Քո ծառը։ Լաց մի եղիր, մի բան կմտածենք»։ Լացի միջից տխուր ժպտում եմ…
Երկիր իմ, խոցված, երկիր իմ, ներող։ Դառնությունների քո հազարամյա երթի մեջ այսպես փախել ենք քո անունից։ Ու հեռվի բախտը թվացել է քաղցր։ Եվ թշվառ անհողության ձորձը շալակած, ճրագ ենք հայցել օտար խարույկներից։ Երկի՛ր իմ, խոնարհ, երկի՛ր իմ, ներող։ Քո լույս ճամփաների հնամյա զանգերը չեն ղողանջում հարյա՛վ, եւ ի՞նչ է ոռնում ցավը իմ հոգում…

– Կանգնի՛ր, քարավան… սիրտս մարում է…

ՇՈՒՇԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ
Պրահա

Լուսանկարը՝ Բագրատ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
2.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. ՀԱՅՈՒՀԻ says:

    Մարգարիտա թե՞ Սուսաննա

  2. Օտար ամայի ճամփեքի վրա……

  3. ohan says:

    Спасибо, Шушан!

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031