Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Ծառուկյանի թիկնազորը սպառնացել է. «Թո՞ւյլ եմ տվել, որ նկարում ես, գիտես` նկարես ինչ կլինի»

Մայիս 19,2015 17:01

Աբովյան հեռուստաընկերության տնօրեն Ազնիվ Չիզմեչյանը Aravot.am-ին նոր մանրամասներ է պատմում նախօրեին Աբովյանում   Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ» առեւտրի կենտրոնից բողոքող առեւտրականների ակցիայից:

Ազնիվ Չիզմեչյանը նույն օրը ոստիկանությունում հաղորդում էր տվել, որ իր հեռուստաընկերության լրագրողի ու օպերատորի աշխատանքը խոչընդոտել են:

«Լրագրողն ու օպերատորը գնացել են նկարահանման: Երբ տեղ են հասել, ժողովուրդը արդեն հավաքված է եղել, մինչեւ օպերատորը փորձել է  տեսախցիկը հենակի վրա ձգել, այդ պահին  երկու սափրագլուխ, ամրակազմ երիտասարդ մոտեցել են, հրել օպերատորին ու  ասել է մի նկարի, ես քեզ թո՞ւյլ եմ տվել, որ նկարում ես, գիտես, որ նկարես ինչ կլինի, կկոտրեմ տեսախցիկդ: Լրագրողն էլ միջամտել է, թե ժողովրդին նկարելու իրավունք չկա՞»,- պատմեց տնօրենը:

Նրա խոսքով, միջադեպից հետո հեռուստաընկերության աշխատակիցները զանգահարել են իրեն, ներկայացրել իրավիճակը. «Ես էլ ասացի` եկեք խմբագրություն: Սա առաջին դեպքը չէր, ու ես ինքս լրագրողի ու օպերատորի հետ գնացի ոստիկանություն ու հայտարարություն  տվեցի, որ նման միջադեպ է տեղի ունեցել: Քանի որ Աբովյանում քաղաքապետի ընտրություններ են ու ինչքան  օրերը մոտենան, այնքան թեժանալու է, որոշեցի այդ մասին հաղորդում տամ: Լրագրողն ու օպերատորը չեն կարողանում փողոց դուրս գալ ու սովորականի պես աշխատել, Աբովյանում մթնոլորտը լարված է»:

Հեռուստաընկերության տնօրենի խոսքով, այս վերջին միջադեպից առաջ էլի եղել են դեպքեր, երբ նախընտրական շրջանում իր աշխատակիցների աշխատանքը խոչընդոտվել է, բայց  կոնֆլիկտից խուսափելու համար ինքը փորձել է  հարթել ու լարվածություն չստեղծել:  Մեր հարցին, կրկին Ծառուկյանի թիկնազորի՞ց են խոչընդոտել հեռուստաընկերության աշխատակիցների աշխատանքը, նա չցանկացավ պատասխանել:

Հիշեցնենք, որ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը «Գալայի» հետ զրույցում ասել էր, թե հաղորդման մեջ նշված չէ` լրատվամիջոցի ներկայացուցիչների աշխատանքն ովքեր են խոչընդոտել ու ինչ պայմաններում:

Հիշեցնենք, որ նախօրեին 1in.am-ը հաղորդել էր, որ Աբովյանի շուկայի մի խումբ առեւտրականներ բողոքի ակցիա են կազմակերպել՝ ընդդեմ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից վերջերս Աբովյանում բացված «Առինջ մոլ» առեւտրի կենտրոնի: Եվ ակցիայի ժամանակ Ծառուկյանի թիկնազորը բռնություն է կիրառել առեւտրականների եւ ակցիան լուսաբանող լրագրողների նկատմամբ:

Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանի հայտարարությանը, թե  ինքը տեղեկություններ է ստացել, որ առեւտրականների բողոք-դժգոհությունները լուսաբանող լրագրող տարածքում չի եղել, Ազնիվ Չիզմեչյանն ասաց. «Հնարավոր չէ այդ բազմության միջից չնկատել հեռուստաընկերության լոգոյով միկրոֆոնը, տեսախցիկը: Այդ ամեն ինչը թող ոստիկանությունը պարզի, տեսնենք` ովքեր են եղել խոչընդոտողները»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Armlur.am-ի լուսանկարում Գագիկ Ծառուկյանի թիկնազորի ղեկավարն է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031