Լրահոս
Օրվա լրահոսը

Այրվածքին միանգամից սառը դրե’ք. ձու, տոմատ ու ձեթ մի’ քսեք (Տեսանյութ)

Հուլիս 07,2015 13:39

Այրվածքներին չի կարելի ձեթ, տոմատ, մածուն կամ ձու քսել: Այսօր «Բլից ինֆո» մամուլի ակումբում ասաց Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնի այրվածքաբան Նազի Բարսեղյանը: Նրա խոսքերով, ջերմային, արեւի կամ հրդեհի հետեւանքով առաջացած այրված մակերեսին անմիջապես պետք է սառույց կամ սառը ջուր դնել, որպեսզի այրվածքը չխորանա, մակերեսը չտարածվի, ապա դիմել բժշկի օգնությանը: Իսկ տնական մեթոդները ցավը փոքր-ինչ մեղմացնում են միայն այն պատճառով, քանի որ սառն են լինում, որովհետեւ պահվում են սառնարանում:

Նազի Բարսեղյանը խորհուրդ է տալիս արեւայրուքից էլ զգուշանալ, քանի որ արեւի ճառագայթների հետեւանքով մաշկի տակ մեծ քանակությամբ մելանին նյութ է սկսում առաջանալ, ինչը հետագայում կարող է մի շարք հիվանդությունների պատճառ դառնալ:
Բժշկի խոսքերով, եթե, այնուամենայնիվ, արեւայրուք ընդունում են, պետք է առաջին մի քանի օրը ոչ թե արեւայրուքի համար նախատեսված քսուք, այլ` պաշտպանիչ քսուք օգտագործել, որպեսզի մաշկն աստիճանաբար ընտելանա եւ միանգամից չայրվի: Բացի այդ, առաջին օրը արեւի տակ պետք է գտնվել 10-15 րոպե, երկրորդ օրը 20 րոպե, ապա` աստիճանաբար ավելացնել:

Տիկին Բարսեղյանն ասաց, որ արեւայրուքը կարող է նպաստել մաշկի չորացմանը, վաղ ծերացմանն ու կնճիռների առաջացմանը: Բժշկի խոսքերով, այրվածքին պետք է վիտամիններ պարունակող քսուքներ քսել, պահել բարձր դիրքում, որպեսզի ցավերը մեղմ լինեն: Արեւահարվելու նշաններն են ջերմությունը, սրտխառնոցը, ճնշման անկումը:

Ամռան շոգերից պաշտպանվելու համար էլ բժշկի վստահեցմամբ պետք է շատ հեղուկ խմել, մասնավորապես` մաքուր ջուր: Նրա խոսքերով, հյութեր նույնպես կարելի է, բայց օրգանիզմի պաշտպանության համար ավելի օգտակարը ջուրն է: Հեղուկի քանակությունը կախված է մարդու քաշից: Ըստ Նազի Բարսեղյանի, հինգ տարեկան երեխան չպետք է խմի այնքան հեղուկ, որքան մեծահասակը: Երեխաներին խորհուրդ է տրվում օգտագործել օրական մեկուկես լիտր ջուր, մեծահասակներին` կախված քաշից` 3-ից 5-6 լիտր:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031