«Մոտ ապագայում հայ-թուրքական հարաբերությունների վրա այդ ազդեցությունը այդքան էլ տեսանելի չի լինի, քանի որ կառավարության համար առաջնահերթություններից կլինեն տնտեսական իրավիճակը, քրդական խնդիրը, Իրաքի ու Սիրիայի հարաբերությունները»,-Aravot.am-ի հարցին՝ Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված նոր քաղաքական վերադասավորումներն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ հայ-թուրքական հարաբերությունների վրա, առաջիկայում հնարավո՞ր են այս հարցում նոր զարգացումներ և մասնավորապես ի՞նչ զարգացումներ է կանխատեսում, «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց մամուլի ասուլիսին այսպես պատասխանեց Թուրքական Քադըր Հաս համալսարանին կից գործող Եվրոպական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Դիմիտրիոս Տրիանտաֆիլլուն: Ըստ քաղաքագետի՝ առաջիկայում նոր զարգացումներ քիչ հավանական են, ավելի հեռու ապագայում հնարավոր են շոշափելի զարգացումներ:
Մեր մյուս հարցին՝ ԵԽԽՎ-ում ընդունված զեկույցում քննադատության ենթարկվեց Թուրքիայում խորհրդարանական ընտրությունների անցկացումն ու կազմակերպումը: Մասնավորապես ԵԽԽՎ-ն մտահոգություն հայտնեց, որ երկրի նախագահը խախտել է Սահմանադրությունը և զբաղվել իշխող կուսակցության քարոզչությամբ, գրանցվել են բազմաթիվ ճնշումներ, ընտրություններն ուղեկցվել են կուսակցությունների գրասենյակների վրա հարձակումներով, ինչպես նաև մարդկային բռնություններով, ուստի ինչպե՞ս կգնահատի ԵԽԽՎ-ի այս մտահոգությունները և դրանք ինչի՞ արդյունք են, պարոն Տրիանտաֆիլլուն պատասխանեց. «Թուրքիան բացարձակ ժողովրդավարության երկիր չէ: Այն բևեռացված երկիր է: Ցավոք, ԵԽԽՎ-ի մտահոգությունը այդ գործընթացում որևէ դերակատարություն չի խաղացել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ