Լրահոս
Օրվա լրահոսը

Նախաիմացության փորձ

Օգոստոս 08,2015 12:00

 

Եվ բացվող գունատ օրվա ու շոգ գիշերների մեջ, ուր մենք անվերջ գտնում ենք իրար ու կորցնում, փնտրում, տեսնում ենք կարեւորը եւ դնելով մի կողմ՝ շարունակում ենք փնտրել…

Եվ անվերջ քրքրում ենք իրար, խոսում ազատության մասին՝ չանդրադառնալով անգամ, որ ազատությունը կուռք դարձնելը ինքնին նշանակում է անազատություն, քանի որ ազատ լինելը նպատակ չէ, այլ ընդամենը միջոց՝ հասնելու բաղձալի արդարության, դեպի ուր արդեն մեր երկիրը արեց եւ անում է իր առաջին քայլերը…

Ափսոս, միշտ չէ, որ բոլորի կողմից է միանգամից ընկալվում երաժշտի ստեղծագործությունը կամ նկարչի կտավը, գրողի գիրքը, քանի որ հեղինակները, ներկայացնելով իրենց ստեղծագործությունը, չեն կարողանում միաժամանակ բոլորին լսողություն կամ ճաշակ նվիրաբերել…

Այդպես է նաեւ քաղաքականությունը, որ հղկվելով հին աշխարհներում՝ եկել-հասել է մինչեւ մեր օրերը, բայց զարմանալիորեն մնացել է  նույնը, մնացել անփոփոխ՝ ցանկացողը լսում ու ընկալում է, չցանկացողը՝ ոչ:

Եվ թվում է, թե մեր կյանքը պատմվում է, ասացվում հին ու մոռացվող աստվածների երազների մեջ եւ նրանց սպասելու ճանապարհին, որ մի օր կգան ու կբերեն փրկությունը մեր: Այնինչ մեր փրկությունը մեր ներսում է ու մեր միջեւ եւ ճանապարհը՝ տեսանելի, մնում է հավատալ ու գնալ առաջ, ինչպես որ մեզնից առաջ արել են շատ ազգեր:

Սերը սեփական երկրի հանդեպ գրեթե նույնն է, ինչպես սերը մտերիմի-հարազատի հանդեպ, ինչպես պատանու սերը աղջկա հանդեպ, որ երբ սիրահարվում է, անմիջապես էլ հրաժեշտ է տալիս մանկությանը, եւ պայծառ անգիտությունից ձերբազատվելով՝ անքնության մի գիշեր հանկարծ հասկանում է, ողբերգականորեն գիտակցում, որ աշխարհում մահ կա, որ բոլորն են մահանում… Քանի որ մահվան գիտակցությունը հայտնվում է սիրո հետ միասին, ու պատանու համար եւ կյանքը, եւ մահը իր առաջին սիրած աղջկա մեջ է:

Այդպես էլ մեր կյանքն ու մեր մահն է՝ մեր հայրենիք-պետության հանդեպ ունեցած մեր սիրո ու նվիրումի մեջ:

Այս պարզ պատկերը ինձ հուշում է, հաստատում, որ չի կարելի մահկանացուներից կուռքեր ստեղծել եւ աղոթել նրանց, քանի որ նրա հետեւորդները կուռքի անունից կհալածեն մյուսներին: Ինչպես նաեւ չի կարելի հետեւել մեկին, որը հռչակում է, թե գիտի բոլոր հարցերի պատասխանը: Մտածում եմ նաեւ, որ ճշմարտության ճանապարհը որոնողին-փնտրողին հետեւելն է, որովհետեւ ով հայտարարում է, թե գտել է ու գիտի, այդտեղ ինչ-որ շատ կարեւոր բան կանգ է առնում, ավարտվում է, այնինչ այսօր պետք է հետեւել փնտրողին եւ անել հարյուրմեկերորդ քայլը:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

07.08.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Դավիթ Բեկ says:

    Հարգարժան Մ. Տ-Գ-ն,ես Ձեր ընթերցողն եմ եղել դեո 88-ից սկսած:Դուք հայտնի մտավորական եք,նաև 1-ին հեոուստաընկերությունն եք ստեղծել.բայց այսօր Դուք չեք հասկացվում:Տեսեք,Նազենին որքան է կարդացվել և որքան Դուք,անգամ,Անի Երանյանն ավելի շատ է հետաքրքրու հասարակությանը քան Ձեզ պես պատկաոելի մտավորականը:
    Ինչու այդպես ստացվեց:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31