Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ո՞վ պետք է «մաքրի» ընտրացուցակները. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 11,2015 11:58

Ինչո՞ւ ՀՀ ոստիկանությունը մինչ օրս չի առաջարկել ՀՀ կառավարությանը, որ վերջինս հանդես գա օրենսդրական նախաձեռնությամբ, եւ ներդրվի այնպիսի համակարգ, որը թույլ կտա ընտրողների ցուցակները մաքրել։ Հանրահայտ փաստ է, որ բնակության նպատակով արտերկիր մեկնած ՀՀ քաղաքացիներն իրենց գտնվելու վայրում հաշվառվում են։

Այսինքն՝ եթե ԸՕ-ում եւ «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքում փոփոխություններ կատարվեն, ապա ոստիկանությունն այլեւս կկարողանա պարզել, թե ովքեր են, օրինակ, այն 362 հազար ՀՀ քաղաքացիները, որոնք հաշվառված են ՌԴ-ում, այլ երկրներում ովքեր են հաշվառված, եւ նրանց տվյալները դուրս բերի ընտրական ցուցակներից։ Իսկ ինչու հենց ոստիկանությունը Նման առաջարկով հանդես չի եկել եւ կառավարությանը համապատասխան առաջարկությունները չի ներկայացրել, այս հարցի պատասխանն ուղղեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությանը։

Հարցմանը ոստիկանությունից տվեցին հետեւյալ պատասխանը. «ՀՀ կառավարության 2004 թվականի N 806-Ն որոշմամբ հաստատված ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանության կանոնադրության 1-ին կետի համաձայն՝ ՀՀ ոստիկանությունը, որպես գործադիր իշխանության հանրապետական մարմին, մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության քաղաքականությունը հանցավորության եւ այլ հակաիրավական ոտնձգությունների դեմ պայքարի, հասարակական կարգի ու անվտանգության ապահովման ոլորտում։ Այս իմաստով ՀՀ ընտրական օրենսգիրքը չի դիտարկվում որպես ՀՀ ոստիկանության գործունեության ոլորտի քաղաքականությունը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտ»։

Այսինքն՝ ոստիկանությունն ընդունում է, որ «հանցավորության եւ այլ հակաիրավական ոտնձգությունների դեմ պայքարի» տեսանկյունից իրենք իրավասու են կառավարությանը օրենսդրական առաջարկություն ներկայացնել։ Բայց ԸՕ-ն որակում են իրենց «ոլորտից» դուրս։

Բայց ողջ խնդիրն այն է, որ այս դեպքում ոչ թե զուտ ընտրական գործընթացի, այլ ընտրակեղծարարության տեղիք տվող համակարգի մասին է խոսքը, իսկ հանցավորության դեմ պայքարն ու կանխարգելումը հենց ոստիկանության գործառույթն է, եւ իրենք էլ դա չեն հերքում։ Նույնիսկ ԿԸՀ-ն կարող է կողմ լինել ընտրակեղծարարությանը, եւ միայն ոստիկանությունն է, որը ի պաշտոնե լիազորված է պայքարել հանցավորության, ասել է թե՝ ընտրակեղծարարության դեմ։ Իրականությունը, սակայն, այն է, որ ցանկացած ոստիկանապետ, ով կհամարձակվի խնդրին այդ տեսանկյունից մոտենալ եւ կհամարձակվի ինչ-որ կերպ սպառնալ ընտրակեղծարարներին, մեկ օր անգամ իր պաշտոնին չի մնա։ Իսկ մնացած պատճառաբանություններն այս դեպքում ընդամենը սովորական «կռուտիտներ» են։

Վահագն ՀՈՎԿՀԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30