Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի օգոստոսյան վճռի բողոքարկումն օրեր առաջ ավարտվեց վերաքննիչ քաղաքացիական դատարանում: Կարինե Հարությունյանի դատական վեճը «Առավոտը» լուսաբանում է պարբերաբար:
Կարինեն ամուսնու մահվանից հետո իր հաշմանդամ տղայի հետ հայտնվել է Նոր Խարբերդ գյուղում գտնվող սեփական տունը կորցնելու վտանգի առաջ:
2008 թվականից Կարինե Հարությունյանը պահանջում է ճանաչել իր՝ որպես տվյալ ծխի անդամի սեփականության իրավունքը, նշյալ տան 1/4-ի չափով: Տարիներ առաջ անկողնուն գամված 10-ամյա տղան ու մայրը չէին կարողանում իրենց տանը մնալ, քանի որ արգելանք էր դրվել տան վրա, մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով արգելվել էր տան նկատմամբ որեւէ գործողության կատարումը:
Հետագայում մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատական ակտը բեկանվել էր, վերաքննիչ դատարանը տան նկատմամբ ճանաչել էր որդու՝ Սուրենի ժառանգության իրավունքը: Դատարանը որպես կոլտնտեսային ծխի անդամ ճանաչել էր Կարինե Հարությունյանի սեփականության իրավունքն էլ վիճելի տան 1/2-ի նկատմամբ:
Կարդացեք նաև
Վիճելի տան նկատմամբ իր հավակնությունները չթաքցրեց հանգուցյալի հարազատ քույրը՝ Հասմիկ Թարվերդյանը, վերջինի դուստրը:
Նրանք բողոք էին բերել վերաքննիչ դատարան, նշելով, որ իրենց մարզի առաջին ատյանի դատարանը թույլ է տվել նյութական եւ դատավարական նորմերի խախտում, որը չի բխում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիայի դրույթներից: Բողոքաբեր կողմը դատարանում հայտնել էր, թե առքուվաճառքի պայմանագիր է կնքվել հանգուցյալի մոր եւ Կարինե Հարությունյանի տալի՝ Հասմիկ Թարվերդյանի միջեւ, այլ խոսքով՝ մոր եւ աղջկա…Այն էլ՝ 1993թ.-ին: Նույն այդ տարում մահացել է Կարինե Հարությունյանի ամուսինը:
Առաջին ատյանի դատարանն անվավեր էր ճանաչել մոր եւ աղջկա առքուվաճառքի պայմանագիրը, ինչպես նաեւ Հասմիկ Թարվերդյանի դստեր անվամբ իրավունքի գրանցումը: Սակայն տան վրա դրված արգելանքը չէր վերացրել:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանը բեկանել է մարզի դատարանի վճիռը, եւ «փոփոխել հետեւյալ կերպ», ինչպես արձանագրել է վճռի եզրափակիչ մասում:
Հանգուցյալի մոր եւ Կարինե Հարությունյանի տալի միջեւ կնքված տան առքուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու մասին ստորադաս դատարանի որոշումը մերժվել է: Տան վրա դրված արգելանքը պահպանվել է դարձյալ, մինչեւ որոշումն օրինական ուժի մեջ մտնելը:
Իսկ երեւանաբնակ Հասմիկ Թարվերդյանի դստեր իրավունքի գրանցման պահանջը բավարարվել է:
Նշեմ, որ մի անգամ էլ վերաքննիչ քաղաքացիական դատարանը գործն ուղարկել էր մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ քննելու:
Եվ վերաքննիչ դատարանը իր նախորդ վճռին հակառակ մեկ այլ վճիռ է կայացնում:
2014թ. մարտի 7-ին, երբ այս նույն վերաքննիչ քաղաքացիականը որոշում էր կայացրել, գնահատելով գործում առկա ապացույցները, արձանագրել էր, որ Սուրեն Թարվերդյանը հոր մասով փաստացի համարվում է ժառանգությունն ընդունած ժառանգ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի Մորենիկի փողոցի 8 տան եւ հողամասի 1/2-րդի նկատմամբ, իսկ «մնացածի մասով, որով սեփականատեր է համարվել հանգուցյալի մայրը՝ սկեսուրը, պետք է անվավեր ճանաչվեն նրա անվամբ տրված ժառանգության եւ սեփականության իրավունքի վկայագրերը, ինչպես նաեւ առքուվաճառքի պայմանագրերը, որոնք տրվել են նրա անվամբ»:
Այդ դատարանն ապացույցների հիմքում դրել էր Նոր Խարբերդի գյուղապետարանի թիվ 020 տեղեկանքը, որի համաձայն, մինչեւ 1996 թվականը, Նոր Խարբերդ քաղաքատիպ ավանը բնակչության վերաբերյալ գրանցումները կատարել է քարտային կարգով: Մինչեւ 1991 թվականը, հողային բարեփոխումների եւ սեփականաշնորհման գործընթացը, համաձայն հաշվառման քարտի, վիճելի տանն ապրել են Գեւորգ Թարվերդյանը, մահացած 1993 թվականին, Կարինե Հարությունյանը, երկրորդ կարգի հաշմանդամ, ծնված 1960 թվականին եւ Սուրեն Թարվերդյանը՝ ծնված 1983 թվականին, մանկուց հաշմանդամ:
Վերաքննիչ դատարանի առաջին որոշմամբ նաեւ արձանագրվել էր, որ Գեւորգ Թարվերդյանի մահվանից հետո տունը, որպես ծխի գույք, պետք է անցներ ծխի անդամներ Կարինե Հարությունյանին եւ Սուրեն Թարվերդյանին:
Քանի որ գործող Քաղաքացիական օրենսգրքի 563 հոդվածի համաձայն, կոլտնտեսային՝ մենատնտես գյուղացիական ծխի անդամի մահվան դեպքում ծխի գույքի մեջ ժառանգություն չի բացվում:
Եվ քանի որ հանգուցյալի մայրն էլ ծխի անդամ չի եղել, նա չէր կարող սեփականություն ունենալ:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ


















































