Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու «Սուրբ Աստվածածին Յոթ Վերք» եկեղեցին լեփ-լեցուն էր (Տեսանյութ, ֆոտոշարք)

Ապրիլ 04,2016 21:21

Այսօր Գյումրու «Սուրբ Աստվածածին Յոթ Վերք» եկեղեցում հոգեհանգստի կարգ կատարվեց Արցախի պատերազմում զոհված մեր հերոսների համար: Եկեղեցին լեփ-լեցուն էր. գյումրեցիները եկել էին միասին աղոթելու հայրենիքի համար կռիվ մղող իրենց զինվորների, Հայոց բանակի զորացման համար: Մեծ թիվ էին կազմում մայրերը, որոնք աղոթում էին, արցունքներն ակամա հոսում էին, սակայն արագ տիրապետում էին իրենց, անմիջապես սրբում:

20160404_183434 IMG_2716 IMG_2717 IMG_2721

Տեր Փավստոս քահանան թշնամուն անվանեց ամրություններ կործանող, որը խուժանի կռիվ է տալիս ու նշեց, որ հայերի հաղթանակն անխուսափելի է, քանի որ հայոց պատերազմը սրբերի պատերազմ է. հայերս սրբությունները պահպանելու կռիվ ենք տալիս: Խոսելով մեր զինվորների՝ ամրությունները պահպանողների մասին, Տեր Փավստոսն ասաց. «Ողջ, թե ընկած՝ նրանք հավերժ կենդանի են, գետնի վրա, թե պառկած՝ նրանք ընկած չեն, երբեք մենք նրանց ընկածներ չենք դիտում, որովհետեւ ընկածը դա պարտության հատկություն է, ամեն մի ընկնող դա դեռ պարտություն չէ, ընկնում կա, որ կանգում է նշանակում: Եվ դա շատ տեսանելի ցույց տվեց մեր տերը՝ Հիսուս, առաջին հայացքից կարծես ընկավ, բայց եւ այնպես կանգնեց, այլեւս ընկնել չկա: Մեր հոգու խորքում շատ ուրախ ենք, որ հայ ենք, ծնվել ենք մի ազգի մեջ, որը ոչ թե անհատաբար է ցույց տվել իր առյուծ լինելը, այլ ազգային, միասնաբար է ցույց տվել»:

Տեր Փավսոտսը մեջբերեց մի պատմություն, երբ պատերազմում նահատակված զինվորի մորը հայտնում են որդու կորստյան գույժը, մայրը հարցնում է՝ ինչպե՞ս ընկավ, վահանն ու սուրը ձեռքի՞ն, թե՞ գցել են, պատասխանում են՝ վահանն ու սուրը ձեռքին, մայրն ասում է՝ հենց դրա համար էլ ծնել եմ: «Եթե մենք ունենք այդպիսի մայրեր, նշանակում է մեր զինվորները շատ ամուր հենարանի վրա են, նշանակում է մենք վախենալու բան չունենք, նշանակում է մենք կորուստ չունենք, որովհետեւ նահատակությունը կորուստ չէ, զոհաբերումը կորուստ չէ, որովհետեւ յուրաքանչյուր զոհաբերում ենթադրում է մեծ ձեռքբերումներ», -ասաց Տեր Փավստոսը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930