Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյանից սպասումները կրկնում են այն իրավիճակը, երբ ՀՀ վարչապետ նշանակվեց Տիգրան Սարգսյանը. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 14,2016 11:04

Կարեն Կարապետյանից սպասումները ինչ-որ տեղ կրկնում են այն իրավիճակը, երբ ՀՀ վարչապետ նշանակվեց Տիգրան Սարգսյանը։ Գործարար համայնքը բավական դրական տրամադրվածություն ուներ։ Վարչապետ էր նշանակվել մի մարդ, որն ուներ լավ կրթություն, բարձր ինտելեկտ, իրեն լավ էր դրսևորել ԿԲ նախագահի պաշտոնում, գիտական հոդվածներ էր գրում, կրեատիվ մտածելակերպ ուներ եւ այլն։ Դրական սպասումները թերեւս արդարացված էին։ Պետք է խոստովանել, որ այդ դրական իմիջը գոնե գործարար աշխարհի մեջ բավական երկար պահպանվեց։

Բայց ինչ տեղի ունեցավ մեր տնտեսության հետ նրա պաշտոնավարման ընթացքում։ Բառիս ամենավատ իմաստով՝ հզոր թափ հավաքեց հանքարդյունաբերությունը, պետական պարտքը եռապատկվեց… ու ըստ էության՝ վերջ։ Ընդ որում, այդ երկու գործոնների ազդեցության տակ սոցիալ-տնտեսական կայունության իմիտացիա էր ստեղծվել։ Իսկ երբ համաշխարհային շուկայում պղնձի գները և Հայաստան մտնող տրանսֆերտները նվազեցին, Տիգրան Սարգսյանի դրական իմիջից ոչինչ չմնաց։

Իրականում նրա պաշտոնավարման ընթացքում մեր տնտեսությունը որակապես ավելի թուլացավ՝ մոնոպոլիաները ընդլայնվեցին, կոռուպցիան խորացավ…։ Նրան ճանապարհեցին առանց լացուկոծի։

Ուրախության ճիչեր չհնչեցին միայն այն պատճառով, որ նրան փոխարինելու եկավ Հովիկ Աբրահամյանը, որից դրական ակնկալիքներ ոչ ոք չուներ ի սկզբանե։

Հիմա նմանատիպ վերաբերմունք կա Կարեն Կարապետյանի նկատմամբ։ Էլի կրթվածություն, ինտելեկտ, խարիզմա, տրամաբանված խոսք, խելացի մտքեր և այլն։ Բայց իրավիճակը այլ է՝ բոլորովին այլ։ Կարեն Կարապետյանը արդեն հայտարարել է, որ մոտ ժամանակներս կներկայացնի մեր երկրի զարգացման վերաբերյալ ծրագիր, որը բաղկացած կլինի երկու փուլից։ Առաջին փուլը կներառի այն հնարավոր արագ փոփոխություններն ու հաջողությունները, որոնք կարող են ինչ-որ առումով վստահություն եւ հավատ ներշնչել ծրագրի նկատմամբ, իսկ երկրորդ փուլը կլինի մեր երկրի հեռանկարային զարգացման տեսլականը։

«Առաջին փուլ» ասելով, բնականաբար, նկատի ունենք օրակարգային հարցերի լուծումը։ Իսկ այդ օրակարգային հարցերը չափազանց սուր են։ Անկախ ամեն ինչից, անհրաժեշտ է արագ, շատ արագ լուծել բյուջեի հավաքագրման խնդիրը։ Արդեն մեկուկես տարի մեր բյուջեն թերակատարվում է: Թերակատարումը խրոնիկ բնույթ է ստացել։ Ինչպե՞ս լուծել այդ հարցը։ Կամ պետք է հարկերը բարձրացնել, կամ ստվերային տնտեսությունը կրճատել։ Հարկերը բարձրացնելու տեղ այլևս չկա։ Հարկեր վճարող բիզնեսը արյունաքամ է լինում։ Եթե հարկերը նույնիսկ քիչ՝ շատ քիչ բարձրացվեն, տնտեսության ոչ ստվերային հատվածը ուղղակի շունչը կփչի։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930