Լրահոս
Օրվա լրահոսը

Հայցատեսակների խութերը վարչական դատավարությունում

Հոկտեմբեր 10,2016 13:30 Share

Վարչական դատավարության օրենսգրքին նվիրված շարքի սկիզբը՝ հոկտեմբերի 1-ի «Առավոտում»

Հայաստանի Հանրապետության գործող վարչական դատավարության օրենսգիրքը՝ ի դեմս 66-69-րդ հոդվածների, նախատեսում է վարչական դատավարության հայցի թվով չորս տեսակները` վիճարկման, պարտավորեցման, գործողության կատարման ու ճանաչման, ինչը Հայաստանի Հանրապետությունում պրոցեսուալ նորություն է: Սակայն օրենսդիրը, ի սկզբանե վարչական դատավարությունում նախատեսելով վերոնշյալ հայցատեսակները, պատշաճ կերպով չի կանոնակարգել կարեւորագույն տվյալ իրավանորմերը, որի արդյունքում դատական պրակտիկան զարգացել է առկա «բացերը» լրացնելու ուղղությամբ:

Նախ եւ առաջ` վարչական դատավարության օրենսգրքի՝ ՎԴՕ-ի 66-69-րդ հոդվածների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ վարչական դատավարության հայցի թվով չորս տեսակները` վիճարկման, պարտավորեցման, գործողության կատարման ու ճանաչման, ինչպես նաեւ նույն օրենսգրքի 72-րդ հոդվածով նախատեսված հայց ներկայացնելու դատավարական ժամկետները վերաբերում են բացառապես ֆիզիկական կամ իրավաբանական անձանց:

Այսինքն` վարչական մարմինների կողմից դատարան հայցադիմում ներկայացնելու մասով հիմնականում որեւէ դատավարական ժամկետ օրենսգրքով նախատեսված չէ, ինչը, մեր կարծիքով, ի սկզբանե անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում մասնավոր սուբյեկտների ու վարչական մարմինների միջեւ: Իհարկե, այս կապակցությամբ անհրաժեշտ է արձանագրել նաեւ, որ վարչական դատավարության որոշ հատուկ վարույթները` դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործերի վարույթը (214-րդ հոդվածի 2-րդ մաս) եւ անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ գործերի վարույթը (216.1-ին հոդվածի 2-րդ մաս), համապատասխան վարչական մարմինների համար, այնուամենայնիվ, նախատեսում են որոշակի դատավարական ժամկետներ: Սակայն լայն իմաստով օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-3-րդ մասերով վարչական մարմիններին ընձեռված դատարան դիմելու իրավունքը մյուս բոլոր դեպքերում որեւէ դատավարական ժամկետով սահմանափակված չէ, ինչը գործնականում կարող է հանգեցնել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավական անվտանգության խաթարմանը:

Երկրորդ` «Վիճարկման հայցը» վերտառությամբ 66-րդ հոդվածը նախատեսում է, որ «1. Վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):

2. Եթե մինչեւ վարչական հայց ներկայացնելը միջամտող վարչական ակտը բողոքարկվել է վարչական կարգով, ապա հայցը ներառում է նաեւ վարչական բողոքի վերաբերյալ կայացված միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջ»:
Իր հերթին, «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է վարչական ակտի երեք տեսակների հասկացությունը, ըստ որի «բ» կետի` «միջամտող վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմինները մերժում, միջամտում, ընդհուպ սահմանափակում են անձանց իրավունքների իրականացումը, որեւէ պարտականություն են դնում նրանց վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում են նրանց իրավական կամ փաստացի դրությունը»:

Վերլուծելով վերոգրյալ իրավանորմերը` կարելի է հանգել այն եզրակացության, որ վարչական ակտի բարենպաստ, կա՛մ միջամտող, կա՛մ զուգորդվող լինելն ամենից առաջ պայմանավորված է համապատասխան ակտի հասցեատիրոջով եւ հենց նրա նկատմամբ առաջացրած իրավական հետեւանքներով: Հետեւապես, 66-րդ հոդվածի իմաստով վարչական ակտի հասցեատերն իրավասու է վիճարկել բացառապես միջամտող վարչական ակտը կամ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթներն այն դեպքում, երբ հնարավոր են դեպքեր, երբ նույն բարենպաստ վարչական ակտի հետ նրա հասցեատեր մասնավոր սուբյեկտը համաձայն չէ, քանի որ այն ընդունվել է, օրինակ, օրենքի խախտմամբ կամ կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա: Տվյալ պարագայում, բնավ, պարտադիր չէ, որ մասնավոր սուբյեկտը մշտապես վստահի վարչական ակտին ու դրանով իրեն ընձեռված իրավունքին կամ արտոնությանը` կանխատեսելով դրա հնարավոր բացասական հետեւանքները: Որպես օրինակ, կարող ենք ներկայացնել այն դեպքը, երբ համայնքի ղեկավարի կողմից քաղաքացուն տրվել է շինարարության թույլտվություն, ըստ էության կայացվել բարենպաստ վարչական ակտ, որը, սակայն, չի համապատասխանում ճարտարապետահատակագծային առաջադրանքի հիման վրա մշակված նախագծին:

Մինչդեռ, օրենսգրքի 66-րդ հոդվածի շրջանակներում բարենպաստ վարչական ակտի հասցեատերն իրավասու չէ ներկայացնել վիճարկման հայց, ինչն անհարկի սահմանափակում է նրա դատական պաշտպանության իրավունքը:

Վիճարկման հայցի համատեքստում գտնում ենք նաեւ, որ վարչական ակտը չի կարող միաժամանակ լինել միջամտող եւ բարենպաստ` կապված սուբյեկտի փոփոխությունից: Խոսքը վերաբերում է հանրային իրավահարաբերությունների կողմ չհանդիսացող սուբյեկտին` երրորդ անձին, որը չի հանդիսանում վարչական ակտի հասցեատեր, սակայն նույն ակտն առնչվում է նաեւ նրա իրավունքներին, օրինական շահերին եւ պարտականություններին. օրինակ` բարենպաստ վարչական ակտ հանդիսացող շինարարության թույլտվությունը տրվել է մի քաղաքացու, սակայն խախտում է մեկ այլ քաղաքացու իրավունքները: Այսինքն` այստեղ գործում է այն կանոնը, ըստ որի՝ «վարչական ակտի տեսակը փոփոխական չէ սուբյեկտի փոփոխությամբ»: Մինչդեռ, 66-րդ հոդվածի իմաստով հանրային իրավահարաբերությունների կողմ չհանդիսացող երրորդ անձը զրկված է վիճարկել իր տեսակով ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտը, ինչը նույնպես անընդունելի է եւ հանգեցնում է յուրաքանչյուրի դատական պաշտպանության սահմանադրաիրավական իրավունքի անհարկի սահմանափակման:

Երրորդ` 66-րդ եւ 67-րդ հոդվածների 2-րդ մասերում կարելի է նկատել «ներառում է» բառը, ինչը հանգեցրել է տարակերպ իրավական մեկնաբանության. պրակտիկ իրավաբանների մի մասը գտնում է, որ հիմնական վարչական ակտի վիճարկումն ինքնին ներառում է վերադասության կարգով կայացված երկրորդ վարչական ակտը, մյուս մասը գտնում, որ անհրաժեշտ է վիճարկել եւ՛ հիմնական, եւ՛ երկրորդ վարչական ակտերը, որպիսի պարագայում դատարանն արդեն չի կարող դուրս գալ հայցի առարկայի սահմաններից: Պարտավորեցման հայցի դեպքում այն ներառում է վարչական մարմնի միջամտող վարչական ակտը վիճարկելու պահանջը: Այս առնչությամբ մենք հակված ենք երկրորդ տեսակետին, քանի որ դատարանն իրավասու չէ առանց հայցվորի դատավարական կամարտահայտության դուրս գալ հայցի առարկայի շրջանակներից ու ինքնուրույն, ըստ էության քննության առնել մի վարչական ակտի իրավաչափություն, որի դեմ հայցվորը չի էլ ներկայացրել հայցապահանջ:

Չորրորդ` ՀՀ գործող Սահմանադրության 61-րդ հոդվածով հռչակված յուրաքանչյուրի դատական պաշտպանության իրավունքը եւ նույն Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը որեւէ կերպ չեն կարող սահմանափակվել ու դրա հնարավորության մասին վերոհիշյալ սահմանադրաիրավական նորմերում խոսք իրավացիորեն չի գնում: Հետեւապես, անկախ այն հանգամանքից, թե նշյալ օրենսգիրքը քանի հայցատեսակ է նախատեսում` միշտ էլ կարող են ներկայացվել այնպիսի հայցապահանջներ, որոնք չեն համապատասխանում օրենսգքով սահմանվածին: Տվյալ դեպքում չեն կարող սահմանափակվել անմիջապես գործող սահմանադրաիրավական հիմնարար իրավունքները, քանի որ Սահմանադրության 39-րդ հոդվածի ուժով մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները եւ չի հակասում Սահմանադրությանն ու օրենքներին:

Այսպես, 69-րդ հոդվածի 3-րդ մասը նախատեսում է, որ «3. Ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ոչ իրավաչափ ճանաչել այլեւս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը կամ կատարմամբ կամ որեւէ այլ կերպ իրեն սպառած գործողությունը կամ անգործությունը, եթե հայցվորն արդարացիորեն շահագրգռված է ակտը կամ գործողությունը կամ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու մեջ, այսինքն`
1) առկա է նմանատիպ իրավիճակում նմանատիպ միջամտող վարչական ակտ կրկին ընդունելու կամ գործողություն կրկին կատարելու վտանգ.
2) հայցվորը մտադիր է պահանջել գույքային վնասի հատուցում, կամ
3) դա նպատակ է հետապնդում վերականգնելու հայցվորի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը»:

Մինչդեռ, օրենսգրքի 69-րդ հոդվածով սահմանված ճանաչման հայցով հայցվորը չի կարող պահանջել, օրինակ, ոչ իրավաչափ ճանաչել վարչական մարմնի այն գործողությունը կամ անգործությունը, որն իրեն դեռեւս չի սպառել: Իսկ 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հայցը, ըստ որի՝ «Ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ճանաչել որեւէ իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը, եթե նա չի կարող հայց ներկայացնել սույն օրենսգրքի 66-68-րդ հոդվածներին համապատասխան», չի կարող համարվել ունիվերսալ դատավարական հայցատեսակ, որը կիրառելի է բոլոր մնացած դեպքերում:

 
ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆ

ՀՀ վարչական դատարանի դատավոր
Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի ավագ դասախոս,
իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

«Առավոտ»

08.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31