Լրահոս
Օրվա լրահոսը

Տարեց մարդկանց ընտանիքն ավելի քիչ աղքատ է, քան անչափահաս երեխա ունեցողներինը

Նոյեմբեր 11,2016 14:00 Share

Մեր երկրում աղքատների ընդհանուր թվաքանակը կազմել է մոտ 900 հազար մարդ: Այսինքն` եթե նկատի ունենանք, որ Հայաստանի բնակչությունը, Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) վերջերս հրապարակած տվյալներով, 2 միլիոն 993 հազար 900 մարդ է, ապա այդ թվից 900 հազարը աղքատ են: Աղքատների ընդհանուր թվաքանակի մեջ 8,4 տոկոսը կամ 310 հազար մարդ համարվում է շատ աղքատ, իսկ 2 տոկոսը կամ 60 հազար մարդ` ծայրահեղ աղքատ: Այս մասին տեղեկանում ենք ԱՎԾ-ի «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը-2016» զեկույցից:

Աղքատության մակարդակը 2015թ.-ին, ըստ քաղաքային եւ գյուղական բնակավայրերի, չնչին է` համապատասխանաբար 29.4% եւ 30.4%:

Սակայն աղքատության մակարդակի տարբերությունը Երեւանում եւ երկրի այլ քաղաքներում չափազանց մեծ է: Համաձայն ԱՎԾ ուսումնասիրության՝ մայրաքաղաքում աղքատությունը 25 տոկոս է, մարզերի քաղաքներում` 34.4%: Ի դեպ, անցյալ տարի ծայրահեղ աղքատության մակարդակը գերազանցել է 2008թ.-ի մակարդակը 0.4 տոկոսով: Այդուհանդերձ, ինչպես տեղեկանում ենք զեկույցից, համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո շատ աղքատների մակարդակը 2008թ.-ի համեմատ նվազել է 2.2 տոկոսով:

2008 թվականից մինչեւ 2015 թվականը ծայրահեղ աղքատության մակարդակը քաղաքային բնակավայրերում աճել է 0,3 տոկոսով, գյուղական բնակավայրերում` 0.5 տոկոսային կետով:

azgain_vichakagrakan_carayu
Գյուղական բնակավայրերում, ըստ տարածաշրջանների, ծայրահեղ աղքատության մակարդակն ամենացածրն է` 1.7%, իսկ Երեւանից դուրս այլ քաղաքային բնակավայրերում այն ամենաբարձրն է` 2.4%:

Ըստ ԱՎԾ զեկույցի՝ 2008թ.-ի համեմատ 2015թ.-ին ծայրահեղ աղքատության աճը Երեւանում կազմել է 0.9 տոկոս, իսկ Երեւանից դուրս այլ քաղաքային բնակավայրերում ծայրահեղ աղքատության մակարդակը, մնալով ամենաբարձրը, այնուամենայնիվ՝ 0.4 տոկոսային կետով զիջել է 2008թ.-ի մակարդակը. «Երբ դիտարկվում է բնակչության ծայրահեղ աղքատության մակարդակը ըստ քաղաք-գյուղ բաշխվածության, ապա ծայրահեղ աղքատ է քաղաքաբնակների մեծամասնությունը` 67.3%-ը»:

Այս անգամ էլ Հայաստանի ամենաաղքատ մարզը Շիրակն է. այստեղ աղքատության գծից ցածր է բնակչության 45%-ը: Ընդ որում, այս մարզում անցյալ տարի աղքատության մակարդակի ցուցանիշները գերազանցել են 2008թ.-ի ցուցանիշները: Այսպիսի իրավիճակ է եղել մնացած բոլոր մարզերում եւ Երեւանում՝ բացի Արագածոտնի, Արարատի, Կոտայքի եւ Վայոց ձորի մարզերից: Գեղարքունիքի մարզում 2015թ.-ին աղքատության մակարդակի ցուցանիշը հավասարվել է 2008թ.-ի մակարդակին:

Նույն ժամանակահատվածում աճել է նաեւ ծայրահեղ աղքատության մակարդակը՝ ինչպես երկրի մակարդակով, այնպես էլ Երեւանում եւ բոլոր մարզերում` բացի Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերից: Այդուհանդերձ, ծայրահեղ աղքատության մակարդակն ամենաբարձրը Շիրակի մարզում է` 3.9%, ապա Լոռու մարզում` 2.8%, Կոտայքի մարզում էլ՝ 2.3%:

Զեկույցում նաեւ նշվում է, թե որքան կարժենա աղքատության հաղթահարումը: Ըստ հաշվարկների՝ աղքատության հաղթահարման համար Հայաստանին անհրաժեշտ է 71.4 միլիարդ դրամ կամ համախառն ներքին արդյունքի` ՀՆԱ-ի 1.4%-ը կազմող գումար` ի լրումն սոցիալական աջակցության համար արդեն իսկ հատկացված միջոցների:
Իսկ ծայրահեղ աղքատության վերացումը կպահանջի 1.8 միլիարդ դրամ կամ ՀՆԱ-ի 0.04%-ը` ի հավելումն ծայրահեղ աղքատներին արդեն իսկ ուղղված սոցիալական աջակցության եւ ապահովելով բարձր հասցեականություն:

Զեկույցի հեղինակները, վկայակոչելով միջազգային փորձը, նշում են, որ սոցիալական աջակցության տրամադրման անթերի հասցեականություն ապահովելը շատ անհավանական է, ուստի աղքատության հաղթահարման համար պահանջվող փաստացի միջոցներն իրականում շատ ավելին են:

«Տնտեսական աճը Հայաստանում 2015թ.-ին, ինչպես եւ նախորդ տարի, չի եղել աղքատամետ»,- ասված է ԱՎԾ փաստաթղթում:

Ցուցանիշները վկայում են, որ ողջ բնակչության սպառման տարեկան աճը` 1.5%, գերազանցում է աղքատ բնակչության սպառման աճը` 0.3%:

Զեկույցն անդրադառնում է նաեւ, թե աղքատության մակարդակը հատկապես որ տնային տնտեսություններում եւ որ տարիքային խմբերում է ամենաբարձրը կամ ամենացածրը: Նշենք, որ 15-17 տարեկան եւ մինչեւ հինգ տարեկան երեխաների շրջանում աղքատության մակարդակն ավելի բարձր է այլ տարիքային խմբերի համեմատ: Ի դեպ, 60-64 տարիքային խմբում անցյալ տարի աղքատության մակարդակն ամենացածրն է եղել:

Բազմանդամ եւ երեխաներ ունեցող տնային տնտեսությունների շրջանում աղքատ լինելու հավանականությունն ավելի մեծ է: ԱՎԾ փաստաթղթում նշվում է, որ բազմանդամ տնային տնտեսություններն ունեն ավելի շատ երեխաներ, ուստի եւ փոքր տնային տնտեսությունների համեմատ՝ եկամուտ ստացողների ավելի ցածր մասնաբաժին, ինչն էլ հանգեցնում է նրանց սպառման ցածր մակարդակի: Ի դեպ, մասնագետները դիտարկել եւ պարզել են, որ աղքատության մակարդակը տնային տնտեսությունում փոխվում է` ավելի բարձրանում է, եթե, ասենք, երկու չափահաս անդամից եւ երկու մինչեւ 6 տարեկան երեխայից բացի՝ ընտանիքում մեծահասակ անդամ է ներառվում:

Միեւնույն ժամանակ, միայն տարեցներից բաղկացած տնային տնտեսության աղքատության մակարդակը 32%-ով ցածր է միջին հանրապետական մակարդակից:

 
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

«Առավոտ»

10.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930