Եթե Կարեն Կարապետյանը հիմա է մտնում ՀՀԿ շարքերը, ապա հարց է, թե ինչ կարգավիճակով։ Պարզ է, որ նա չի անդամագրվելու որպես շարքային հանրապետական։ Տրամաբանությունը հուշում է, որ նա ոչ միայն պետք է լինի ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, այլև շատ ավելի բարձր կարգավիճակում։ Այստեղ կարող է գործել մի քանի տարբերակ։ Հանրապետական կուսակցությունն իր պատմության ընթացքում, կուսակցության նախագահից զատ, ունեցել է նաև կուսակցության խորհրդի նախագահի պաշտոն։ Մասնավորապես, այդպես էր Աշոտ Նավասարդյանի, Անդրանիկ Մարգարյանի օրոք։
Խորհրդի նախագահը կուսակցական հիերարխիայում բավականին բարձր կարգավիճակ է, և խոսում է այն մասին, որ Կարեն Կարապետյանն ու Սերժ Սարգսյանը տանդեմ են։ Այսինքն՝ Կարեն Կարապետյանը կուսակցության ներսում առաջին մարդը չէ, բայց դե երկրորդն էլ չէ։
Կարող է գործել մեկ այլ տարբերակ՝ Կարեն Կարապետյանը դառնա ոչ թե զուտ տեղակալ, այլ առաջին տեղակալ։ ՀՀԿ խորհրդի նախագահ կամ կուսակցության նախագահի առաջին տեղակալ լինելը ենթադրում է, որ այդ պաշտոնը գրաված անձը շատ ակտիվորեն պետք է զբաղվի նաև կուսակցական աշխատանքով, ինչը ցանկացած երկրում, էլ չենք խոսում Հայաստանում, շատ դժվար գործառույթ է։
Կարող է գործել նաև չորրորդ տարբերակը՝ Կարեն Կարապետյանը դառնա ՀՀԿ նախագահի շարքային տեղակալ՝ Գալուստ Սահակյանի և մյուսների հետ նույն հարթության վրա, ինչը բավականին թուլացնում է նրա կերպարը։
Կարդացեք նաև
Կարեն Կարապետյանի համար հանրապետականացումը լի է ռիսկերով, կառավարությունում նա ունի աշխատելու մեծ ազատություն, մաքրում է՝ ում ցանկանում է։ Մինչդեռ հանրապետական կուսակցությունում, որտեղ տարբեր ֆինանսատնտեսական, կլանային, քրեական կապեր են, շատ ավելի դժվար է լինելու կոտրել ձևավորված համակարգը ու նոր շունչ հաղորդել, նոր մարդկանց բերել։ Առավել ևս, որ «նոր մարդիկ» հասկացությունն էլ շատ մշուշոտ է, եթե հաշվի առնենք, թե ինչ վիճակում է ՀՀԿ երիտասարդական թևը։
Արամ ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում


















































