«Ագգ-բանակ» կոնցեպտը տարօրինակ դրսեւորումներ է ստանում։ Այն իմաստով, որ պետության դերակատարումն այդ կոնցեպտում կարծես թե նվազագույնի է հասցվում, ու այնպիսի տպավորության է ստեղծվում, թե Հայաստանն ընդամենը տարածք է, որտեղ կա բնակչություն (ազգ), որն էլ պիտի իր գրպանից «Փող քցվի» ու լուծի բոլոր հարցերը։
Օրինակ՝ ընդամենը մի քանի օր առաջ իշխանությունները հայտարարեցին, որ մտադիր են կտրուկ բարձրացնել մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին հատկացվելիք գումարները, եւ դրա համար բոլոր աշխատողներն ամսական հազար դրամ պիտի վճարեն։ Դրանից բառացիորեն մեկ օր առաջ էլ առաջին տիկինը խոսում էր հիվանդանոցներից մեկում ինչ-որ ծրագրեր կյանքի կոչելու մասին ու անընդհատ կրկնում՝ ամեն մեկը հարյուր դրամ պիտի տա, ընդամենը հարյուր դրամ, ո՞վ չի օրական այդքան դրամ կորցնում։ Այսինքն՝ սա արդեն ձեւավորված մտածողություն է, հստակ «գաղափարախոսություն», որի հիմքում դարձյալ «փող քցվելն» է։
Զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին ցուցաբերվող նյութական աջակցությունն, իհարկե, վաղուց էր պետք կտրուկ մեծացնել։ Սա քննարկման ենթակա չէ։ Բայց իշխանություններն, այսպես ասենք, այնքան էլ ազնիվ չեն վարվում՝ դրա համար բոլոր աշխատողներից ամսական հազար դրամ գանձելով։ Երեփ մտածել են՝ նպատակն այնպիսին է, որ հազիվ թե որեւէ մեկը բարձրաձայն դժգոհի, ու այդ ճանապարհն են ընտրել։ Իսկ թե ինչու է դա անազնիվ ճանապարհ՝ փորձենք բացատրել։
Մի կողմ թողնենք այն հարցը, թե ինչ է խոսում ժողովրդի մեծ մասը այս ամենի մասին («թող իրենք իրենց ջեբից տան, որ միլիարդներ են լափել ու արտասահմաններում բիզնեսներ դրել», «ժողովուրդն առանց ձեր ասելու էլ ինչով կարողանում՝ օգնում է, դուք ձեզանից խոսեք, որ ամեն մեկդ քսան հատ վիլլա եք սարքել ու չգիտեք, թե փողը ինչի վրա ծախսեք» եւ այլն)։ Հարցին նայենք այլ տեսանկյունից։ Եթե բոլոր աշխատողներից ամսական հազար դրամ է գանձվելու՝ դա փաստորեն լրացուցիչ հարկ է։
Արմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում


















































