Լրահոս
Օրվա լրահոսը

Անցած չլինի

Հունվար 10,2017 10:16

Ավանդական մաղթանքները՝ «անցած լինի», կամ՝ «թող բոլոր խնդիրները մնան անցած տարում», ես վերապահումով եմ ընդունում։ Նախ եւ առաջ՝ այն պատճառով, որ խնդիրները, անախորժությունները, դժվարությունները, ցավերը, անհաջողությունները, դժբախտությունները, վշտերը խիստ պայմանական եւ հարաբերական բնութագիրներ են։
Դրանք «միայնակ» չեն գալիս, դրանք նաեւ տալիս են փորձ, հնարավորություն, ազդանշան՝ պարզապես պետք է կարողանալ խնդիրների, վշտերի եւ այլնի հետեւում կամ, ավելի ճիշտ կլինի ասել՝ «դրանց հետ մեկտեղ» տեսնել նաեւ դրականը։ Հակառակն էլ է ճիշտ. ցանկացած հաճույքի, հաջողության, հաղթանակի եւ այլնի հետ «գալիս են» դատարկությունը, ինքնահավանությունը, զգոնության թուլացումը։ Բուդդայականության հայտնի խորհրդանիշի՝ «ին-յան»-ի մեջ դա հրաշալիորեն արտացոլված է. սեւի մեջ կա սպիտակ կետ, սպիտակի մեջ՝ սեւ։ Ի դեպ, նույնը վերաբերում է մարդկանց՝ բոլորիս մեջ սեւն ու սպիտակը խառնված են տարբեր չափաբաժիններով։ Կամ՝ եթե այլ օրինակ բերենք, մենք չենք կարող վերացականորեն ասել՝ տա՞քն է լավը, թե՞ սառը, քա՞ղցրը, թե՞ դառը։ Եթե որեւէ մեկը ձեզ ցանկանա հետագա կյանքում ունենալ միայն տաքը կամ միայն քաղցրը, նախ՝ դժվար թե դա իրատեսական ցանկություն լինի, երկրորդը՝ եթե դա նույնիսկ հնարավոր է, ապա քիչ հավանական, որ այդ ցանկության իրականացումը որեւէ մարդու լիարժեք կյանք ապահովի։

Այնպես ստացվեց, որ Ամանորից առաջ ես երկու օրով հայտնվեցի հիվանդանոցում՝ ոչ լուրջ խնդրով։ Բայց ինչ խնդիր էլ լինի, ես նաեւ դրական լիցքեր եմ ստացել՝ նոր մարդկանց հետ շփումից, բժիշկների պրոֆեսիոնալիզմից եւ հոգատարությունից, նույնիսկ դիզայնի եւ համազգեստների կրկնվող «կապույտ-սպիտակ» համադրությունից։ Խոսքս տվյալ դեպքում «Նաիրի» բժշկական կենտրոնի մասին է, բայց ես շատ կուզեի, որ ամեն մեկս, ընկնելով դժվար, տհաճ, մեզ առաջին հայացքից չբավարարող իրավիճակի մեջ, տեսներ դրա լուսավոր, նույնիսկ ոգեւորիչ կողմերը։

Երբ ինձ հարցնում են՝ «ո՞նց ես», ես սովորաբար պատասխանում եմ՝ «հրաշալի»։ Հարցնողը սովորաբար մի տեսակ նեղվում է՝ «էդ ի՞նչ կա, որ հրաշալի ես»։ Իրականում լիքը բան կա՝ սկսած նրանից, որ ես շնչում եմ, վերջացրած նրանով, որ ամեն օր լույս է բացվում։ Իհարկե, կան բաներ, որոնք ինձ տհաճություն կամ անհարմարություն են պատճառում։ Բայց պետք է սովորել հասկանալ դրանց «ուղերձը»։

Այնպես որ՝ երբ ասում են՝ «թող բոլոր վատ բաները մնան նախորդ տարում», ես համաձայն չեմ. 2016 թվականի «վատ բաների» մեջ (թեկուզեւ հասարակական կյանքում) կային շատ ճիշտ, շատ լուսավոր եւ շատ ուսանելի տարրեր։ Միակ բանը, որի մասին պետք է ասել՝ «անցած լինի», դրանք մեր անձնական «նեղվածություններն» են։ Եթե դուք կարծում եք, որ մեկը ձեզ անցած տարիներին վիրավորել է, ապա սրտանց ասեք՝ «անցած լինի»։ Բայց դա պետք է ասել ոչ թե ամեն տարի, այլ ամեն ամիս, ամեն շաբաթ, նույնիսկ ամեն օր։
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    տարեսկիզբի հոյակապ պատգամ է

    (իսկ առողջական այդ միջադէպին համար ալ՝
    բարի ապաքինում)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031