Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյանի պահվածքն անթույլատրելի է. «Հայոց Աշխարհ»

Մարտ 10,2017 12:01

Օրերս «Ծառուկյան դաշինքը» գլխավորող Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի շրջանակներում գտնվում էր Տավուշի մարզում: Նախորդ ընտրություններում տուկի թել բաժանող գործարարն այս անգամ քյաշ փողն ընտրողների գրպաններն էր խցկում, միաժամանակ խոստանում՝ մեկի գազիֆիկացման հարցերը լուծել, մյուսին աջակցել վիրահատության համար, մեկելի խաղողը 150 դրամով մթերել եւ այսպես շարունակ:
Այս երեւույթի շուրջ զրուցեցինք փաստաբան ՆՈՐԱՅՐ ՆՈՐԻԿՅԱՆԻ հետ։

Ընտրական օրենսգիրքը սահմանում է՝ քարոզչության ժամանակ կուսակցություններին արգելվում է ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ կամ խոստանալ դրամ, սննդամթերք, ապրանքներ: Բացի սրանից, ընտրակաշառքը կանխելու համար հստակ կետեր են ամրագրված Քրեական օրենսգրքում: Հետեւաբար անօրինական չե՞ն քարոզարշավի մասնակից որոշ քաղաքական ուժերի, գործիչների կոչհորդորները, թե կաշառք վերցրեք, բայց քվեարկեք ձեր խղճի մտոք:

-Իհարկե՝ անօրինական են: Բայց մինչ այդ հիշեցնեմ Քրեական օրենսգրքի 154.2-ի հոդվածը, որը հստակ սահմանում է, որ ընտրական գործընթացների ընթացքում որեւէ թեկնածուի, կուսակցության ու կուսակցության դաշինքի օգտին ձայն ստանալու նպատակով կաշառք տալը, խոստանալը, քրեորեն հետապնդելի արարք է : Սահմանված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ 1-3 տարի ժամկետով:
Նույն հոդվածի մյուս կետով սահմանված է 3-5 տարվա ազատազրկում: Հաջորդ կետով էլ ասվում է, որ կաշառք ստացող անձը, այսինքն՝ ընտրողը, ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե կաշառք ստանալու մասին իրավապահների տեղեկացումից ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում կամավոր հայտնում է իրավապահ մարմիններին եւ աջակցում հանցագործության բացահայտմանը:
Ընտրակաշառք կոչվող արատավոր երեւույթի նկատմամբ պետք է ձեւավորվի հասարակական անհանդուրժողականության մթնոլորտ: Ընդհանրապես ընտրակաշառք բաժանողը պետք է հայտարարվի պերսոնա նոն գրատա, նա պետք է համարվի արժանապատվություն չունեցող մարդ: Ու բացի բարոյական խոսքերից, քարոզներից՝ նրա նկատմամբ պետք է կոնկրետ քրեաիրավական գործընթաց սկսվի, նման մարդը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության:

Դրա փոխարեն մեզանում ե՛ւ ընտրակաշառք տալը, ե՛ւ առնելը տարբեր մեկնաբանություններով արդարացվում է:

-Ընտրակաշառքի մասին դրական քարոզ իրականացնող որեւէ անձ՝ անկախ նրանից, թե որ ճամբարից է՝ ընդդիմություն է, իշխանություն թե չեզոք է, ով ուզում է լինի, շատ վատ գործ է անում: Այդպիսիք ուղղակի արջի ծառայություն են մատուցում մեր հասարակությանը: Սա շատ վատ ձեռագիր է, այն մեր հասարակության մեջ վատ բնավորություն է ձեւավորում: Կարծում եմ՝ մեր հասարակության առողջ հատվածը պետք է ամեն ինչ անի այս ախտից ողջ հասարակությանն ազատելու համար:

Գիտե՞ք մարդիկ ինչ են ասում՝ դե, թող փող տան, որ մասնակցենք ընտրություններին: Այսինքն՝ մեր հասարակության մտածողության մեջ կա մտայնություն, թե ընտրություններին մասնակցելը փողով է: Սա պետք է արմատախիլ արվի, հակառակ դեպքում այդ նույն մտայնությամբ վաղը ինչ-որ մարդիկ կարող են ասել՝ փող տվեք, որ հանցագործություն չանենք կամ հարկերը մուծենք, փող տվեք, որ պետության հանդեպ մեր պարտավորությունները կատարենք:

Հիմա խոսենք կոնկրետ փաստով. Գագիկ Ծառուկյանը ընտրողների հետ հանդիպման ժամանակ հազար ու մի խոստում շռայլեց, մեկին խոստացավ գազի համար փող տալ, մյուսին՝ բժշկվելու, մեքենան վերանորոգելու: Եվ այս ամենը ներկայացվում է իբրեւ բարեգործություն: Այս քայլերով Ծառուկյանը հանցանք չկատարե՞ց, օրենք չխախտե՞ց:

-Ծառուկյանը լինի թե մեկ ուրիշը, կատարվածն անթույլատրելի քայլ է: Դա նշանակում է քողարկված ընտրակաշառք բաժանել: Ինչո՞ւ եմ ասում քողարկված, քանի որ Ծառուկյանը հրապարակավ չի ասում՝ ես քեզ գազի փող տամ, դու ինձ ձայն տուր: Բայց ակնհայտ է, որ նա գազ է քաշում, կամ բուժվելու փող է տալիս մարդկանց քվեն ստանալու համար: Կատարվածն ինձ համար խիստ դատապարտելի երեւույթ է: Ուրեմն մեր հասարակությունը պետք է նման մարդկանց ու երեւույթների հանդեպ լինի անհանդուրժող:

Ինչ վերաբերում է բարեգործությանը, ի գիտություն բոլորի՝ ասեմ, որ կուսակցությունը բարեգործական կազմակերպություն չէ, կուսակցություններն օժտված չեն բարեգործական առաքելությամբ, հետեւաբար մարդիկ, որոնք կհայտարարեն, թե ընտրական քարոզարշավի այս փուլում իրենք բարեգործություն են անում, այդպիսիք ընդամենը զբաղված են մանիպուլյացիայով՝ ձայներ կորզելու համար:

Իսկ ամենից վտանգավորն ու վիրավորականն այն է, որ մեր հասարակությանը սրանք հիմարի տեղ են դնում. ի՞նչ բարեգործության մասին է խոսքը, ընտրակաշառքը պոզ ու պոչո՞վ է լինում:

Արմինե Սիմոնյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031