Լրահոս
Օրվա լրահոսը

Էշ նստելը մի այիբ է…

Հոկտեմբեր 05,2017 10:00

Ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ 2013 թվականին մենք հնարավորություն ունեինք չմտնել Մաքսային միություն եւ այդ աշնանը կարող էինք ասոցացման համաձայնագիր ստորագրել Եվրամիության հետ:

Ի դեպ, չեմ կարծում, որ մոտակա տասնամյակների ընթացքում արժե ձգտել ԵՄ անդամ դառնալ՝ հավելյալ քաղաքական պարտավորություններ ոչ այս, ոչ «այն» կառույցի հանդեպ մեզ պետք չեն:

Պարզ է, որ մաքսային, իսկ այնուհետեւ Եվրասիական տնտեսական միությունը մեզ կապեց քաղաքական եւ տնտեսական առումով հետամնաց, անհեռանկարային համակարգի հետ, որը, միեւնույն է, վաղ թե ուշ փլուզվելու է: Մնում է, ինչպես կասեին չինացիները, նստել գետի ափին եւ սպասել, թե երբ է գետը տանելու ԵԱՏՄ-ի դիակը: Անվտանգության առումով էլ դա մեզ առանձնապես բան չտվեց՝ Ռուսաստանն արդեն մի անգամ սադրեց Ադրբեջանին, որ հարձակվի մեզ վրա, եւ ոչ մի երաշխիք չկա, որ նման փորձը չի կրկնվի:

Բայց այս պահին քարոզչություն տանել հօգուտ ԵԱՏՄ-ից դուրս գալու, երբ պարզ է, որ թե խորհրդարանում եւ թե հասարակության մեջ չկան այդ քայլն անելու նախադրյալները, դա էլ, ինձ թվում է, արդյունավետ քաղաքական օրակարգ չէ:

Պետք է հաշվի առնել նաեւ, որ 4 տարվա ընթացքում է՛լ ավելի են սրվել Արեւմուտքի եւ Ռուսաստանի հարաբերությունները, եւ կամա թե ակամա մասնակցել այդ «հրմշտոցին»՝ մեր կողմից էլ մի փոքրիկ «սկանդալ» սարքելով, արդյոք մեզ դա հիմա պե՞տք է:

Եթե Ազգային ժողովում եւ սոցցանցերում վիճում են մի բանի մասին, որը մոտ ապագայում անիրագործելի է, ուրեմն դա քաղաքական քարոզչություն է՝ այս կամ այն նպատակների իրագործման համար: Կամ էլ՝ պարզապես ժամավաճառություն է, որը ֆեյսբուքի պարագայում ավելի հավանական տարբերակ է:

Կաղապարված մտքի «արտաթորանքն» այն մասին, որ Եվրոպայում բոլորը միասեռական են, կամ որ Ռուսաստանում բոլորն ալկոհոլիկներ են, կարելի է «սփռել» բազմաթիվ այլ առիթներով. «բեսեդկի մակարդակի» այդ բոլոր «դատողությունները» բացարձակապես կապ չունեն ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի հետ:

Ինձ թվում է՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունն առայժմ պետք է ընդունել որպես տհաճ իրողություն, որն, իհարկե, որոշ հարցերում մեզ խանգարում է, բայց այնպես չէ, որ մեր բոլոր խնդիրների պատճառը հենց այդ իրողությունն է: Վերցնենք, օրինակ, բարձրաստիճան պաշտոնյաներին ու իրավապահներին, որոնք իրենց կամ իրենց հարազատների անուններով արտոնյալ «բիզնեսներ» ունեն՝ արդյոք նրանց վարքը պայմանավորվա՞ծ է ԵԱՏՄ-ով: Եթե ԵՄ-ի հետ «ասոցացված» լինեինք, նրանք ա՞յլ ձեւով էին դրսեւորվելու:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Մենք քոչվոր ու թալանչի չենք, մենք չենք կարող ուրիշից ավելին ակնկալել, քան մենք կարող ենք այդ ուրիշին տալ, ժողովրդի մակարդակով մենք շատ ձեռընտու ժողովուրդ ենք բոլոր ազգերի համար, բայց պետության ու քաղաքացու մակարդակով բացի բանակից ուրիշ հպարտանալու պետական կառույց չունենք, չնայած տաղանդաշատ երիտասարդություն ունենք: Կարծում եմ, կաշառակերությունն ու անարդարությունը դրսից ստիպողաբար ներմուծված երեւույթ է, ստեղծելով պետություն ժողովուրդ հակասությունը, որն այդ դրսի ուժերն օգտագործում են եւ պետությունը եւ ժողովուրդը հեշտությամբ կառավարելի դարձնելու համար: Դրա համար եթե ուզում ենք բարեկամ պետությունների հետ կապեր հաստատել, ինչքան էլ տհաճ ու դժվար լինի, պետք է լեզու գտնենք մեր կառավարության հետ:

    • Լավատես says:

      Իզուր չեն ասում՝ ամեն ազգ արժանի է իր կառավարությանը, բայց ճիշտ է եւ հակառակը՝ ամեն կառավարություն արժանի է իր ազգին, միայն ազգի որակը բարձրացնելը հերիք է, որ կառավարության մակարդակը համապատասխանորեն բարձրանա, մնում է միայն ինքնամաքրվել, ինքնակրթվել, եթե տասը հազարական վերցնողներ չլինեին, կառավարությունը ավելի հարգանքով կվերաբերվեր ընտրողներին, իսկ ընտրող քաղաքացիները ի՞նչ քաղաքակիրթ միջոցներ ունեն այդ տասը հազարական վերցնող քաղաքացիների մակարդակը բարձրացնելու համար, ասենք՝ ստեղծել քաղաքացիական դատարան ու գրել օրենք՝ ով ընտրակաշառք վերցրեց՝ ծայրահեղ դեպքում անձնագիրը թող վայր դնի, մեր քաղաքացու վարկը պետք է պակաս չլինի հարգված պետությունների քաղաքացիների վարկից։ Նմանապես, նախքան քաղաքականապես հետամնաց սահմանամերձ քոչվոր ցեղերից պահանջենք Արցախի կամ մեր արեւմտյան հայրենիքի խնդիրների քաղաքակիրթ լուծումներ, մենք պետք է առաջին հերթին նման խնդիր մեր պետության մեջ լուծենք, գործող օրենքի ուժ տանք ու նոր միայն այն միջազգային օրենքի վերածենք՝ այսինքն, նույն գործող օրենքը կիրառվի նաեւ թշնամի ու բարեկամ պետություններում։ Եւ վերջապես ինչքան պետությունների մակարդակները բարձր լինեն, թշնամի թե բարեկամ վերպետական կառույցներն ավելի հարգանքով կվերաբերվեն պետություններին, դե դրա համար էլ պետք է նմանապես ինքնամաքրվում՝միջպետական դատարան ու նման բաներ։

  2. Ալֆրեդ says:

    Ուղղակի հետաքրքիր է ինչից եք համոզված որ Ռուսաստանն է Ադրբեջանին բզել և հանուն ինչի

  3. Ashot says:

    իսկ ի՞նչու իրավապահներին
    Մի գուցե վերցնենք թերթերի խմբագիրներին ու այլ մամուլի սորոսակերների՞ն իրենց տսսնյակ հազարավոր դոլարների “գրանտներով”

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031