Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Հայ արքեպիսկոպոսը՝ Թուրքիայի օդանավակայանի մասին (Տեսանյութ). «Ամերիկայի Ձայն»

Դեկտեմբեր 08,2017 10:23

«Ամերիկայի Ձայն». «Նրանք, ովքեր այրում են սրբավայրերը, մարդ արարած էլ կայրեն»՝ այս բառերով ռաբբի Արթուր Շնեյդերը բացեց սրբավայրերի առգրավմանը նվիրված քննարկումը:

Վաշինգտոնում անցած կրոնական ազատության միջազգային խորհրդաժողովի շրջանակներում Արդարադատության եւ մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի գործադիր տնօրեն Քեյթ Նահապետյանը ներկայացրեց Հայոց ցեղասպանության տարիներին Թուրքիայում առգրավված հայերի, հույների եւ ասորիների սեփականության պատմությունը:

Նահապետյանի խոսքով, Հայոց ցեղասպանությունը եզակի էր նաեւ այն առումով, որ առաջին անգամ սեփականությունն առգրավվում էր հատուկ ընդունված պետական օրենքների շրջանակներում.

«Ավերելով համայնքը, զրկելով մարդկանց սեփականությունից, նրանց տկարացնում էին, իսկ բռնագրավելով նրանց սրբավայրերը՝ նրանց զրկում վերադառնալու հնարավորությունից»:

Ստեղծված պայմաններում, Նահապետյանի խոսքով, մնում է պայքարել այդ սեփականության վերադարձի կամ էլ առնվազն՝ դրա շուրջ բոլոր գործարքների սառեցման համար: Ի դեպ, մինչեւ Ցեղասպանությունը հայկական սեփականություն հանդիսացող հողերի վրա է գտնվում նաեւ թուրքական Ինջիրլիքի օդանավակայանը, որը Թուրքիան տրամադրում է Միացյալ Նահանգներին, նշում է Եկեղեցիների ազգային խորհրդի նախագահ Վիգեն արքեպիսկոպոս Այկազյանը.

«Մենք այդ երկրում երբեք սոսկ փոքրամասնություն չենք եղել. Մենք Կոստանդնուպոլսի, Փոքր Ասիայի եւ Անատոլիայի բնիկ ժողովուրդ ենք»:

Միայն Անատոլիայում մինչեւ Ցեղասպանությունը գործում էր 2600-ից ավելի հայկական եկեղեցի եւ վանք, հիշեցնում է արքեպիսկոպոս Այկազյանը: Այսօր գործում է միայն Աղթամար կղզու եկեղեցին, այն էլ՝ տարին միայն մեկ օր:

Հիշեցնենք, որ Թուրքիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը եւ հրաժարվում է որեւէ սեփականություն վերադարձնել:

«Վերջին 10 տարիների ընթացքում մենք փորձել ենք Թուրքիայի իշխանությունների հետ կապ հաստատել իրավաբանների միջոցով, սակայն՝ ապարդյուն»:

Որեւէ աջակցություն չեն ստանում քրիստոնյաները նաեւ Եգիպտոսում, Իրաքում եւ Քրդստանում, ավելացնում է Վիգեն արքեպիսկոպոս Այկազյանը.

«Եգիպտոսի նախագահ Սիսիի, կամ Իրաքի վարչապետի, կամ Քրդստանի առաջնորդ Բարզանիի հետ հանդիպումների ընթացքում նրանք բոլորը խոսքով մեզ աջակցում են, սակայն՝ ոչինչ չեն անում: Ցավոք, նման պայմաններում, 10-15 տարի անց Իրաքում այլեւս որեւէ քրիստոնյա չի մնալու»:

Իրավիճակը հնարավոր է փոխել միայն նոր քայլերի շնորհիվ, նշում է արքեպիսկոպոսը, հակառակ դեպքում, այն հողում, որտեղ ծնվել է քրիստոնեությունը, այլեւս քրիստոնյա չի մնա:

Արման Թարջիմանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031