«Կրեմլյան ցուցակի» հրապարակումը կարող է անգամ դրական լինել մեզ համար, եւ ահա թե ինչու։ Բանն այն է, որ Միացյալ Նահանգները ցանկանում են ծնկի բերել Ռուսաստանին եւ վերջապես կառուցել իրենց երազած միաբեւեռ աշխարհը, բայց այդ պատերազմում Միացյալ Նահանգների նպատակը ոչ թե Ռուսաստանի «արբանյակներին» նույնպես ոչնչացնելն է, այլ նրանց իր կողմը քաշելը կամ գոնե ռուսական ազդեցությունից «պոկելը»։ Համենայն դեպս Հայաստանի նկատմամբ ամերիկացիները հենց այդ քաղաքականությունն են իրականացնում։ Առայժմ՝ ոչ այնքան մեծ հաջողությամբ, բայց ամեն դեպքում՝ չեն հուսահատվում։ Իսկ Ռուսաստանից Հայաստանի կախվածության հարցում տնտեսական գործոնի դերը բավականին մեծ է։ Եվ ակնհայտ է, որ եթե Հայաստանը կարողանա տնտեսապես ոտքի կանգնել, Ռուսաստանից կախվածությունը կտրուկ կթուլանա։ Ոչ մասնավոր տրանսֆերտների վրա հույս կդնենք, ոչ էլ ռուսական «էժան զենքի» (եթե փող լինի՝ ուրիշ տեղից կգնենք)։
Ահա այս իրավիճակում կարող է այնպես ստացվել, որ ռուսաստանաբնակ հայ միլիարդատերերի համար Հայաստանում լուրջ ներդրումներ անելը փրկություն դառնա։ ԱՄՆ-ը կարող է, առաջնորդվելով սեփական շահերով, պարզապես «պատժամիջոցների ցուցակից» անաղմուկ դուրս բերել բոլոր այն մեծահարուստներին, ովքեր մեծ ներդրումներ կանեն Հայաստանում։ Խոսքն իսկապես մեծ ներդրումների մասին է, որոնք արմատական փոփոխությունների կհանգեցնեն, եւ ոչ թե «հայրենիքում ոտի տեղ ունենալու» համար ծախսվող մի քանի տասնյակ միլիոնի:
Գրիգոր ՈՍԿԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում


















































