Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Առայժմ մեզ հանգիստ են թողել

Մարտ 30,2018 10:18

Արեւմուտքն ու Ռուսաստանը խորացնում են իրենց հարաբերություններում առաջացած անդունդը: Պարզ է, որ այստեղ կա երկու կողմերի մեղքը: Չարդարացնելով Ռուսաստանին մնացած այլ խնդիրներում՝ տվյալ դեպքում հարցեր, այնուամենայնիվ, առաջանում են՝ ո՞րն էր այդ երկրի շահագրգռվածությունը ոչնչացնելու արդեն իսկ բացահայտված եւ 8 տարի Բրիտանիայում ապրող նախկին լրտեսի (եթե պատճառը պարզապես կույր վրեժխնդրությունը չէ): Այնուհետեւ՝ արդյո՞ք Կրեմլը, որը վերջերս նկատելի ճիգեր է գործադրում Միացյալ Նահանգների եւ Եվրամիության հետ հարաբերությունները կարգավորելու համար, շահագրգռված էր այդ միջազգային սկանդալի մեջ: Եվ, վերջապես, եթե նույնիսկ Սկրիպալի թունավորումը իրականացվել է Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից, արդյոք դիվանագետների «զանգվածաբար» արտաքսումը եւ նոր պատժամիջոցներով սպառնալը համարժե՞ք գործողություններ են:

Ռուսաստանը ավտորիտար, ծայրաստիճան կոռումպացված, տեխնոլոգիապես եւ տնտեսապես հետամնաց երկիր է: Այդ թերությունները, սակայն, պատժամիջոցների եւ դիվանագետների արտաքսումով չեն շտկվի: Արտաքին քաղաքականության մեջ նույնպես այդ երկիրը նման ճանապարհով զիջումների չի գնա. պետությունը, որն ապրում է գրեթե բացառապես նավթ եւ գազ վաճառելով, կախում ունի հիմնականում այդ ապրանքների գնից: Իսկ նավթի ու գազի գինն այս պահին այնքան ցածր չէ, որ Կրեմլը ստիպված լինի չափից դուրս ավելի բարյացակամ լինել Արեւմուտքի նկատմամբ:

Հետևաբար` Միացյալ Նահանգների եւ նրա դաշնակիցների այս վերջին «ակտիվացումը» Ռուսաստանի հարցում պայմանավորված է ոչ այնքան արտաքին քաղաքական մարտահրավերներով, որքան այլ խնդիրներով: Քաղաքագետներն այդ խնդիրների շարքում նշում են առաջին հերթին ԱՄՆ-ի ներքին լարվածությունը, որն առաջացել է Թրամփի եւ ԱՄՆ վերնախավի միջեւ: Թրամփն ամեն օր ստիպված է ապացուցել, որ Պուտինի շնորհիվ չի ընտրվել, պարտադրված է պաշտպանվել այդ տիպի մեղադրանքներից՝ ցուցադրելով կոշտ դիրքորոշում Ռուսաստանի հանդեպ: Ըստ կանխատեսումների` այդ վիճակը կտեւի այնքան, որքան Թրամփը ԱՄՆ նախագահ է:

Բարեբախտաբար, Արեւմուտքը մեզ` Հայաստանին, չի հորդորում հայտարարել՝ «ա՜խ, ինչ վատն են ռուսները, թունավորել են Սկրիպալին»: Ռուսներն էլ մեզ չեն ստիպում ասել՝ «ախ, ինչ վատն է Արեւմուտքը, դատարկ տեղը դիվանագիտական պատերազմ է սկսել»: Ավելին՝ Հայաստանի հարցում նրանք, ընդհանուր առմամբ, միակարծիք են, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում էլ համագործակցում են: Հուսանք՝ այդպես էլ կշարունակվի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Կարո Մելիքյան says:

    ԱՄՆ-ի կողմից, Հայաստանին տրվող ամենամյա օգնության չեղարկումը՝ իսկապես, որ մեզ ”հանգիստ” էն թողել…

  2. Կարո Մելիքյան says:

    Դժբախտաբար,մենք այդ մուրդրամի կարիքը կունենանք այնքան ժամանակ,քանի դեռ մեր իշխանավորները իրենց համարում են միակն ու անփոխարինելին…

    • Հ.Շ. says:

      մուրդրամ ? բնաւ. դա իրենց տարրական պարտքն է, մեզի հանդէպ իրենց պարտաւորութեան դեռ մի չնչին մասը միայն. որպէս վնասուց հատուցում. (իշխանաւորերը կու գան ու կ’երթան, ուշ կամ կանուխ, սա հաստատ, ստոյգ բան է. Պետութիւնը միայն յաւերժական է.)

  3. Ruben says:

    Քանի որ Արեւմուտքն ու Ռուսաստանը խորացնում են իրենց հարաբերություններում առաջացած անդունդը, անհրաժեշտ է Ղարաբաղյան հանճարների՝ Ռուսաստանաբնակ Ռոբերտ Քոչարյանի (Պուտինի «ընկեր») եւ Սփյուռք Աշխարհի ու ՀՀ քաղաքացի Սերժ Սարգսյանի միջնորդությունը: Միայն նրանք կարող են փրկել աշխարհը, դոշների կապույտ անմոռուկը վկա…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031