Այս տարի անասնակերի պակասի պատճառով շատ գյուղացիներ մտադիր էին անասունների զանգվածային մորթ սկսել: Չնայած, որ գյուղնախարար Իգնատի Առաքելյանը հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում անասնակեր կներկրեն, սակայն որոշ գյուղացիներ մորթեցին իրենց անասուններին ու միսը վաճառեցին:
Այսօր Aravot.am-ի հարցին ի պատասխան, սա հաստատեց նաեւ պարոն Առաքելյանը:
Պարոն նախարարից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս լուծվեց անասնակերի հարցը, արդյոք դեֆիցիտը փակելու համար անասնակեր ներկրեցին: Ի պատասխան, Իգնատի Առաքելյանն ասաց, որ ներկրման կարիք չեղավ, քանի որ դա բավականին թանկ կնստեր ֆերմերների վրա: Բացի այդ, ըստ նախարարի, ֆերմերը տեսնելով մսի գնի բարձրացումը գերադասեց սպանդի ենթարկել իր այն կենդանիներին, որոնք կաթի առումով արդյունավետություն չէին ապահովում՝ դրանով կարգավորելով իր տնտեսության կերի պահանջարկը:
Այսօր գյուղատնտեսության նախարարությունն ու Եվրամիության «Եվրոպական հարեւանության գյուղատնտեսության եւ գյուղական շրջանների զարգացում» ծրագրի պատասխանատուները նոր ծրագրի մասին հայտարարեցին, որով մեր երկրում բարելավելու են անասնակերի մատակարարումն ու կաթնամթերքի վերամշակումը ընդլայնելու են: Նախարարի խոսքով, այսպես ասած՝ քարտեզագրելու են այն տարածքները, որտեղ անասնակեր է աճում, խորհուրդներ են տալու, որ տարածքում ինչ տեսակի անասնակեր աճեցնել, որպեսզի արդյունավետ լինի, հաշվելու են արդյոք պահանջարկն ու առաջարկն իրար համապատասխանո՞ւմ են եւ այլն:
Aravot.am-ի այն հարցին, թե կարծո՞ւմ եք քարտեզագրումից հետո անասնակերի հարցը կլուծվի՞, այն դեպքում, երբ մի շարք բնակավայրեր ոռոգման լուրջ խնդիրներ ունեն եւ խոտի բացակայությունը շատ դեպքերում հենց դրանով է պայմանավորված, պարոն Առաքելյանը պատասխանեց. «Մենք ունենք այսօր ոռոգման խնդիր, բայց մեր հիմնական խոտածածկ տարածքները անջրդի են, այսինքն՝ բնական ոռոգման տակ են գտնվում, ուղղակի մենք այստեղ պետք է հասկանանք ինչ ցանենք այդ պայմաններում կամ ոնց բարելավենք մեր արոտների որակը»:
Եվրամիության ծրագրի ներկայացուցիչ Ռայմոնդ Յելեն, ասաց, որ ծրագիրը կնպաստի կաթնարտադրության ոլորտում ճիշտ կողմնորոշվել որ շղթայում ներդրումներ անել, նաեւ ասաց, որ համեմատած այլ երկրների, Հայաստանում կաթի սպառումը մեկ բնակչի հաշվով ցածր է եւ, հետեւաբար, պահանջարկ կա ու կաթի արտադրության ծավալները պետք է ավելացնել:
Պարոն Ռայմոնդ Յելենին հարցրինք, թե ինչ ուսումնասիրությունների հիման վրա են հիմնվել, որ հասկացել են կաթի արտադրության պահանջարկ կա: Հարցրինք նաեւ, թե գուցե աղքատության մակարդա՞կն է մեր երկրում բարձր եւ մարդիկ չեն կարողանում կաթ գնել:
Պարոն Յելեն հղում անելով գյուղոլորտի պատասխանատուների հաշվարկներին, ասաց, որ մեր երկրում կարող է սպառվել տարեկան 100 հազար տոննա կաթ, բայց արտադրվում է 80 հազար տոննա եւ 20 հազար տոննայի պահանջարկ կա:
Իգնատի Առաքելյանը հավելեց. «Միգուցե կաթնամթերքի արժեքն է բարձր եւ դրա համար է սպառումը ցածր եւ դրա համար մեզ մոտ քիչ է արտադրվում, բայց այդքան էլ այդպես չէ, որովհետեւ մեր արդյունավետությունն է ցածր, ինչի պատճառով կաթի գինն է բարձր: Հիմա, եթե մենք կարողանանք այս ուսումնասիրության արդյունքում գտնենք մի բանաձեւ, որով ասենք, որ ճիշտ կերակրելով դուք կարող եք ավել կաթ ստանալ եւ արդյունքում կաթի արժեքը նվազի, կբերի սպառման ծավալների մեծացման:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ


















































